Լրահոս

28.04.2010 12:41


Կարինե Դանիելյան. «Ի՞նչ եղավ, որ հանկարծ...»

 Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե  Մոսկվա կինոթատրոնի ամառային կինոդահլիճը քանդելու և նրա տեղում եկեղեցի վերակառուցելու վերաբերյալ ինքը դիրքորոշում չունի, քանի որ լրացուցիչ ինֆորմացիայի կարիք ունի։

-Ինձ երկու հարց հասկանալի չէ. թե ինչու եկեղեցին  ակտիվորեն չի ներկայացնում իր դիրքորոշումը,  և չի բացատրում, որ հիմքում կան պահպանված հին եկեղեցու հիմքը, այնտեղ կան և՛ խաչքարեր, և՛ ամբողջ պատմական շերտ կա, որը հենց հիմք է հանդիսացել, որ եկեղեցին ուզենան այդտեղ վերակառուցել։ Ինձ զարմացնում է, որ եկեղեցին իր դիրքորոշումը ակտիվ  չի ներկայացնում հանրությանը։ Եվ երկրորդը՝ ինձ համար հասկանալի չէ, թե ի՞նչ եղավ ճարտարապետներին։ Այս բոլոր տարիների ընթացքում դիմել ենք  Ճարտարապետների միությանը, առանձին մարդկանց, որ էկոլոգիական աղետի է վերածվել քաղաքը՝ և՛ կանաչ տարածքներն են վերանում, և՛ պատմական մշակութային  օբյեկտներն են վերանում այդ այսպես կոչված քաղաքաշինության հետևանքով։ Եվ ոչ ոք մեր կողքին չի կանգնել։ Ի՞նչ եղավ, որ հանկարծ հիմա այդ խնդիրը  այդպիսի լայն արձագանք ստացավ։ Ես դեռ ինձ համար այդ հարցերը չեմ պարզել և դրա համար միանշանակ պատասխանել չեմ կարող,-ասել է նա։

Ըստ Կարինե Դանիելյանի՝ այսօր Հանրային խորհուրդն այդ հարցի վերաբերյալ քննարկումներ է անցկացնելու, և հնարավոր է, որ ինքը այդ քննարկումներից հետո կարողանա կողմնորոշվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը