Խմբագրական

24.04.2010 23:29


Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 5

Ե՞րբ կավարտվի ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամը - 5

սկիզբը՝ տե՛ս

Իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ սխալվել են հայ-թուրքական գործընթացում։ Ուրիշ ճար չունեին։ Նրանք վերջապես տեսան թուրքական այն նախապայմանները, որոնք համառորեն չտեսնելու էին տալիս։ Քաղաքական հավկուրությունը հանգեցրեց այն բանին, որ Սերժ Սարգսյանն, իր գործելաոճին հավատարիմ, հայ-թուրքականի մասով ստիպված կիսահղի որոշում կայացրեց, որը տեղավորվում է «Թուրքիայի նախապայմաններին դեմ ենք, բայց կողմ ենք «ֆուտբոլային» դիվանագիտությունը շարունակելուն» բանաձևի մեջ։

Այսպիսով՝ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես անհեռատեսության և դիվանագիտական անգրագիտության խորհրդանիշ։ «Ֆուտբոլային» կոչված տխրահռչակ դիվանագիտությունը դասական օրինակ է, թե ինչպես չպետք է վարել արտաքին քաղաքականություն։

Այս ամենը հաշվի առնելով՝ առավել արդիական է դառնում ՀՀ տնտեսաքաղաքական ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող հարցերի քննարկումը։

«Նախաձեռնողների» ֆիասկոն

Սերժ Սարգսյանի գլխավորած համակարգը լրիվ սպառել է իրեն։ Յուրօրինակ «ֆուտբոլային» քաղաքականություն Սարգսյանն իր «գործիքի» դեր կատարող վարչապետի միջոցով իրականացնում է նաև երկրի տնտեսական կյանքում։ Ունենք նույն արդյունքները, որոնք արձանագրվել են արտաքին դաշտում. խայտառակ ձախողումներ։ Այդ մասին խոսվում է ոչ միայն մասնագիտական և հանրային տարբեր շրջանակներում, այլ նաև իշխանության ամենավերին օղակներում։ Ասել է թե՝ ճգնաժամի բուն աղբյուրը ներսում է և Էրդողանն այստեղ կապ չունի։

Եթե Սարգսյանն ինքն էր «էն գլխից» հայտարարել, որ եթե Թուրքիայի նախագահն ընդունի համատեղ ֆուտբոլ նայելու հրավերը, ապա պաշտոնական Երևանը կհամաձայնի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքերի առաջարկին և եթե Սարգսյանն ինքն է հավանություն տվել Արցախի հարցում օժանդակելու Գյուլի պատրաստակամությանը, ապա առնվազն դեմագոգիա է Թուրքիայի վարչապետին մեղադրելը, թե Արցախի նախապայման է դնում և ուզում է հայ-թուրքական արձանագրությունների միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցնել։ Չսխալվեիք, չքիրվայանայիք, «խաղաղասեր» չդառնայիք՝ թուրքերն իրենց այդպես չէին պահի։ Այժմ հետին թվով հայրենասիրություն է խաղացվում, որն այլ բանի վկայություն է։

Սերժ Սարգսյանի ու նրա քայլերը հավանության արժանացրած Լևոն Տեր-Պետրոսյանի ընդհանուր պատասխանատվության հարցն է պետք այժմ քննարկել։ Քաղաքական դաշտի ներկա կոնֆիգուրացիան, երբ իշխանությունը և «փողոցային» ընդդիմությունը միմյանց փոխլրացնող և միմյանց գոյությունը երաշխավորող գործոնների են վերածվել, նպաստում է ճգնաժամի խորացմանը։ Հետևաբար ներքաղաքական ստատուս քվոն պետք է փոխել նոր գաղափարների և նոր էլիտայի միջոցով։

1988-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության առաջին պարբերաշրջանն արդեն մոտենում է ավարտին։ Ս. Սարգսյանը հին համակարգի վերջին ներկայացուցիչն է, իսկ Տեր-Պետրոսյանը՝ հետանկախական Հայաստանում ձևավորված այդ նույն համակարգի հիմնադիր նախագահը։ Դա է պատճառը, որ նրանք բնազդաբար դիմադրում են փոփոխություններին, քանզի զգում են, որ կենսունակ կարող են լինել միայն հին համակարգում, իսկ նորի ստեղծումից հետո կվերածվեն քաղաքական թոշակառուների։ Բայց դա հուսահատ դիմադրություն է։ Հինն իր տեղը վաղ թե ուշ զիջելու է նորին։ Պարզապես պետք է նախապատրաստվել հնի մահն ընդունելուն, այնպես անել, որ պետությունը վտանգի չենթարկվի և նորը ստեղծելու հստակ ռազմավարական ծրագրեր ներկայացնել հանրությանն ու ստանալ վերջինիս աջակցությունը։

Վերևներն ու ներքևները չեն ուզում և չեն կարող

Հայաստանում փաստացի հեղափոխական գործընթաց է սկսված, որին կողմ են քաղաքականության երկու կարևոր սուբյեկտները՝ իշխանությունը և հանրության լայն շերտերը։

Ի դեպ, ՀՀ պետական կառավարման համակարգը ներկայումս մոնոլիտ չէ, և իշխանություն ասելով պետք է նկատի ունենալ Սերժ Սարգսյանի շատ նեղ շրջապատը։ Դրանք են՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երկու-երեք նախարարներ, նախագահի աշխատակազմում ներգրավված մի քանի հոգի, մեկ-երկու խոշոր փողատերեր, ովքեր «մահապարտի» կարգավիճակ են ձեռքբերել ու ստիպված են լինելու մինչև վերջին փամփուշտը պայքարել Սերժ Սարգսյանի համար։ Սա՛ է Սարգսյանի ողջ «արքունիքը»։

Այսօրվա իշխանական համակարգում իշխանություն չէ անգամ ՀՀԿ-ն իր մեծամասնությամբ։ Այսինքն՝ Ս. Սարգսյանը շատ ավելի սրածայր բուրգ է ստեղծել, քան կար նախկինում։ Որոշումները կայացվում են գրեթե միանձնյա։ Պատահական չէ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 1-ի առավոտյան, երբ մեր կայքէջի լրագրողը փորձել էր պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության կարծիքը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, պարզվել էր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը տեղյակ չէ նախորդ գիշերն ընդունված չարաբաստիկ այդ որոշումից։ Ինչևէ։

Եվ այսպես՝ իշխանությունները ոչ միայն կողմ են հեղափոխությանը, այլև նախաձառնել են այն, որը մենք տեսնում ենք թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ։

Ե՛վ իշխանությունը, և՛ հանրության ամենաակտիվ զանգված փոքր ու միջին բուրժուազիան այժմ դեմ են Տեր–Պետրոսյանի օրոք սկիզբ առած և քոչարյանական կառավարման շրջանում բյուրեղացած կլանաօլիգարխիկ տնտեսական հարաբերություններին, որի մարմնավորումը դարձել են «օլիգարխ» կոչվածները։ Իրավիճակը շատ նուրբ է. իշխանության նպատակը խոշոր բիզնեսին ոչնչացնելն ու բոլշևիկյան մեթոդով սեփականության վերաբաշխում իրականացնելն է՝ «մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու ծրագրով։ Իսկ հանրության լայն շերտերը և մասնավորապես փոքր ու միջին բիզնեսը կողմ են մրցակցային տնտեսության, ազատ շուկայի ու զարգացման հնարավորության, որը ենթադրում է համակարգային փոփոխություն և իշխանափոխություն։ Այսինքն նշված երկու սուբյեկտները հետապնդում են միմյանց բացառող նպատակներ, բայց այնպես է ստացվում, որ այս պահին կարող են միմյանց աջակցել։

Բանն այն է, որ ժողովուրդը տեսել է, որ իր փոփոխությունների ձգտումը ընտրությունների ժամանակ կասեցվել է նաև իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսի կողմից և չի հավատում, որ իշխանությունը կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Մարդկանց մեծ մասը չի պատկերացնում նման բան։ «Իմիտացիա են անում»,- մտածում է միջին վիճակագրական քաղաքացին, երբ հեռուստատեսությամբ լսում է, որ վարչապետը թիրախ է հայտարարում խոշոր բիզնեսին։ Այդ մտածողությամբ՝ քաղաքացին ակամայից դառնում է այս իշխանության հանրային հենարանը։ Այն իշխանության, որին չի ընդունում և որն ուզում է Հայաստանում միահեծան տնտեսաքաղաքական համակարգ ստեղծել, ինչպիսին որ գործում են միջինասիական մահմեդական պետություններում կամ հարևան Ադրբեջանում։ Իսկ այդ երկրներում փաստացի սուլթանատ է, և կա մեկ օլիգարխ, որը երկրի ղեկավարն է՝ իր նեղ շրջապատով (քույր, եղբայր, որդի, աղջիկ, փեսա)։

Օրինակ՝ Ուզբեկստանում նախագահ Քարիմովի աղջիկներն են ակտիվորեն ներգրավված տնտեսական կյանքում և, բնականաբար, Քարիմովի փեսաները դե ֆակտո շատ ազդեցիկ են Ուզբեկստանում։ Հայտնի է նաև, որ Ղազախստանի նախագահ Նազարբայեվի երեխաներն ու փեսաները նույնպես շատ հաջողակ բիզնեսմեններ դուրս եկան։ Ղրղզների մոտ հաջողակ բիզնեսմենների խավը բառիս բուն իմաստով փախած նախագահ Բակիեվի եղբայրներն էին ներկայացնում և տեսանք, թե դա ինչի հանգեցրեց։ Ադրբեջանում նույն վիճակն է։ Իլհամ Ալիեվն այդ երկրի ցմահ սուլթանի կարգավիճակ ունի, իսկ Ալիևների ընտանիքի զավակները միլիոնների անշարժ գույք են գնում Էմիրաթներում, որի մասին վերջերս գրում էր նաև միջազգային մամուլը։

Քանի դեռ այդ երկրներում գործում է տնտեսական կյանքի «ախպերացումը», «փեսայացումը» կամ «խնամիացումը»՝ որևէ շանս չկա ազգային առաջադիմություն ապահովել։ Ասվածից հետևում է, որ եթե մենք լինենք ավելի զարգացած ու բաց հասարակություն, ապա Իլհամ Ալիեվի ռազմատենչ հոխորտանքներն այդպես էլ կմնան ներքին օգտագործման, քանի որ սուլթանատի համակարգ ունեցող պետությունը երբեք չի կարողանա հաղթել մեզ, եթե մենք լինենք ժամանակակից ու ժողովրդավարական պետություն։ Իսկ այն ինչ ուզում է անել Սերժ Սարգսյանը՝ դա Հայաստանի տնտեսաքաղաքական համակարգի ադրբեջանացումը կամ ուզբեկացումն է, որը սպառնալիք է մեր պետության անվտանգությանը։ Հետևաբար՝ Հայաստանում ձևավորված կլանաօլիգարխիկ համակարգը, որի շրջանակներում երկրի հարստության հիմնական մասը գտնվում է 20-30 ընտանիքների ձեռքում պետք է ապամոնտաժվի, բայց դա չի նշանակում, որ դրա փոխարեն պետք է ստեղծել գերօլիգարխիկ համակարգ, ինչը հանդիսանում է Սարգսյանի նպատակը։

Մասնավոր սեփականությանը պատերազմ հայտարարած որևէ երկրի դեռ չի հաջողվել մնալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Վերջին օրինակներից է «հսկա» ՍՍՀՄ-ը, որը 70 տարի քարշ տվեց իր գոյությունը զուտ ռեսուրսների հաշվին և առանց կրակոցի պարտվեց «սառը» պատերազմում։

Ադրբեջանն ու նշածս մյուս երկրներն էլ ռեսուրսներ ունեն, որով սպասարկում են իրենց ավտորիտար ռեժիմները։ Բայց մենք այդ ռեսուրսը չունենք։ Մեր ռեսուրսը պետք է լինի մարդը և ռացիոնալ, ժողովրդավարական համակարգ ունենալը։ Դրան հասնելու ճանապարհը բիզնեսի բոլոր շերտերին ազատ հնարավորությունների դաշտ ստեղծելն է, բայց այսպիսի քննարկումներ, ցավոք, մեզանում չկան։ Մարդիկ հաց և տեսարաններ են ուզում։ Հացը, Մեծ գրողի ասած, հրեն երկնքից կախված է, դե իսկ տեսարաններ իշխանությունը պատրաստ է մատուցել՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ։

«Գոնե մասամբ վրեժխնդիր կլինենք մեր վատ կյանքի համար»,- ինքն իրեն կիսաբավարարված կզգա բողոքական էլեկտորատը։ Ելնելով վերը նշվածից՝ ստացվում է, որ իշխանության ու ժողովրդի մի հատվածի (մասամբ նաև փոքր ու միջին բիզնեսի) թիրախը, տարբեր դրդապատճառներով, դառնում է խոշոր բիզնեսը։

Տեսե՛ք. իշխանությունն ուզում է օգտագործել հանրային տրամադրությունները և սեփականության վերաբաժանում ու ֆինանսների գերկենտրոնացում իրականացնել, որից նույն այդ հանրությանը, բնականաբար, բան չի հասնելու։ Իսկ հանրության լայն շերտերը դեռևս նույնացնում են իշխանությանն ու խոշոր բիզնեսի լայն շրջանակներին և, հետևաբար, փոփոխությունների ճանապարհին իրենց թիրախ տեսնում են ոչ միայն բուն իշխանավորներին, այլ նաև խոշոր բուրժուազիային։ Այսպիսով ստացվում է, որ միջանկյալ փուլում համընկնում են իշխանության ու ընդդիմադիր տրամադրությունների կրող սուբյեկտների շահերը խոշորի դեմ պայքարի մասով, այնպես ինչպես կուլակաթափության հարցում համընկնում էին ռուս մուժիկի շահերը բոլշևիկների հետ։

Եթե իշխանությունը որոշի «մորթել» խոշորին, ապա փոքր ու միջին բիզնեսն առանձնապես դեմ չի լինի, իսկ ժողովրդի կողմից իշխանությունը կարող է նույնիսկ ողջունվել։ Այդ հետո բոլորս կհասկանանք, որ դարձել ենք Ուզբեկստան կամ Ղրղզստան, բայց արդեն ուշ կլինի, քանի որ շատ չանցած ստիպված կլինենք կերակրել այլոց բանակը և հակառակորդին դիմավորել մեր երևանյան պատուհաններից։

«Բա խոշորի դեմ չպայքարե՞ն»,- կհետաքրքրվեն շատերը։ Եթե պայքար է մղվում ոչ թե օլիգարխիկ համակարգի, այլ «օլիգարխ» կոչվածների դեմ, ապա դա նշանակում է, որ խնդիր է դրված պարզապես յուրացնել օլիգարխիկ համակարգի հնարավորությունները, և Հայաստանը դարձնել ուզբեկական կամ ադրբեջանական տիպի երկիր, ինչը չի կարելի թույլ տալ։

Խոշոր բիզնեսը հիմա երկու քարի արանքում է հայտնվել և պետք է, ինքնապահպանական բնազդից ելնելով, ընտրություն կատարի։ Այդ շերտը, ուզած, թե չուզած, պետք է դառնա ժողովրդի մեծամասնության փոփոխությունների պահանջի «համահայցվորը» և չնպաստի ռեժիմի վերարտադրությանը։ Այսինքն առաջիկա ընտրություններում առնվազն չաջակցի սպասվելիք ընտրակեղծիքներին, որպեսզի կարողանա պաշտպանել իր սեփականությունը։ Սեփականության փրկության դիմաց խոշոր բուրժուազիան պետք է համակերպվի այն մտքի հետ, որ այլևս զրկված է լինելու իշխանական հովանավորչությունից և գործելու է մրցակցային դաշտում։ Եթե կարողացավ դիմանալ մրցակցությանը՝ որևէ խնդիր չկա։ Պետությունը միայն պետք է խրախուսի, որ բիզնեսի բոլոր մակարդակներում մրցակցություն լինի, արտադրությունը զարգանա և արտահանումն աճի։ Բացի այդ՝ խոշոր բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից։ Մի խոսքով, խոշոր բիզնեսը պետք է գործակցի փոքր ու միջին բիզնեսի հետ, ստանձնի սոցիալական պատասխանատվություն, տարանջատվի քաղաքականությունից և ընտրակեղծիքների գործիք չդառնա՝ այդպիսով քավելով իր նախկինում գործած մեղքերը։ Այս ամենի այլընտրանքը խոշորի համար սերժսարգսյանական համակարգի կողմից «Խոդորկովսկի-2» օպերացիայի ենթարկվելն է և ամբողջությամբ ունեզրկվելը։

Ժամանակը ցույց կտա, թե ո՞ր տարբերակը կընտրի խոշոր բուրժուազիան։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը նրանց կստիպի շուտ կողմնորոշվել, և մենք ականատեսը կլինենք շատ հետաքրքիր զարգացումների։

Ուշագրավ է, որ իշխանության ու հանրության հեղափոխական տրամադրություններին ի հակառակ՝ տիտղոսային ընդդիմություն ՀԱԿ-ը որդեգրել է խորը հակահեղափոխական կեցվածք։ Սա անբնական վիճակ է։ Մինչև այժմ տեղի ունեցած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ, գոնե ոչ ֆորմալ առումով, հանրության մեծամասնության և տիտղոսային ընդդիմության միջև եղել է չգրված համաձայնություն, որ անհրաժեշտ է հեղափոխություն։ Միգուցե տվյալ պահի ընդդիմադիր լիդերն այլ բան է հասկացել հեղափոխության տակ կամ եղել է հակահեղափոխական, բայց հրապարակային դաշտում ընտրական գործընթացները միշտ էլ լցված են եղել հեղափոխական ոգով։ Այդպես էր իրավիճակը սկսած 1995-ից։ Այդպես էր նաև 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Բայց հիմա լիովին բացահայտվել է Տեր-Պետրոսյանի կղերապահպանողական էությունը։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը ժամանակավրեպ է դառնում, քանի որ հեղափոխական մթնոլորտում կղերապահպանողական մտածելակերպը մարգինալ է դարձնում տվյալ սուբյեկտին։

Եթե 2008-ին աշխատեց «Օգտագործեք ինձ որպես գործիք՝ այս իշխանությունից ազատվելու համար» կարգախոսը, ապա փորձը ցուց տվեց, որ նույնիսկ ա՛յդ առումով ՀԱԿ առաջնորդն այլևս օգտակար չի կարող լինել և արդեն վերածվում է այլ տիպի՝ իշխանության պահպանման գործիքի. նման ընդդիմություն կերազեր աշխարհիս ցանկացած իշխանություն։

Դա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել նոր ուժի, որը կլցնի քաղաքական վակուումը և իշխանության թրքաբոլշևիկյան ուղղվածության հեղափոխությանը կհակադրի ազգային-դեմոկրատական կոդ։ Այդ դեպքում կլինի իրական գաղափարական պայքար, այլ ոչ թե աթոռակռիվ։ Իշխանական հեղափոխականությանը պետք է համարժեք հակահարված տալ։

Անդրանիկ Թևանյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը