Լրահոս

23.04.2010 16:59


Ռուբեն Մելքոնյան. «Պետք է ծանրութեթև անենք՝ մեզ բարոյակա՞ն, թե՞ այլ փոխհատուցում է անհրաժեշտ»

Ռուբեն Մելքոնյան. «Պետք է ծանրութեթև անենք՝ մեզ բարոյակա՞ն, թե՞ այլ փոխհատուցում է անհրաժեշտ»

-Թուրքիայում ամենաքննարկվող թեման նախագահի և կոալիցիայի հայտարարությունն է, և կարծում եմ, որ թուրքական քաղաքական մեքենան այժմ համարժեք պատասխանի փնտրտուքի մեջ է,- «Փաստարկ» ակումբում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և հավելել, որ իր կարծիքով պատասխանը շատ կոշտ չի լինի։

Թուրքիայում ավանդաբար որոշակի լարվածություն է առաջացնում նաև ապրիլի 24-ը, ինչի վկայությունն է նաև այս օրերին Երևանում գտնվող թուրք լրագրողների հոծ բազմությունը։ Նա նշել է, որ այս օրերին, Ցեղասպանության հետ կապված, Թուրքիան նախապատրաստական քայլեր է անում, որոնք մեծ մասամբ իմիտացիոն և ոչ անկեղծ բնույթի են։ Առաջին նման քայլերից են Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու խաչի տեղադրման հարցի ակտիվացումը և այդ եկեղեցում տարվա մեջ մեկ անգամ պատարագ անցկացնելու իրավունքի թույլտվության հարցը։ Երկրորդ քայլը Ստամբուլում մի խումբ մտավորականների կողմից ապրիլի 24-ին նվիրված ակցիայի անցկացումն է՝ «Սա մեր ընդհանուր ցավն է խորագրով»։

-Իհա՛րկե, սա կարևոր քայլ է Թուրքիայում, սակայն պետք է մի փոքր ավելի զգույշ մոտենալ հարցին, քանի որ սա իրականում Ցեղասպանության ճանաչում չէ,- ասել է Ռ.Մելքոնյանը և հավելել, որ այդ մտավորականները «Ներողություն եմ խնդրում» ակցիայի նախաձեռնողներն էին, որը շատ կարճաժամկետ կյանք ունեցավ, և որի անդամներից մեկը նշել է, որ իրենց ակցիան միտված էր ի պաշտպանություն թուրքական պետականության շահերի։ Երրորդ քայլն այն է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը դեսպանատներին հանձնարարել է ակտիվ աշխատել Հայկական սփյուռքի հետ, որով Թուրքիան նպատակ ունի սեպ խրել Հայաստանի և Սփյուռքի միջև։

Ռուբեն Մելքոնյանը կարծիք է հայտնել նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքում այս տարի ևս չի հնչի «ցեղասպանություն» բառը, սակայն նախագահի հայտարարությունն, ըստ թուրքագետի, զգալիորեն թուլացրեց իբրև թե շարունակվող հայ-թուրքական հարաբերությունների վրա հենվելով «ցեղասպանություն» բառը չարտասանելու հավանականությունը։

Նա նշել է, որ առավելապես պետք է մտածել Ցեղասպանության ճանաչումից հետո հետևանքների իրավական կողմի մասին։

-Հաագայի դատարան կդիմենք, թե ՄԱԿ-ի կամ այլ կառույցի՝ արդեն կորոշի մասնագիտական հանրությունը, բայց կարծում եմ՝ մենք ավելի շատ պետք է մտածենք այդ ուղղությամբ։ Մենք պետք է ծանրութեթև անենք՝ մեզ բարոյակա՞ն հատուցում է անհրաժեշտ, թե՞ այլ փոխհատուցում,- նշել է Ռ.Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է փոխհատուցման տեսակին, նա նշել է, որ դա պետք է որոշեն իրավաբանները և մասնագետները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը