Մեկնաբանություն

18.09.2019 11:01


Ում դեմ է իրականում կռիվ տալիս Փաշինյանը

Ում դեմ է իրականում կռիվ տալիս Փաշինյանը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստում նշել էր թիվ մեկ պատճառը, թե ինչու է հեռանում։ Ու կապ չունի, թե արդյոք ի՞նքն է հեռացել, թե՞ իրեն հեռացրել են։

Պատճառը խորքային է։ Պետական օրգանիզմը չի ընդունում Նիկոլ Փաշինյանին որպես ղեկավար, ինչպես որ մարդու օրգանիզմն է պայքարում օտար մարմնի դեմ։

Փաշինյանի կռիվն, ըստ այդմ, ոչ այնքան Վանեցյանի, Օսիպյանի, մյուս պաշտոնյաների և այլոց հետ է, որքան մեր պետության։

«Ժողովրդի» վարչապետի խնդիրն այն է, որ իր մեջ երկու մարդ է նստած։ Պոպուլիստ–հեղափոխական Նիկոլը և վարչապետ Փաշինյանը։

Պոպուլիստ–հեղափոխականը մշտապես ուզում է թատերական ներկայացումներ և քրեական պատմություններ հրամցնել ամբոխին։ Այլ բանի ինքն ընդունակ չէ։ Դրա համար նա հրահանգներ է տալիս ուժային կառույցներին, դատարաններին ու մյուսներին, որպեսզի նրանք շոուի «մատերիալ» ապահովեն։ Պետությունը, սակայն, վարչապետ Փաշինյանին «ո՛չ» է ասում՝ պնդելով, որ հնարավոր չէ ապօրինությունների գնալ, քանզի վերջում կդատվեն բոլորը։

Վարչապետ Փաշինյանը հասկանում է, որ պոպուլիստ–հեղափոխական Նիկոլը, պատկերավոր ասած, իր գլուխն ուտելու է, բայց ամբոխի ալիքը տանում է իրեն ու նա չի կարողանում կանգ առնել։ «Կա՛նգ առ» կոչը, թերևս, այս ամենին էր վերաբերում։

Վարչապետ Փաշինյանին նյարդայնացնում են «փողոցային» Նիկոլն ու անգրագետ պողոսները, բայց նա զգում է, որ միևնույն է յուրային չի դառնալու պետության համար։ Դա է պատճառը, որ նա մնում է իրեն հոգեհարազատ պոպուլիստ–հեղափոխականի դերում ու պետության դեմ կռիվ տալիս։

Երբ նա հայտարարում էր, որ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, իրականում դա նշանակում էր, որ կա՛մ ես կունենամ իշխանություն Հայաստանում, կա՛մ Հայաստանը չի լինի։

Հիմա նա ամեն ինչ անում է, որ պետությունը լինի իր հագով, իր պատկերով ու նմանությամբ։ Պետությունը դիմադրում է։ Նիկոլն էլ է դիմադրում և չի ուզում նահանջել։ Նա գիտի, որ դուրսպրծուկ է համարվում պետական կառավարման համակարգում։ Դա է պատճառը, որ ուզում է շվոնդեր–շարիկովներով լցնել ամբողջ համակարգը, այդ թվում՝ ուժային կառույցները։

Այս ամենն առանց հետևանք չի մնալու։ Հարցն այն է, թե երբ և ինչպես է պատժելու պետությունը Նիկոլ Փաշինյանին։ Նաև՝ հայ ժողովրդի այն մասին, որը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես են պետությունը սարքել լուցկու տուփ և խաղում հետը։

Փաշինյանի ու ՀՀ–ի պայքարը դաժան է։ Դա նման է կրակի ու անձրևի պայքարին։ Այսինքն՝ ավարտվելու է կրակի մարմամբ։ Հարցն այն է, թե մինչև մարելը կրակն ինչպիսի՞ ավերածություններ կգործի և արդյոք դրանք կլինեն անդառնալի՞, թե՞ պետությունն իր ինքնապաշտպանական մեխանիզմներով թույլ չի տա դա։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը