Քաղաքական

29.07.2019 12:45


Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն «Մարտի 1-ի» գործը, այդքան ավելի վատ է լինելու իրենց համար․Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն «Մարտի 1-ի» գործը, այդքան ավելի վատ է լինելու իրենց համար․Վիկտոր Սողոմոնյան  (տեսանյութ)

Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն «Մարտի 1»-ի գործը, այսինքն՝ փորձեն վերաշարադրել պատմությունը, այդքան ավելի վատ է լինելու իրենց համար, ինչը հիմա տեղի է ունենում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա սկզբում նշեց, որ լրացավ մեկ տարին այն պահից, ինչ քաղաքական հետապնդում է իրականացվում նախագահ Քոչարյանի նկատմամբ և ըստ նրա՝ այդ հետապնդումն իրականացվում է իշխանությունների և ուղիղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետապնդման քողի տակ: «Այն, որ քրեական հետապնդման քողը գնալով մաշվել է, եթե չասենք՝ դարձել ծաղրուծանակի առարկա, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, առավել ևս՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո»,-ասաց Սողոմոնյանը և օրինակ բերեց Քոչարյանին կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու փաստը:

«Երեկ կասեցվել են դատավորի լիազորությունները: Դա այն բանից հետո, երբ ինչ-որ մի քրեական գործով վարույթ էր սկսվել իրականացվել իր նկատմամբ, ճիշտ այն օրվանից մեկ օր հետո, երբ մեր փաստաբանները դիմել էին գրավի միջնորդության համար»,-նշեց նա և հեգնեց՝ բոլորովին «պատահական», ինչպես հասկանում եք, ոչ մի համընկնում չկա:

Այնուհետև Սողոմոնյանն անդրադարձավ մեկ տարի առաջ իրենց մամուլի ասուլիսին ու հիշեց, թե ինչ հայտարարություններ են արել այդ օրը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:

«Ես ընդամենը կոնսպեկտ եմ արել, թե ինչ է ասվել այդ օրը մեր կողմից: Մենք ասել ենք, որ սա անձնական և քաղաքական հաշվեհարդար՝ վենդետա է, որը իրավական հիմնավորում չունի, այսօր կրկնում եմ: Քրեական գործը, որ սարքվել է Քոչարյանի դեմ, ապօրինի է, նրա կալանքը ևս ապօրինի է, և տեղի ունեցողը որևէ կապ չունի «Մարտի 1»-ի զոհերի սպանությունների բացահայտման հետ. այսօր ևս կրկնում եմ նույն նախադասությունը:

Ասել էինք, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տրամագծորեն տարբերվում են, այսօր էլ կրկնում ենք: Մենք այն ժամանակ չէինք կարող իմանալ, որ հայտնվել է «սուտ Նիկոլ» հեշթեգը, բայց փաստորեն ճիշտ էինք ասում: Մենք չգիտեինք, որ գաղտնալսում է հրապարակվելու, որ բացահայտելու է, որ սա քաղաքական հետապնդում է, բայց դա ևս հաստատվեց: Մենք այն ժամանակ չէինք կարող ենթադրել, որ ապօրինություններն այս աստիճանի են հասնելու»,-ասաց նա:

Սողոմոնյանը նկատեց՝ ենթադրում է, որ եթե ինչ-որ գյուղապետ առնչվեր Քոչարյանի գործին, հիմա այդ գյուղապետին փոխել էին: «Ենթադրում եմ՝ մտածում են, թե ինչպես փոխեն ՄԻԵԴ դատավորներին. ինչքանով կհաջողվի, չգիտեմ, բայց որ մտածում են՝ հաստատ:

Մենք այն ժամանակ էլ համոզված էինք, որ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելը լուրջ վնասներ է հասցնելու պետության վարկին: Ցավոք սրտի, այսօր դա արձանագրում ենք և ոչ մեկ անգամ: Այն ժամանակ իմ գործընկեր փաստաբաններն ասում էին՝ այս ամենը արդարադատության նկատմամբ անարգանք է, այսօր էլ ենք ասում»,- նշեց նա:

Սողոմոնյանը շարունակեց. «Իմիջիայլոց, ասում էինք՝ կարծում եք՝ Մարտի մեկի գո՞րծն են բացահայտում: Բացարձակ, նման բան չկա: Հիմա ես ուզում եմ այդ հռետորական հարցերն էլի ուղղել՝ ո՞ւր են «Մարտի 1-ի» մեղավորները, ո՞ւր են մարդասպանները, բացահայտե՞լ եք գոնե մեկ դեպք:

Ոստիկանին, որին կալանավորել էին, մամուլում տեսա, որ ասում են՝ վստահ չեն, որ մեղադրանքը ճիշտ է առաջադրված, սա՞ է մեկ տարվա արդյունքը: Ասել ենք, որ սա ճանապարհ է, որը տանելու է ոչ մի տեղ, այսօր էլ ենք ասում: Ասում էինք, որ հասարակությունը հասկանալու է՝ ինչ է տեղի ունենում ու չէինք սխալվում»:

Սողոմոնյանը նշեց, որ Մարտի 1-ի գործը չբացահայտվեց՝ ի հեճուկս վարչապետի կեղծ հայտարարության, որը նա արեց օգոստոսին Հանրապետության հրապարակում, թե «Մարտի մեկի» գործն ամբողջ ծավալով բացահայտված է:

«Այն, ինչ ինքը հայտարարեց, բացարձակ սուտ է: Այն, ինչը մենք գիտենք, մնացել է ուժի մեջ: «Մարտի 1»-ը առանց այդ էլ՝ այդ մասով, որով որ հետաքննված էր մինչ այդ օրը, բացահայտված էր: Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել. պարտված թեկնածուի կողմնակիցներն անկարգություններ են հրահրել, և այդ անկարգությունների արդյունքում մենք ունեցել ենք մարդկային զոհեր: Դա ինչպես եղել է, այդպես մնացել է, որքան էլ փորձեն սրբագրեն և վերաշարադրեն մեր նորագույն պատմությունը»,-ասաց նա:

Սողոմոնյանի խոսքով՝ այս ամբողջ տարվա ընթացքում մանիպուլիացիոն գործոնը մեծ մաս է կազմել հետաքննության՝ պաշտպանվելով նախաքննական գաղտնիքի հանգամանքով: «Ասում էին՝ նախաքննության գաղտնիք է, մի ասեք. տարբեր արտահոսքեր էին տեղի ունենում մամուլ, տարբեր ելույթներ էին լինում: Օրինակ՝ ՀՔԾ-ին առընթեր մի փաստաբան կար, որ ահասարսուռ ձայնով դուրս էր գալիս ու ասում էր՝ գիտե՞ք՝ ինչ եմ կարդացել, ցնցված եմ: Հետո, երբ այդ նյութերը հասու դարձան և արտահոսք եղավ ու տրամադրվեց պաշտպանական կողմին, անկեղծ ասած, այդպես էլ չգտանք, թե ինչի վրա էին ցնցվում այդ մարդիկ, որոնք այս ամբողջ ընթացքում խոսում էին:

Ակնհայտ էր փորձերը՝ ստեղծել պատրանք, թե այդ գործում այնպիսի հանցագործություններ են, որ մենք ազգովի ցնցված ենք, բացարձակ սուտ էր»,- հայտարարեց նա:

Սողոմոնյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե այս մեկ տարվա ընթացքում ինչպես են շահարկել զոհերի արյունը և ինչպես են ամենավատ ձևով օգտագործել զոհերի հարազատների գործոնը:

«Սկզբից ստիպում էին, որ հայտարարեն՝ սա մարդասպան է, պետք է նստի: Հետո, երբ պարզվեց, որ Քոչարյանն արյան հետ որևէ կապ չունի, և վարչապետն էլ իր խոսքերը հետ է վերցնում, որ այդ արյուն հեղելը Քոչարյանին չէր վերաբերվում, այդ ժամանակ զոհերի հարազատներին ասացին՝ մեկը մեղավոր է, չէ՞, պե՞տք է մեկը պատասխան տա: Դատարան բերեցին մարդկանց, որոնք ակնհայտ է՝ չէին հասկանում, թե այդտեղ ինչ է կատարվում, նրանց թվում էր՝ այդտեղ մեկին պատժում են: Նրանց համոզել էին, որ եթե Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց, ուրեմն նա պատժվում է «Մարտի 1-ի» զոհերի համար»,-ասաց նա և հավելեց, որ սա ամենավատ մասն էր ամբողջից, քանի որ եթե իրավական ապօրինություններ են արվում, պետք է դատապարտվեն, այնինչ այս մասը բարոյական օրենքներից դուրս է մնում:

Նա ընդգծեց, որ այլ արդյունքներ, մեծ հաշվով, բացի խոսակցություններից, հետաքննությունը չի տվել մեկ տարում: «Ես չգիտեմ՝ ինչ են ասում հիմա նույն զոհերի հարազատներին: Երբ Սասուն Խաչատրյանն ասում էր, թե մի զինվորականին իր կոլեգան է սպանել և ասում էր՝ դա հաստատ է, հիմա ի՞նչ են ասում այդ մարդկանց հարազատներին, երբ այդ ամեն ինչը չի ճշտվել: Այս հարցերը մնում են օդի մեջ: Արդյունքները եղան այնպիսին, ինչպիսին և մենք կանխատեսում էինք: Որքան շատ այս կեղծիքի միջոցով քննեն «Մարտի 1-ի» գործը, այսինքն՝ փորձեն վերաշարադրել պատմությունը, այդքան ավելի վատ է լինելու իրենց համար, ինչը հիմա տեղի է ունենում»,- շեշտեց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը