Մեկնաբանություն

26.09.2019 14:30


Մի թանկարժեք լուսանկարի պատմություն

Մի թանկարժեք լուսանկարի պատմություն

Թանկարժեք ինքնաթիռային վոյաժների մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է այս նկարն ու կից գրություն թողել. «Լուսանկարվեցինք ԱՄՆ նախագահի և Առաջին տիկնոջ հետ»։

Համացանցում բազմաթիվ ապացույցներ կան, որ Նիկոլն ու Աննան իրականում նկարվել են ոչ թե ԱՄՆ նախագահի ու յուր տիկնոջ հետ, այլ... նրանց մանեկենների, բայց դա էական չէ։

Ենթադրենք Նիկոլն ու յուր կինը, իրոք, նկարվել են Դոնալդի ու Մելանյայի հետ։ Հետո ի՞նչ։

Մոտ 400 հազար դոլար ծախսել, որպեսզի աննախադեպ թանկարժեք ու հաբռգած ինքնաթիռային տարբերակով հասնել ԱՄՆ, ոտանավոր արտասանել ամերիկահայության փոքրիկ հատվածի մոտ, չունենալ ոչ մի լուրջ հանդիպում ամերիկյան գործադիր կառույցների ու օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ, պարապ–սարապ պետբյուջեի հաշվին տժժալ ամերիկաներում, զբոսաշրջիկի պես նկարվել զոմբիների հիացական մայոցների ուղեկցությամբ, Հայաստանի համար ոչ մի օգտակար արդյունք չապահովել, ասուլիս տալ և բամբասել Հայաստանի նախկիններից ու նախկին թիմակցից, հոխորտալ եկեղեցու դեմ, մերկապարանոց հայտարարություններ անել թալանվածի ու հարուցված գործերի պահով, դատարկախոսությամբ փայլել ու ՄԱԿ–ի ելույթից առաջ սեփական անձի մասին 3–րդ դեմքով գրել, թե բա սպասում ենք վարչապետի ելույթին։ ՄԱԿ–ում էլ այնպես ելույթ ունենալ, որ թրոլինգի պակաս չլինի։

Սրա՞ համար էր 400 հազար դոլար ծախսվել։

Նախկին իշխանությունները, մեղմ ասած, մեր աչքի լույսը չեն եղել։ Երբ մենք Սերժ Սարգսյանին քննադատում էինք, Նիկոլ Փաշինյանը նրա մոտ հաճախորդ էր աշխատում։ Ընդ որում՝ «չերեզ» մեկ այլ «լուսավոր« հաճախորդ Էդմոն Մարուքյան։

Նախկիններին մենք քննադատում էինք, բայց նման ղալաթ նրանք չեն արել։ Նման լկտի ձևով իրենց չեն պահել։ Այսպես մսխել բյուջեն, մեկնել թանկարժեք վոյաժների ու հետո խոսել թալանի մասին, պարզապես փարիսեցիություն է։

Ինչպես որ փարիսեցիություն ու դեմագոգիա էր զոհված զինծառայողների հարազատներին ասելը, թե բա եթե բոլորիդ փող բաժանենք և «Մարտի 1»–ին սպանվածների հարազատների պես հսկայական գումարներ տանք ձեզ, ապա ինֆլյացիա կլինի։

400 հազար դոլարանոց ինքնաթիռային կայֆերից, փաստորեն, ինֆլյացիայի վտանգ չկա։ Չկա, քանզի այդ փողը դուրս է հանվում և հայտնվում Փաշինյանի ու յուր տիկնոջ բուրժուական պահանջները բավարարող դրսի ավիաընկերության հաշվի վրա։

Ահա, թե ինչ ենք ստանում այն իշխանության դեպքում, որը դատարկությունների հավաքածու է լինում։ Ստանում ենք ընդամենը թանկարժեք լուսանկար։ 400 հազար դոլարանոց։ Այն էլ՝ համացանցում քննարկում են, թե արդյոք Դոնա՞լդն է եղել, թե՞ իր մանեկենը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը