Խմբագրական

17.04.2010 21:25


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 4

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 4

սկիզբը՝ տե՛ս

Ոչ մասնագիտական դիտարկում անող ՀՀ քաղաքացին կարող է մտածել, թե այսօր խոշոր բիզնեսն իրեն լավ է զգում, ու միայն փոքրն ու միջինն են ծանր վիճակում, սակայն դա մասամբ է այդպես։ Այո՛, համեմատաբար և առայժմ խոշորն իրեն պաշտպանված է զգում։ Բայց կրկնեմ՝ համեմատաբար և առայժմ։ Այս պահին փոքր ու միջինը կորցնելու բան չունեն «շղթաներից» բացի, ինչը չես ասի խոշորի համար. վերջինս շատ բան կարող է կորցնել։

Եվ ընդհանրապես՝ եթե երկրում տնտեսական ճգնաժամ է, ապա բիզնեսի ոչ մի շերտ չի կարող իրեն լավ զգալ։ Ավելին՝ եթե երկրում հեղափոխական վիճակ է, որը նախաձեռնել է իշխանությունը, ապա խոշոր կապիտալն ավելի խոցելի է դառնում։

Հեղափոխությունը վատ բան չէ։ Եթե երկրում հեղափոխական բնույթի տրանսֆորմացիաներ լինեն, որի արդյունքում մենք կգնանք դեպի բաց և ժողովրդավարական տնտեսաքաղաքական համակարգի կառուցմանը, ապա ես կողջունեմ նման հեղափոխությունը՝ անկախ այդ հեղափոխության վերևից կամ ներքևից նախաձեռնած լինելու հանգամանքից։ Բայց եթե հեղափոխությունը բոլշևիկյան և կուլակաթափության գաղափարախոսության ներքո է, ապա դա ողջունելի չէ, քանի որ վատից կգնանք ավելի վատի ուղղությամբ։ Այժմ նման վիճակ է մեզանում։ Ու քանի որ սերժսարգսյանական «բարեշրջումները» թուրքմենբաշիական տրամաբանությամբ են, հետևաբար հիմնական թիրախը դառնում է խոշոր բիզնեսը. հայկական «թուրքմենբաշին» ուզում է 20-30 ընտանիքների կլանը փոխարինել մեկ կլանով։ Պատահական չէ, որ նյուվասյուկիստ Տիգրան Սարգսյանն առավոտից-երեկո խոսում է խոշոր բիզնեսի դեմ։ Դա PR չէ, ինչպես շատերն են կարծում։ Դա հստակ ծրագիր է, ինչպիսին որ ունեին բոլշևիկները 1917 թվականին։

Հարուստներն էլ են լաց լինում

Քանի որ մեզանում տարածված են կարծրատիպային պատկերացումները, ուստի հանրության լայն շրջանակները դեռ չեն տարանջատում իշխանության վերին օղակներին ու խոշոր բիզնեսին, և չեն ֆիքսում խորքային գործընթացները։

Երբ պետությունը ցանկություն է հայտնում պայքարել խոշորի դեմ, գրեթե բոլորը միաբերան պնդում են, թե իշխանությունները իմիտացիա են անում։ Արդյունքում ստացվում է, որ տիգրանսարգսյանները լավ բաներ են ասում, բայց ձև են թափում ու չեն անի։ Այդպիսի մտածողությամբ մարդիկ, կամա, թե ակամա, աջակցում են սերժսարգսյանական «մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրերին։

Տեսե՛ք. եթե հանրային բանավեճը ծավալվում է «ասում են, բայց կանե՞ն, թե՞ չեն անի»-ի շուրջ, ապա իշխանությունը յուրօրինակ քարտ-բլանշ է ստանում, օգտագործում է հանրության մակերեսային դատողություններն ու բավարարում լյումպեն–պրոլետարիատի «արյուն տեսնելու ծարավը»՝ սեփականության վերաձևում և ամբողջական յուրացում իրականացնելու համար։ Եթե դեմ ես դուրս գալիս այդ ամենին, ապա անմիջապես գործի է դրվում շարիկովյան ոճի իշխանական դեմագոգիան. «Դուք դե՞մ եք, որ այսինչը կամ այնինչը թիրախ դառնա, տեղափոխվի հարկման դաշտ։ Չէ՞ որ դա հանրային պահանջ է»։ Տնտեսության ազատականացմանը կողմ ենք, բայց դրան հասնելու ճանապարհը բիզնեսի «դիակների» վրայով չպետք է լինի։ Նման նախադեպ չկա աշխարհում, որ բիզնեսին պատերազմ հայտարարվի ու ժողովրդավարություն կառուցվի։ Աշխարհում ճիշտ հակառակ նախադեպերը կան, երբ բիզնեսին պատերազմ է հայտարարվում, որպեսզի գերավտորիտար ռեժիմ ստեղծվի։

Մեզ պետք է հետաքրքրի այն հարցը, թե քոչարյանական համակարգը կազմաքանդելուց հետո ի՞նչ է կառուցվելու։ Այ այդ մասին իշխանությունը և, մասնավորապես, վարչապետը լռում են, թաքնվում են «թոշակ ենք բարձրացնում» լոզունգի տակ և խուսափում իրական բանավեճից, որովհետև իրական բանավեճի ժամանակ շատ արագ կբացահայտվի իրենց թուրքմենբաշիական էությունը և բոլշևիկյան մտածելակերպը։

Անշու՛շտ, քվոտայավորված տնտեսական համակարգը պետք է փոխարինվի ազատ շուկայով, բայց եթե քվոտաներից օգտվողների սիմվոլների վերածված մի քանիսը դաշտից դուրս բերվեն ու դրա տեղը միայն Սերժ Սարգսյանն ու իր շատ նեղ, բարեկամական շրջապատը մնա, ապա մենք երանի կտանք Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի ժամանակներին։

Եվ ուրեմն հանրային քննարկումների շեշտադրումները պետք է փոխել, որը հետևյալ ֆորմատում պետք է լինի. «Այո՛, օլիգարխիկ համակարգը պետք է ապամոնտաժել և ստեղծել բաց համակարգ, բայց դա չի նշանակում, որ պետք է թիրախ դարձնել բիզնեսի որևէ շերտի, որը զգալով վտանգը, պարզապես կարտահանի իր կապիտալը Հայաստանից կամ կդադարեցնի իր գործունեությունը, ինչից երկիրը բացարձակապես չի շահի։ Ավելին՝ կտուժի։ Հետևաբար՝ «մեկ օլիգարխի տնտեսությունը», որն ուզում է կառուցել Սերժ Սարգսյանը, ներկայիս համակարգի ավելի վատ տեսակն է, որը չպետք է թույլ տալ»։

Միգուցե այս պահին այնքան էլ ակնառու չէ խոշորի դժգոհությունը, բայց վաղն ամեն ինչ բացահայտ կդառնա։ Եթե փոքրն ու միջինը ջախջախվում են պետության կողմից (իսկ դա խոստովանում են նաև իշխանությունները), ապա մի օր հերթը խոշորին էլ կգա, և խոշորը դա արդեն հասկանում է։ Պատահական չէր, որ նրանք իսկական կռիվ տվին նախագահական ապարատի դեմ, երբ ԱԺ-ում ներկայացվում էր «չեկիստական» որակված օրենքը, որը նախատեսում էր մասնավոր սեփականության փաստացի կառավարում պետության ներկայացուցչի կողմից։ Խոշոր բիզնեսը զգաց, որ իշխանությունն աչքը տնկել է իրենց ունեցվածքի վրա։ Զգաց ու դիմադրեց։ Ուժ տեսնելով՝ իշխանությունը, ատամները սեղմելով, տեղի տվեց ու գնաց կոմպրոմիսի։ Դրանից հետո երկու կողմն էլ ֆիքսեցին, որ սա առաջին, բայց ոչ վերջին բախումն է։ Դուելը դեռ առջևում է։

Պատահական չէ նաև այն, որ ԱԺ-ի գործարար շրջանակները պարբերաբար դեմ են արտահայտվում Տիգրան Սարգսյանի կառավարության ներկայացրած այն օրենսդրական փաթեթներին, որոնք փոքր ու միջին բիզնեսին կարող են հարվածել։ Նախկինում նման բան չկար։ Իսկ հիմա խոշոր բիզնեսն, իր շահերից ելնելով, ձգտում է գործընկեր դարձնել փոքր ու միջին բիզնեսին, որը հասարակության ամենամեծաքանակ և ամենամոբիլ շերտն է, օժտված է էլեկտորալ գերբարձ ակտիվությամբ և ունի գործող ռեժիմը փոխելու մեծ պահանջ։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է եզրակացնել, որ այն քաղաքական ուժը, որը կկարողանա համադրել բուրժուազիայի բոլոր շերտերի շահերը, առաջարկել խաղի նոր կանոններ և պետության անվտանգության հարցերում (Արցախի հարց, հայ-թուրքական հարաբերություններ, արտաքին կուրսի վեկտոր և այլն) առաջնորդվել հայաստանակենտրոն կոդերով, միանշանակ կդառնա քաղաքական դաշտի լիդերը։

Տիգրանսարգսյանական դեմագոգիան

Սերժ Սարգսյանի և նրա գործիք Տիգրան Սարգսյանի պատկերացրած սոցիալական արդարությունն այն է, երբ բացի իրենցից բոլորը հավասարապես վատ են ապրում։ Այսինքն, ճիշտ այն մոտեցումն է, որը կար համայնավարների օրոք։ Վերջերս վարչապետը հենց այդ հայեցակարգից ելնելով է խոսում։ Տ. Սարգսյանն, ըստ էության, ոչ թե ասում է, թե փոքր ու միջին բիզնեսը վատ օրի են, ու նրանց պետք է օգնել, այլ ասում է, թե խոշորը վատ վիճակի մեջ չէ, և դա արդար չէ։ Վարչապետն այժմ փարիսեցիաբար խոսում է փոքր ու միջին բիզնեսը պաշտպանելու օգտին ու նրանց դարդն է անում, սակայն դրանք կոկորդիլոսի արցունքներ են։ Դա նույնն է, որ մարդուն սպանես, իսկ հետո գնաս նրա թաղմանն ու հոնգուր–հոնգուր լացես։

Փոքր ու միջին բիզնեսը վատ վիճակում են հայտնվել ոչ թե և ոչ այնքան ստուգումների, որքան Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի նախաձեռնած այն օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնցով գրեթե վերացվեցին պարզեցված հարկն ու հաստատագրված վճարի ինստիտուտը, և ՀԴՄ պարտադրվեց փոքրին ու միջինին այն դեպքում, երբ փաստաթղթաշրջանառության հարցերն ամբողջությամբ չէին լուծվել։

Այժմ տեսնելով, որ իրենց արածի արդյունքում մանր ու միջին ձեռներեցությունը կաթվածահար է եղել, վարչապետը փորձում է խուսափել պատասխանատվությունից և հետին թվով քծնում է բիզնեսի այդ շերտին։ Սա իսկական դեմագոգիա է։ Բացի այդ՝ բոլորն են հասկացել, որ փոքր ու միջին բիզնեսը, ամեն ինչից զատ, նաև լուրջ էլեկտորալ պոտենցիալ ունի և փորձում են իրենց կողմը գրավել այդ շերտին։ Իշխանությունները տեսան, որ խոշորի դեմ պայքարում իրենք ամենազոր չեն և չեն կարողանում «չեկիստական» օրենքները հեշտությամբ անցկացնել, ուստի որոշել են հանրային թամաշայի տեսք տալ իրենց բոլշևիկյան ծրագրերին ու գործընկեր դարձնել իրենց իսկ կողմից տեռորի ենթարկված փոքր ու միջին բիզնեսի շերտին, որպեսզի լրացուցիչ հանրային ռեսուրս ներգրավեն։ Բայց դա չի ստացվելու, քանի որ ազգային բուրժուազիայի բոլոր շերտերն այս իշխանություններին դասակարգային թշնամի են համարում և սպասում են հարմար պահի, որպեսզի իրենց քաղաքական վերաբերմունքն արտահայտեն Սարգսյանի վարչակարգի նկատմամբ։

Ռեակցիոներների վերջին ճիգերը և թրքաբոլշևիզմի մետաստազները

Լյումպենին միգուցե դուր գան Սարգսյան-Սարգսյան զույգի կուլակաթափության կոչերը, բայց այդպիսի կոչեր նաև բոլշևիկներն էին անում, և լյումպեն պրոլետարիատի ստորին բնազդներն օգտագործելով՝ կուլակաթափության գնացին, բայց այդ նույն պրոլետարիատին բան չհասավ, և նրանց կյանքն ավելի վատացավ, իսկ հետո գործը հասավ գուլագային ռեպրեսիաներին։

Իրականությունն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանություններն ունեն բոլշևիկյան մտածելակերպ, որը չի հանդուրժում իր տոտալ վերահսկողությունից դուրս գտնվող որևէ բիզնես շերտ։ «Մեծ բյուջեի» քաղաքականությունն այն գործիքն է, որով «մեր» տնաբույծ բոլշևիկները փորձելու են իրականացնել իրենց ծրագրերը։ Տիգրան Սարգսյանը վարչապետ է նշանակվել հենց այդ առաքելությամբ, ինչն արդեն հնարավոր չէ թաքցնել։ Իսկ դա նշանակում է, որ ապագա ազգային-դեմոկրատական փոփոխություններն իրենց ներքին էությամբ նաև բուրժուադեմոկրատական պետք է լինեն, ինչը հստակ գաղափարական տեսք կտա առաջիկա պայքարին։

Խոշոր բիզնեսն, իհարկե, խանդավառված չէ այն փաստով, որ ստիպված է լինելու տեղափոխվել մրցակցային դաշտ և զրկվել տանիքային աջակցությունից, բայց այդ տանիքն այլևս չկա, և ազատ շուկային նպաստելու այլընտրանքը մնում է ներկայիս բոլշևիկյան իշխանությանը կուլ գնալն ու ամբողջից զրկվելու հեռանկարը։

Մինչև այժմ իշխանական համակարգն առաջնորդվել է «Իշխանության մուտքը ներսի կողմից է» հետադիմական բնույթի բանաձևով։ Սկսած 1995-ից իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսը նպաստել է այդ բանաձևի իրագործմանը, քանի որ դա թույլ էր տալիս կապիտալ կուտակել և պաշտպանել այն։ Եթե իշխանական դեմքերը փոխվում էին, ապա դա անձերի, այլ ոչ թե համակարգի փոփոխություն էր։

Հանրության լայն շերտերը մշտապես ունեցել են փոփոխությունների պահանջ, բայց անընդհատ պարտվել են իշխանության և խոշոր բիզնեսի հետ ունեցած անհավասար մարտում։ Ընդդիմադիր լիդերները փոխվում էին, բայց արդյունքը նույնն էր։ Իշխանությունը հակահեղափոխական էր, քանի որ դա էր երաշխավորում իր վերարտադրությունը, կապիտալի անձեռնմխելիությունն ու երկրաչափական պրոգրեսիայով աճը։

2008-ի ընտրական գործընթացների ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացնում էր ներսի համակարգը և խոշոր բիզնեսը հույս ուներ, որ կպահպանվեն քվոտայավորման այն մեխանիզմները, որոնք կային Ռ. Քոչարյանի ժամանակ և որոնք հնարավորություն կտային կրկին գերշահույթներ ստանալ։ Ա՛յդ հույսով նրանք աջակցեցին Սերժ Սարգսյանին և մաս կազմեցին համատարած ընտրակեղծիքներին։ Այսինքն հասարակության փոփոխությունների պահանջն էլի հանդիպեց «իշխանություն + խոշոր բիզնես» արատավոր մեքենային ու պարտվեց։

Այժմ լրիվ նոր իրավիճակ է, որը չկար 1995-ից ի վեր։ Փոփոխությունների կամ ավելի ճիշտ հեղափոխության պահանջ ունի ոչ միայն ժողովրդի մեծ մասը, այլ նաև իշխանությունը։ Ավելին՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն ինքն է հեղափոխական գործողությունների գնացել և՛ արտաքին, և՛ ներքին կյանքում։ Արտաքինն հեղափոխականությունն արտահայտվեց տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության տեսքով, իսկ ներքին կյանքում Սերժ Սարգսյանն ուզում է ոչնչացնել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հիմնադրված և Ռոբերտ Քոչարյանի օրոք բյուրեղացած քվոտայավորված կլանային համակարգը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ի՞նչ մի վատ բան կա ներքին կյանքի հեղափոխության մեջ, մանավանդ որ հասարակությունն էլ է դա պահանջում։ Բայց խնդիրն այն է, որ ներքին կյանքի հեղափոխության սարգսյանական մոդելը հանգեցնելու է նույն այն բացասական արդյունքին, ինչին մենք ականատես ենք լինում արտաքին «նախաձեռնողականության» դեպքում։ «Ֆուտբոլային» դիվանագիտությունից առաջ եթե ունեինք X մակարդակի հարաբերություն Թուրքիայի հետ, ապա այժմ վիճակն ավելի է վատացել մեզ համար. Թուրքիան, Սերժ Սարգսյանի «թեթև» ձեռքով, ակտիվորեն ներգրավվել է Արցախի հարցի բանակցությունների մեջ, Հայաստանը ներքաշվել է մի գործընթացի մեջ, որը մեզանից խլել է նույնիսկ գիշերը հանգիստ քնելու իրավունքը և այս ամենի վերջը չի երևում։ «Նախաձեռնողականությունը» մեծացրել է նաև Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականությունը։

Նույնն է սպասվում նաև ներքին կյանքի «նախաձեռնողականության» դեպքում. ունեինք կեղտոտ համակարգ, բայց Սերժ Սարգսյանն ու իր ազգանվանակից Տիգրանը մեզ տանում են ավելի կեղտոտ համակարգի ուղղությամբ։ Սա՛ է, որ պետք է հասկանալ և ընդդիմանալ. կլանաօլիգարխիկ համակարգը ատելով՝ չի կարելի թույլ տալ, որ ավելի զզվելի համակարգ ձևավորվի։ Պետք է պայքարել վատը լավով փոխարինելու համար։ Ընդդիմությունն ա՛յս հարցերի շուրջ պետք է ձևավորվի, այլ ոչ թե քիրվայական կոդերի, որն արտահայտվում է «ժողովու՜րդ, հեսա հողերը հանձնում են ու կտեսնեք, որ մենք ճիշտ էինք 1998–ին ու այն ժամանակ էր պետք հանձնել. ինչու՞ այդքան ձգել, գրողը տանի» ձևակերպումների տեսքով։

Այժմ իշխանությունների վարած քաղաքականությունը բերել է նրան, որ իրենք ձեռք են բերել անվստահելի գործընկերոջ համբավ հենց իշխանության ներսում։ Դե իսկ հանրային աջակցություն նրանք երբեք չեն էլ ունեցել։ Այս իշխանությունը «քցել» է և՛ այն շերտերին, որոնք Տեր-Պետրոսյանի քիրվայականությանը դեմ գնալով չարյաց փոքրագույն էին տեսնում Ս. Սարգսյանին, և՛ խոշոր բիզնեսին, որը համոզված էր, որ նախկին խաղի կանոնները պահպանվելու են, քանի որ Սարգսյանն այդ համակարգի ներսից էր և ինքն էլ էր օգտվել քվոտայավորված տնտեսության ոչ ֆորմալ հնարավորություններից՝ փաստացի հանդիսանալով համակարգի գործադիր տնօրենը։ Իսկ մինչև այդ Սարգսյանի թիմը 2007-ի ԱԺ ընտրություններից հետո հասցրել էր շեշտակի հարված հասցնել փոքր ու միջին բուրժուազիային և «էն գլխից» դարձել այդ շերտի ատելին։ Այսինքն հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ իշխանությունը չունի հանրային շերտ ներկայացնող որևէ հենարան, չունի միասնական գործող պետական կառավարման համակարգ, չունի թիմ, բայց գնում է հեղափոխական ճանապարհով։ Սա աննախադեպ վիճակ է և երկար չի կարող ձգվել։ Սերժ Սարգսյանն այս պայմաններում շարունակում է պաշտոնավարել լոկ այն պատճառով, որ տիտղոսային ընդդիմությունն իրենից քիրվա է, չի ներկայացնում բիզնեսի որևէ շերտի շահերը, ղեկավարվում է խորը հակահեղափոխականի կողմից և միակ մարտավարություն է ընտրել «էջմիածնական միաբան» դառնալը։ Իշխանության աթոռը պահելու պատճառներից է նաև այն, որ իշխանության իրական այլընտրանք դեռ չի ձևավորվել։ Բացի այդ՝ մենք այս պահին էլեկտորալ փուլում չենք, որպեսզի հասարակության քաղաքական ակտիվությունը հասցվի գագաթնակետին։ Ահա սրանք են այն գործոնները, որոնք թույլ են տալիս Սարգսյանին աշխատել Բաղրամյան 26-ում։

Միջանկյալ ամփոփում անենք. Հայաստանում տնտեսական ճգնաժամը մեծապես պայմանավորված է իշխանության վարքագծով և իրականությանը չի համապատասխանում այն գնահատականը, որ մեզանում տիրող իրավիճակը բացառապես հետևանք է միջազգային տնտեսական ճգնաժամի։ Ճգնաժամի հիմնական աղբյուրը իշխանությունն է և նրա սիամական երկվորյակի վերածված տիտղոսային ընդդիմությունը, այսինքն՝ մեր երկրում առկա տնտեսաքաղաքական համակարգն է ճգնաժամաստեղծ։ Այդ համակարգը փոխելը ազգային անվտանգության շահերից է բխում և դա պետք է իրականացնել։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը