Տնտեսական

20.07.2019 14:20


Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում ներկայացրեց Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային դրույթները, որոնք անվանեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանց Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:

«Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի բոլորիս հայտնի իրադարձություններից մեկ տարի անց ես խոսեմ Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ, և ըստ էության, այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք, և կներկայացնենք որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումն ու ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս փուլում հաջողվել է արդեն Հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխություններով կարևոր քայլ անել:

«Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և ավելի մանր բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որը թերևս մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու: Կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք նոր շերտ ձևակերպեցինք Հայաստանի տնտեսության մեջ, այն անվանելով միկրոբիզնես, և 2020թ. հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող, որոշակի գործունեության տեսակի ընկերություններն ընդհանրապես կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած՝ այս ընկերություններում ներգրավված աշխատակիցների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 22%, այլ 5000 դրամ: Մենք սա շատ կարևորում ենք ՀՀ քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար: Սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին, և կոչը նրանց՝ ի վերջո, որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս հանգամանքը դիտում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»,- նշեց վարչապետը:

Այս խորագրի վերջին նյութերը