Հարցազրույց

07.09.2019 00:04


«Փոխհատուցում պետք է վճարեն արյունահեղության մեղավորներն ու հրահրիչները»․ Գագիկ Համբարյան

«Փոխհատուցում պետք է վճարեն արյունահեղության մեղավորներն ու հրահրիչները»․ Գագիկ Համբարյան

Կառավարությունն օրերս որոշում կայացրեց փոխհատուցում տրամադրել 2008թ. մարտի 1-ի իրադարձության զոհերի հարազատներին եւ վիրավորներին: Այս կապակցությամբ զրուցեցինք ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

-Պրն Համբարյան ինչպես եք գնահատում կառավարության այս որոշումը: Ճի"շտ եք այն համարում եւ եթե այո, ապա ինչո"ւ:

-Միանգամից ասեմ, որ միանշանակ կողմ եմ, որ զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրվի, որ փոխհատուցում ստանան տուժածները, ընդ որում, բոլորը, անկախ նրանից, թե ողբերգական դեպքերի ժամանակ, որ կողմում են եղել: Այսուհանդերձ, ես դեմ եմ, որ փոխհատուցումը վճարվի պետության բյուջեից: Վստահ եմ, որ շատ ավելի արդարացի եւ ճիշտ կլիներ, եթե մենք սպասեինք, եւ տեսնեինք, թե դատարանն ինչ որոշում է կայացնում: Մենք, ի վերջո, պետք է իմանանք, թե ում մեղքով եւ ում գործողությունների հետեւանքով եղան զոհերն ու վիրավորները, ովքեր էին մարդասպանները եւ հրահրիչները: Իսկ երբ դատարանը կորոշի մեղավորներին, ապա հենց նրանք էլ պետք է վճարեն այդ փոխհատուցումը:

-Բայց այսօր, կարծես թե իրավապահ մարմինները նման խնդիր չեն դնում:

-Իսկապես, մարդկանց մեջ թյուր կարծիք կա, թե ՀՔԾ-ն, իրավապահները փորձում են պարզել մեղավորներին, եւ որ դրա համար է կալանավորված Ռոբերտ Քոչարյանը, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Տպավորություն է, որ իշխանությունները խնդիր են դրել ազատությւոնից զրկել Ռոբերտ Քոչարյանին եւ հանրությանը թյուրիմացության մեջ գցել, թե նա կալանքի տակ է հենց զոհերի եւ վիրավորների համար: Իսկ իրականությունն այն է, որ քրեական գործում տող չկա զոհերի եւ վիրավորների մասին: Սրա մասին ուզում եմ հատուկ շեշտել:

-Մարտիմեկյան իրադարձություններից տուժածների համար գումար գտնվեց, իսկ երբ հերթը հասնում է սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածներին եւ վիրավորներին, ասում են բավարար գումար չկա: Ինչո՞վ է սա պայմանավորված:

-Ես կողմ եմ, որ առնվազն այն չափով, որ չափով որ օգնություն է տրամադրվելու մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին եւ նրանց ընտանիքներին, նույնաչափ օգնություն, փոխհատուցում հատկացվի հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հարազատներին եւ վիրավորվածներին: Ընդ որում, եթե առաջին դեպքի համար նշեցի, որ փոխհատուցումը չպետք է բյուջեից տրամադրվի, ապա այս դեպքում, երբ խոսքը զինվորի մասին է, պետք է փոխհատուցումը նույն 30 եւ 15 միլիոնի չափով տրամադրվի պետբյուջեից:

-Իսկ ինչ հետեւանք կունենա մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում տրամադրելու որոշումը:

-Կրկնում եմ, որ միանշանակ կողմ եմ փոխհատուցման տրամադրմանը, բայց ոչ բյուջեի հաշվին: Բացատրեմ նաեւ, թե ինչու: Հիմա Սարի թաղի դեպքերից տուժածները, Էլեկտրիկ Երեւանի ժամանակ տուժածները, 1996թ. սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից հետո տուժածները կարող են հանգիստ դիմել դատարան եւ նույնաչափ գումարով փոխհատուցում պահանջել եւ որեւէ տրամաբանական ոչ այս դեպքում չի կարող լինել:

-Ի վերջո, ինչո՞ւ մարտիմեկյան իրադարձություններից տուժածներին փոխհատուցում վճարելու համար գումար գտնվեց, իսկ զինվորների համար չի գտնվում:

-Պարոն Փաշինյանն իրեն այդ իրադարձությունների համար մեղավոր է զգում եւ դրանով փորձում է քավել իր մեղքը: Մյուս կողմից, փոխհատուցում վճարելով, նա գուցե կարծում է, որ այդ մարդիկ դատական պրոցեսի ժամանակ կտան այն ցուցմունքները, այն վկայությունները, որը եւ ցանկանում են լսել իշխանությունները: Այլ կերպ ասած, սա կարող է եւ դիտվել որպես կաշառք: Այդ իսկ պատճառով կրկնում եմ, որ փոխհատուցում պետք է վճարվի նրա կամ նրանց գրպաններից, ովքեր մեղավոր են եղել արյունալի դեպքերի համար: Չպետք է շտապել եւ պետք է սպասել այնքան մինչեւ դատարանը կմատնանշի կոնկրետ մեղավորներին:

Աղբյուրը՝ top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը