Հարցազրույց

21.05.2019 20:30


«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

«Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ․ դա լավ չէ»․ Ստանիսլավ Տարասով

«Ցանկացած հեղափոխություն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դավադրություններ, և այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանությունը, որը նպատակ ունի ոչ թե լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանը, մեկ տարի է՝ իշխանություն է, դատական համակարգն իշխանության ամենակարևոր ճյուղերից մեկն է, և այդ ոլորտում բարեփոխումները պետք է նախաձեռնվեին ամենաառաջին հերթին։ Վարչապետը դա չարեց, հին համակարգը շարունակեց աշխատել՝ բազում գործեր եղան… դատարանները գործում էին, և Փաշինյանը հարցեր չուներ։ Հենց դատարանն ազատ արձակեց Քոչարյանին, նա միանգամից հայտարարեց այդ ոլորտում առկա ճգնաժամի մասին»,-այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ, իհարկե, ճգնաժամ կա, բայց դա ունի աշխարհայացքային բնույթ, նա ցանկանում էր, որ դատարանները լինեին լիբերալ, սակայն ենթարկվեին իր կամքին։

Փաշինյանը երեկ խոսել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դավադրության հնարավորության մասին՝ ասելով, թե Արցախում ՀՀ կառավարության ու անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն է իրականացվում, որը վերլուծելով` դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ է տեսնում։ Այս առնչությամբ Տարասովն ասել է.

«Լսեք, Ղարաբաղում մարդիկ պայքարում են, նրանք հայաստանցիների հետ միասին պաշտպանում են այն տարածքը, որը նրանք ուզում են պահել իրենց վերահսկողության տակ։ Երբ Փաշինյանն իր անձնական հրամանով ազատեց պաշտոնից Ղարաբաղի Պաշտպանության նախարարին, դա Ղարաբաղի ներքին գործերին միջամտություն էր, մյուս կողմից՝ նա նշում է, որ Ղարաբաղն առանձին տարածք է։

Սրանք երկակի, եռակի ստանդարտներ են, որոնք այդ հասարակության մեջ արդեն չեն էլ աշխատում։ Սա հրապարակախոսության կրիզիս է, ժանրի ճգնաժամ է, և ոչ թե՝ քաղաքականություն։ Նա փակուղում է հայտնվել, բայց դրանից դուրս գալ է հարկավոր, որովհետև արդեն աջակցության մակարդակը նախկինը չէ, այս անգամ մարդիկ դուրս եկան իր կոչի ետևից, բայց ոչ այն թափով, ինչ անցյալ տարի գարնանը:

Ավելին՝ շատ մարմիններ, այդ թվում՝ նախագահը, կոչ արեց հետևել օրենքի տառին։ Նա քիչ-քիչ հայտնվում է մեկուսացման մեջ։ Ո՞վ է Ղարաբաղում դավադրություն կազմակերպում՝ Ռոբերտ Քոչարյա՞նը… Կամ Բակո Սահակյա՞նն է դավադրություն կազմակերպում»։

Հարցին էլ, թե այս հայտարարությունից հետո կարծիք կա, որ հայկական կողմը կարող է գնալ այդ ճանապարհով՝ մեղավորությունը դնելով Արցախի վրա, Տարասովը պատասխանել է.

«Դա հիմնավորումներից զուրկ չէ, քանի որ շատ անհետևողական քաղաքականություն է վարվում Ղարաբաղյան ուղղությամբ։ Ես շատ եմ ասել, որ մի շարք զարգացումներից տպավորություն եմ ստանում, որ կա պրոյեկտ, կա ծրագիր, դա Ղարաբաղյան կողմը նկատում է, Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում։

Հիշենք ներքաղաքական զարգացումների ամենաթեժ փուլում Ադրբեջանի պահվածքը՝ Ադրբեջանն աջակցեց Փաշինյանին, Դուշանբեի համաձայնությունը եղավ, իսկ հիմա ադրբեջանական կողմը դիտարկում է, որ ժամանակավոր շունչ քաշելու շրջանը Փաշինյանի համար ավարտվեց, և հստակ պայմաններ են առաջ քաշում։ Տպավորություն է, որ որոշ ուժեր նրան ինչ-որ տեղ են քաշում, նա փորձում է պատասխանատվության մի մասը դնել Ղարաբաղյան կողմի վրա։ Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ։ Դա լավ չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը