Մեկնաբանություն

03.06.2019 12:40


Զոհրաբ Մնացականյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Զոհրաբ Մնացականյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Ադրբեջանի կողմից սպանվել է զինծառայող Սիփան Մելքոնյանը։ Սպանության փաստի ու վերջին շրջանում հրադադարի խախտումների կապակցությամբ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել։

Հայտարարությունն առաջին հայացքից ուղղված էր միայն Ադրբեջանի դեմ, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Այն մեղադրանքները, «մուննաթը» և բողոքը, որոնք ուղղված էին մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրին, հանգիստ կարելի էր հասցեագրել «ժողովրդի» վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Դատե՛ք ինքներդ։

ԱԳՆ–ն Ադրբեջանին մեղադրում է սեփական կորուստների մասին կեղծ լուրեր տարածելու և այդ կեղծիքի հիմքի վրա հայկական կողմի դեմ հարձակումն արդարացնելու համար։ ԱԳՆ–ն ճիշտ է ասում, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանին նման հնարավորություն է տվել Նիկոլ Փաշինյանը՝ սեփական աթոռային խնդիրների համար հայտարարելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք շփման գծում սրացում կարող են նախաձեռնել ու անգամ գնալ տարածքային զիջումների, որպեսզի վարկաբեկեն ՀՀ կառավարությանը։

Փաշինյանի այդ խայտառակ հայտարարությունից շտապեց օգտվել Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ ասելով, որ իրենք պետք է պատրաստ լինեն հայկական կողմի սադրանքներին։

Ադրբեջանցիները հիմա հնարավորություն են ստացել, հղում անելով Փաշինյանի խոսքերին, գնալ սադրանքների ու մշտապես մեղքը բարդել հայկական կողմի վրա։

ԱԳՆ–ն բողոքել էր նաև, որ Ադրբեջանը չի պահպանում Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտավորությունները, և պետք է շտապ ներդնել սահմանային միջադեպերի հետաքննող համակարգը։ ԱԳՆ–ն ճիշտ է ասում, բայց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի «վերելակային» դիվանագիտության շնորհիվ են «ջրվել» Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի համաձայնությունները։

Դուշանբեում Փաշինյանն Ալիևի հետ առանձին բանավոր համաձայնության էր եկել, որը ոչ մի ինստիտուցիոնալ պարտավորություն չէր դնում ադրբեջանական կողմի վրա, բայց հնարավորություն էր տալիս Փաշինյանին որոշ ժամանակ շահել ու հայտարարել, թե բա՝ տեսեք, ես կարողացա Ալիևի հետ պայմանավորվել, ու հիմա չեն կրակում։ Ասել է թե՝ հանուն կարճաժամկետ «փիառի»՝ Փաշինյանը մեր երկրի համար անվտանգության լուրջ խնդիրներ է առաջացրել, ու հիմա նա ուղղակի պատասխանատվություն է կրում հայ զինվորի սպանության համար։

Մի խոսքով, Զոհրաբ Մնացականյանը պետք է նախևառաջ Փաշինյանից հաշիվ պահանջի տեղի ունեցածի համար, ապա նոր միայն բողոքի դրսի լսարանում։

Ալիևն ու Ադրբեջանն ինչպես կան, այնպես էլ մնացել են։ Փոխվել է միայն այն, որ Փաշինյանը թշնամական այդ երկրում սպասումներ է առաջացրել և այդ սպասումները բավարարելու համար որոշակի ժամանակ խնդրել։ Ադրբեջանցիներն իրենց կրակոցներով ու ագրեսիայով Փաշինյանին այժմ «մեսիջ» են փոխանցում, որ ժամանակը սպառվում է, և պետք է կատարել այն, ինչ խոստացվել էր։ Ադրբեջանցիներն այս ամենն ասում են բաց տեքստով, իսկ Փաշինյանի կողմից լռություն է։ «Ժողովրդի» վարչապետն ուզում է թաքնվել ԱԳՆ հայտարարության հետևում, բայց լրիվ ուրիշ բան է ստացվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը