Աշխարհ

30.07.2019 12:41


Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ է ցուցմունքներ տալ. լրատվամիջոց

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը պատրաստ է ցուցմունքներ տալ. լրատվամիջոց

ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներից Խալիդ Շեյխ Մոհամեդը հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունքներ տալ դատարանում այն մարդկանց եւ ընկերությունների կողմից, որոնք հայցեր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ, եթե ԱՄՆ իշխանություններն իր համար մահապատիժ չպահանջեն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Wall Street Journal թերթին։

Ավելի վաղ ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատները կոլեկտիվ հայց էին ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ, որին մեղադրում են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական եւ այլ աջակցություն ցուցաբերելու մեջ։ Հայցը տրվել է 800 մարդու անունից՝ թագավորության կառավարությունից փոխհատուցում ստանալու նպատակով։ Ավելի ուշ ԱՄՆ ավելի քան երկու տասնյակ ապահովագրական ընկերություններ 4,2 մլրդ դոլարի հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի երկու բանկերի եւ ընկերությունների դեմ, որոնք կապված են Ուսամա բեն Լադենի ընտանիքի հետ, ինչպես նաեւ մի քանի բարեգործական կազմակերպությունների դեմ՝ կապված 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ։

Մոհամեդի առաջարկությունն արվել է նամակի տեքստում, որն ուղարկվել է դատարան՝ զոհերի հարազատներին եւ ընկերություններին ներկայացնող իրավաբաններին։ Մոհամեդը, որն այժմ ամերիկյան Գուանտանամո բանտում է, պատրաստ չէ ցուցմունքներ տալ «ներկա պահին», բայց «պոտենցիալ մահապատժի բացակայության դեպքում հնարավոր կդառնա ավելի լայն համագործակցությունը»։

Տեղեկացվում է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններ անել։

Ավելի վաղ Կոնգրեսն ընդունել էր օրենք, որը թույլ էր տալիս սեպտեմբերի 11-ի զոհերի ժառանգներին դատի տալ Սաուդյան Արաբիային, որի քաղաքացիներ էին ահաբեկիչների մեծ մասը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո էր դրել ավելի վաղ Կոնգրեսի ընդունած օրինագծի վրա, բայց Սենատը հաղթահարեց վետոն 97 ձայնով մեկի դեմ։ Կոնգրեսի կողմից նախագահի վետոյի հաղթահարումն առաջին նման դեպքն էր Օբամայի վարչակազմի աշխատանքի ընթացքում։ Արդեն 2016-ի հոկտեմբերի սկզբին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ամուսնուց զրկված ամերիկուհին առաջին հայցը ներկայացրեց Սաուդյան Արաբիայի դեմ։

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդայի» ահաբեկիչները զավթեցին մի քանի ուղեւորատար ինքնաթիռներ եւ ուղղորդեցին դրանք Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի եւ Պենտագոնի շենքերի դեմ, գրոհի զոհ դարձավ երեք հազար մարդ։ Այս ողբերգությունից շատ չանցած՝ ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրից, որը գործում էր Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ 1972 թվականից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը