Հարցազրույց

29.06.2019 14:07


«Հանրային խորհուրդը կարող է հայտնել կարծիքներ, որոնք չեն համընկնում իշխանության կարծիքների հետ». Վ. Մանուկյան

«Հանրային խորհուրդը կարող է հայտնել կարծիքներ, որոնք չեն համընկնում իշխանության կարծիքների հետ». Վ. Մանուկյան

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի՝ «Անկախին» տված վերջին հարցազրույցից հետո ստացել ենք նամակներ,որոնց պարզաբանման համար դիմեցինք իրեն։

-Պարո՛ն Մանուկյան, Ձեր հարցազրույցներում Դուք երբեմն դեմ եք արտահայտվում իշխանության որոշ նախաձեռնություններին, օրինակ՝ վեթինգին, Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերին և այլն։ Արդյոք դա չի՞ հակասում Հանրային խորհրդի նախագահ լինելու Ձեր կարգավիճակին, քանի որ Հանրային խորհուրդը ՀՀ կառավարության խորհրդակցական մարմին է։

- Իսկապես, Հանրային խորհուրդը կառավարության՝ Սահմանադրությամբ ամրագրված խորհրդակցական մարմին է։ Բայց լինելով Սահմանադրական մարմին՝ Հանրային խորհուրդն ունի նաև կառավարության որոշումներն ու նախագծերը հասարակական փորձաքննության ենթարկելու լիազորություն ու պարտականություն։ Հետևաբար Հանրային խորհուրդն իրավասու է և շատ հաճախ կարող է հայտնել կարծիքներ, որոնք չեն համընկնում իշխանության կարծիքների հետ։ Իսկ որպես Հանրային խորհրդի անդամ կամ որպես ՀՀ քաղաքացի՝ ես, բնականաբար, կարող եմ հայտնել իմ անձնական կարծիքը։ Եթե գտնում ես, որ կառավարության այս կամ այն քայլը սխալ է, չի համապատասխանում օրենքներին կամ պետական շահին, և այդ համոզվածությունդ ամրապնդված է նաև փաստարկներով, ապա կարծում եմ, որ նաև պարտավոր ես կարծիքդ հայտնել՝ նպաստելով ճիշտ որոշումների կայացմանը։ Ի վերջո, բազմակարծությունն է զարգացման շարժիչ ուժը։

-Հանրային խորհուրդը սրանից առաջ շուրջ տասը տարի եղել է ՀՀ նախագահի խորհրդակցական մարմինը։ Այն ժամանակ Դուք կամ Հանրային խորհուրդը նույն կերպ Ձեր կարծիքն արտահայտե՞լ եք։

-Եթե ուշադիր նայեք բոլոր այն փաստաթղթերը, որոնք Հանրային խորհուրդը ներկայացրել է նախագահին որպես հայտարարություն, դիրքորոշում կամ որոշում, կամ էլ մամուլում հրապարակված կարծիքները, հարցազրույցները, ապա կտեսնեք, որ շատ դեպքերում դրանք դեմ են եղել կամ չեն համընկել իշխանության նախագծերի ու որոշումների հետ, արվել են որոշակի առաջարկություններ։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցից և վերջացրած օտարալեզու դպրոցների հարցով, ավիացիայի ոլորտով, «Զվարթնոցի» աշտարակով, կուտակային կենսաթոշակներով, «էլեկտրիկ Երևանով» և այլն։ Այդ ամենի վերաբերյալ և՛ հայտարարություններ են արվել, և՛ առաջարկություններ են ներկայացվել նախագահին ու կառավարությանը, և՛ հարցազրույցներ են տրվել։ Միգուցե այն ժամանակ որոշ հարցերի վերաբերյալ հրապարակային տեսակետ ու դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտություն չէր լինում, քանի որ մենք հաճախ էին շփվում իշխանության հետ և այդ ամենը հայտնում էինք անմիջականորեն։ Օրինակ՝ որպես Հանրային խորհրդի նախագահ՝ ես պարբերաբար հանդիպում էի նախագահի, վարչապետների հետ։ Տիգրան Սարգսյանի ժամանակ շաբաթը մեկ անգամ հանդիպում էինք, քննարկում Հանրային խորհրդի բարձրացրած հարցերը, կարծիքներ փոխանակում։ Միաժամանակ և՛ հանդիպումներ էին լինում, և՛ հրապարակային հայտարարություններ ու հարցազրույցներ։

-Պարո՛ն Մանուկյան, հնարավո՞ր է, որ լրատվամիջոցներում Ձեր անձնական հարցազրույցներն ընկալվեն իբրև Հանրային խորհրդի տեսակետ։

-Ես իմ բոլոր կարծիքներն այնքան հստակ եմ ձևակերպում որպես անձնական կարծիք, որ ուղղակի չեմ պատկերացնում, թե մարդ ինչ մակարդակ պիտի ունենա, որ դա ընկալի իբրև Հանրային խորհրդի տեսակետ։ Երբ ես հարցազրույց եմ տալիս որևէ լրատվամիջոցի, ինձ ներկայացնում են տարբեր կերպ, երբեմն՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, երբեմն որպես ԱԺՄ նախագահ, որպես առաջին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար, Ղարաբաղ կոմիտեի կոորդինատոր կամ ղեկավար։ Դա լրատվամիջոցն է որոշում։ Բայց, անկեղծ ասած, եթե ուղղակի ասեն Վազգեն Մանուկյան, բավական կլինի։ Կարծում եմ՝ շատերի համար իմ արտահայտած տեսակետի հետաքրքրությունն ու կարևորությունը պայմանավորված է իմ անձով ու ներկայացրած փաստարկներով, ոչ թե այն պաշտոնով, որը ես զբաղեցնում եմ։ Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կարծիքին, ապա դա հրապարակվում է որպես փաստաթուղթ, որի տակ դրվում է իմ ստորագրությունը կամ ուղղակի գրվում է Հանրային խորհուրդ։ Այնպես որ, Հանրային խորհրդի դիրքորոշումը հստակ տարանջատված է Հանրային խորհրդի անդամների առանձին տեսակետներից։

Աղբյուրը՝ hayeli.am

Այս խորագրի վերջին նյութերը