Քաղաքական

24.09.2019 21:52


Սա գնահատում եմ որպես պրիմիտիվ ճնշումներ մամուլի նկատմամբ

Սա գնահատում եմ որպես պրիմիտիվ ճնշումներ մամուլի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար: Բանն այն է, որ այս երկու կայքում առավոտյան տեղեկություններ կային Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների հետ կապված, մասնավորապես, որ նա ճնշումների է ենթարկվել Մարտի 1-ի գործով, պարտադրել են ցուցմունք տալ Քոչարյանի եւ Գեղամ Պետրոսյանի դեմ, ինչը աղմուկի տեղիք տվեց համացանցում եւ ՔԿ-ն էլ որոշել է հրավիրել կայքերի խմբագիրներին՝ հարցաքննության։

«Հրապարակի» հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը նշեց, որ դեռ գրություն չեն ստացել․ «Մենք դեռ գրություն չենք ստացել։ Երբ կստանանք նախաքննական մարմնի ծանուցումը և կոնկրետ կիմանանք՝ ինչ կարգավիճակով ենք հրավիրվում հարցաքննության, կոնկրետ ինչ է ուզում իմանալ մեզնից նախաքննական մարմինը, միանշանակ օրենքով սահմանված կարգով մենք մեր աշխատանքը կիրականացնենք։ Բայց եթե նախաքննական մարմինը այս ճանապարհով փորձում է աղբյուր բացահայտել, դա մոռացեք, որովհետև «Ժողովուրդ» օրաթերթը երբեք՝ ոչ այս դեպքում, ոչ էլ առհասարակ որևէ դեպքում աղբյուր չի բացահայտել։ Իսկ մնացածի վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո պաշտոնապես կհրապարակենք։ Այն, ինչ մենք հրապարակել ենք, ես դրանցից յուրաքանչյուրի տակ ստորագրում եմ, այսինքն որևէ խնդիր չունենք»։

Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը ևս նշեց, որ որևէ պարագայում աղբյուր չի բացահայտվելու․ «Քիչ առաջ ինձ զանգահարեցին, հրավիրեցին իրենց մոտ, ասացի, որ ես չեմ պատրաստվում որևէ տեղ ներկայանալ։ Ես պատրաստ էի հեռախոսով փոխանցել իմ ասելիքը, սակայն իրենք հարկ համարեցին, որ գան և գրավոր արձանագրեն։ Եվ իմ պատասխանը մեկն է՝ ըստ Զանգվածային լրատվության գործունեությունը կարգավորող օրենսդրության՝ ես իրավունք ունեմ աղբյուրները չբացահայտել, հետևաբար դրան ավելացնելու որևէ բան չունեմ։ Ի՞նչ տարբերություն՝ իմ լրագրողն է գրել , թե ես։ Այս պարագայում ես պատասխանատվությունը վերցնում են իմ վրա։ Առհասարակ՝ նման պրակտիկա երբեւէ չի եղել՝ անցյալում բազմաթիվ նման հրապարակումներ ենք արել։ Ես սա գնահատում եմ որպես պրիմիտիվ ճնշումներ մամուլի նկատմամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը