Հարցազրույց

16.04.2010 18:16


Թորոս Սեֆիլյան

Թորոս Սեֆիլյան

Հարցազրույց լիբանանահայ Թորոս Սեֆիլյանի (Ժիրայր Սեֆիլյանիեղբայրն է) հետ

-Ինչպիսի՞ն է լիբանանահայության տրամադրվածությունը հայ-թուրքական գործընթացի ներկա փուլի հանդեպ։ Կարո՞ղ ենք ընդհանրական գնահատական տալ։

-Լիբանանահայության տրամադրվածությունն այսօրվա իրողությունների հանդեպ ինչպես միշտ դեմ է որևէ ձեռնարկության՝ հաշվի առնելով, որ պատմության վզից կախված է մեր նախահայրերի Ցեղասպանությունն ու դրանից բխած արտագաղթը։ Լիբանանահայությունը համոզմունք ունի, որ սկզբում Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը և դրան հաջորդած արտագաղթը, ինչից  հետո միայն կարելի է բանակցել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել։

-Երբ ՀՀ իշխանություններին քննադատում են  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կապակցությամբ, նրանք, որպես դրական կողմ, նշում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նոր թափը, մասնավորապես Շվեդիայի խորհրդարանի կողմից բանաձևի ընդունումը, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը։ Որքանո՞վ է դա հիմնավորված։ Արդյոք ՀՀ իշխանություններն այդտեղ իրենց լուման ունե՞ն։

-Ճիշտն ասած՝ ո՛չ։ Կարելի է ասել՝ 5-10 տոկոսով։ Հայ դատի հանձնախումբն ունի  հատուկ աշխատաոճ, որով միշտ պահանջել է Արևմտյան Հայաստանի մեր հայ ազգի իրավունքները, քննադատել մեր հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությունը, սակայն, այս ամենով հանդերձ, անհրաժեշտ արդյունք չի տվել, ու երբեք նկատի չեն առնվել թուրքական կողմը կամ միաջզգային հանրությունը։ Մեկ անգամ ևս հիշելով այս ամենը՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերջին երկու տարիների նոր դիվանագիտությունը դարձյալ անհրաժեշտ արդյունք չի ստանում։ Համոզված եմ, որ կան միջազգային նոր ցանկություններ, միջազգային ռազմավարություն, նոր սահմաններ որոշելու մրցակցություն և միջազգային պետությունների կողմից ֆինանսական մտահոգություններ։ Այսինքն, յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով։ Արդյոք այս ամենի մեջ մենք կա՞նք։ Գալով հարցի պատասխանին՝ դարձյալ պետք է ասեմ, որ Հայաստանի իշխանություններն իրենց լուման չունեն։ Ուղղակի շուկայի պահանջված և գիտակցաբար պահված զենքը, որի անունը Հայկական ցեղասպանություն է, ուզեցին տեղից շարժել։

-Ըստ Ձեզ՝ որքա՞ն է այսօր արցախյան հարցում պատերազմի վերսկսման հավանականությունը։

-Կարծում եմ՝ արցախյան պատերազմի վտանգ այսօր չկա, պարզապես Ադրբեջանի իշխանությունները փորձում են վախեցնել կամ ճնշել նախ Արցախի ժողովրդին, հետո Հայաստանի Հանրապետության իշխանություններին և, ինչու ոչ, Հայաստանի քաղաքացիներին, մինչև հասնի սփյուռքահայերին։ Ես կմտահոգվեմ այն ժամանակ, երբ գերտերությունները կորոշեն հարձակվել Իրանի վրա, երբ ադրբեջանցիների վառելանյութը վերջանա, երբ մոտ ապագայում նրանց կհաջողվի ապահովել Չինաստանի վառելանյութի 15 տոկոսը, որը Չինաստանն ստանում է Իրանից։ Անշուշտ, հասկանալով դա, Չինաստանը կցանկանա՞ Իրանի կործանումը։

-Այսօր ՀՀ քաղաքական դաշտը զբաղեցնում են մի կողմից իշխանությունը, մյուս կողմից ՀԱԿ-ը՝ որպես տիտղոսային ընդդիմություն, որոնց միջև, ընդհանուր առմամբ, գաղափարական տարբերություն չկա։ Սրա հանգուցալուծումն, ըստ Ձեզ, ո՞րն է։

-Նախ ուզում եմ հիշել և հիշեցնել բոլորին, որ պետք է վերջ դնել երկրի ներսում ատելությամբ լեցուն գործընթացին։ Իմ և շատերի համար կարևոր է, որ ծնվի բարձր որակի, ազգային գիտակցությամբ մի այլ ուժ, որին կհավատամ և կհավատան։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը