Հարցազրույց

25.09.2019 13:36


Փաշինյանին պետք է փոխարինի բոլորի համար ընդունելի և կայունություն ապահովող մարդ (տեսանյութ)

Փաշինյանին պետք է փոխարինի բոլորի համար ընդունելի և կայունություն ապահովող մարդ (տեսանյութ)

Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը հիշեցնում է 1997 թվականը, որովհետև 97 թվականին քաղաքական դաշտը բաժանվել էր երկու իրարամերժ հատվածների եւ այլեւս այդպես շարունակել հնարավոր չէր, եւ հասարակայնության մի զգալի հատված չէր ընդունում գործող իշխանությանը, եւ նաեւ իշխանության մեջ եղած մարդիկ հասկացան, որ այդպես շարունակել չի կարելի, ինչ-որ փոփոխություններ են անհրաժեշտ, եւ առաջին դեմքը պետք է փոխվի։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Եւ, ըստ էության, բերվեց դրսից մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը, որը այդ երկու կլանների անդամ չէր եւ որը, լինելով իշխանության թեկնածու, նաեւ ընդունելի էր ընդդիմության համար։ Դաշնակցության մի զգալի հատվածը բանտերով էր անցել, ԱԺՄ-ն հալածանքների էր ենթարկվել, մենք հիշում ենք՝ նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնում ուղիղ հեռարձակմամբ ծեծի էին ենթարկվում։ Բանտերում շատ լուրջ խոշտանգումներ են եղել, եթե այն ժամանակվա մամուլը բացեք, սարսափելի նկարագրություններ կան։ Եւ այդ ժամանակ քաղաքական փոփոխության պահանջ առաջացավ։ Եւ, այժմ, խնդիրն այն չէ, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, թե հրաժարական չի տա, խնդիրը իրավիճակն է։ Շատ ժամանակ իրավիճակն է թելադրում ապագա քայլերը»,-ասաց Դանիելյանը։

Նրա գնահատմամբ՝ 2018 թ. իշխանափոխությունը, ըստ էության, հանրությունը ոգեւորված ընդունեց, եւ նախկին իշխանությունները մի կողմ քաշվեցին եւ, ըստ էության, մինչեւ հիմա նրանք չէին խանգարում, որ գործող իշխանությունը ինչ-որ քաղաքական փոփոխություններ իրականացնի. «Սակայն խոստացված քաղաքական ռեֆորմները մենք չենք տեսնում՝ Սահմանադրության փոփոխություն, անցումային արդարադատություն, որը, իմ կարծիքով, այլ իմաստ պետք է ունենար, մի շարք կարևոր օրենքների փոփոխություն, տնտեսական կառուցածքի փոփոխություն, եւ այլն։ Բայց ամբողջ քաղաքական դաշտը եկել է Մարտի 1-ի խնդրի առջեւ է կանգնել, եւ մենք ամեն օր լուրեր ենք ստանում, ոնց որ ռազմաճակատից լուրեր լինեն։ Մենք խորը անցյալում ենք հայտնվել, 2008 թվականում ենք նորից ապրում։ Եւ այս առումով հանրությունը արդեն ռեալ բաժանվել է երկու հատվածի, եւ այդ հատվածներն արդեն գաղափարական բնույթ են ստանում։ Այսինքն մի կողմից այն ուժերը, որոնք 2008 թվականին մի կողմում էին գտնվում, այդ ուժերը նորից արդեն քաղաքականությունից դուրս են մնացել։ Կա կասկած Արցախի հարցում ներկա իշանության քաղաքականության վերաբերյալ, որ արդեն նաեւ գաղափարական հիմք է տալիս շատ մարդկանց համար չվստահել այս իշխանությանը, եւ դա շատ խորը եւ ցավոտ խնդիր է։ Սա նույնպես կարող է հասարակության մի կողմը մոբիլիզացնել մյուս կողմի դեմ եւ նաեւ այդ հատվածը դուրս գա իշխանության դեմ»։

Ըստ Դանիելյանի, Արցախի հետ են շատ բարդացել հարաբերությունները, գնալով բարդանում են, եւ հիմա արդեն խնդիրը Ռոբերտ Քոչարյանի անձը չէ, արդեն այստեղ այլ խնդիրներ են առաջանում։ «Այս առումով ես կարծում եմ, որ գործող իշխանությունը չկարողացավ հանրությանը մոբիլիզացնել քաղաքական փոփոխությունների շուրջ, որովհետև այդ փոփոխությունները տեղի չունեցան։ Եւ ոնց որ այս փոփոխությունների հիմքում Նիկոլ Փաշինյանի անձն է, որովհետեւ ինքը միանձնյա է որոշումներ կայացնում։ Եւ որքանով ես հասկանում եմ՝ նույն իշխանության շրջապատում կան նաեւ դժգոհություններ եւ իր այդ քայլերը նրանց համար հասկանալի չեն, եւ նրանք հասկանում են, որ պերմանենտ կոնֆլիկտների այս իշխանությունը այդքան ռեսուրս չունի դիմանալու։ Եւ մյուս կողմից էլ նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն է իջնում հանրության շրջանում։ Կարծում եմ՝ ինչպես 1997 թվականին իշխող քաղաքական էլիտան հասկացավ, որ պետք է փոփոխություն արվի, պետք է գա մի մարդ, որը այս կամ այն չափով բոլորի համար ընդունելի է եւ որը կարող է որոշ ժամանակաշրջան կայունություն ապահովել երկրում, մինչեւ տեղի ունենան նոր քաղաքական ընտրություններ, այսպես էլ ներկայիս քաղաքական էլիտան պետք է վարվի»։

Հարցին, թե արդոք կա՞ն թեկնածուներ, Դանիլյանը նշեց. «Գիտեք, ես նկարագրում եմ երեւույթը։ Ինչ վերաբերվում է նրան, թե կա՞ այդպիսի թեկնածու, թե չկա՞, իմ կարծիքով այսպիսի թեկնածուները բազմաթիվ են, նաեւ նույն իշխանության մեջ գտնվող մարդկանց ի նկատի ունեմ»։

Այս խորագրի վերջին նյութերը