Մեկնաբանություն

20.05.2019 11:20


Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Ում արածներն է կրկնում Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերի մոտիվացիան իշխանությունն է։ Իրեն այլ բան չի հետաքրքրում։ Ինքն ուզում է ամբողջատիրական իշխանություն։ Բնականաբար՝ «ժողովրդի անունից»։

Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատարանի որոշումն ընդամենը առիթ էր իր համար, որպեսզի դատական համակարգում էլ տոտալիտար իշխանություն հաստատի և հանրային ուշադրությունը շեղի իր ապաշնորհ կառավարումից։

Փաշինյանը հաշվել է, որ աթոռի ամրապնդման համար ցնցումներ են պետք։

Ի դեպ, այդ առումով նա օրիգինալ չէ։ Սեփական պետության քաղաքացիներին սորտավորելու, թշնամացնելու, պառակտելու քաղաքականություն այլ տեղերում ու այլ ժամանակներում էլ է իրականացվել։

Օրինակները շատ են, բայց ներկայացնենք դրանցից մի քանիսը։

Ներպետական ցնցումներ և քաղաքացիների բաժանումներ իրականացրել է երիտթուրքերի կառավարությունը Թուրքիայում։ Իշխանության նախաձեռնած այդ ցնցումներին զոհ են գնացել 1,5 միլիոն հայ, ինչպես նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։

Պետական մակարդակով հանրությանը թշնամիների ու յուրայինների բաժանելու և ցնցումներ կազմակերպելու հարցում աչքի է ընկել նաև բոլշևիկյան իշխանությունը։ Կուլակաթափություն, գնդակահարություններ, աքսորներ և այլն։ Արդյունքում՝ միլիոնավոր զոհեր են եղել, երկիրը մատնվել է սովի, միլիոնավոր ճակատագրեր են խեղվել։

Իշխանությունն «անցումային արդարադատություն» իրականացրեց նաև ֆաշիստական Գերմանիայում՝ «ժողովրդի կանցլեր», ապա՝ ֆյուրեր Հիտլերի գլխավորությամբ։ Թիրախը հրեաներն էին ու նրանց սեփականությունը, ինչպես նաև՝ քաղաքական ընդդիմախոսները։

Պետականորեն կազմակերպած ցնցումներով ու հանցագործությամբ աչքի ընկավ նաև սովետական Ադրբեջանի ղեկավարությունը Սումգաիթում ու Բաքվում։ Ամբոխին գազազեցրել ու քսի էին տվել հայերի դեմ՝ վերջիններիս նախապես հայտարարելով «սևեր»։

Վրաստանը ցնցումների տարավ նաև տխրահռչակ Սահակաշվիլին։ Արդյունքում՝ 36.000 տնտեսվարող սուբյեկտից խլեցին սեփականությունը, և պաշտոնական տվյալներով 200 հազարից ավելի մարդ անցավ բանտերով։

Այն, ինչ անում է Նիկոլը, սկզբունքային առումով չի տարբերվում վերը ներկայացված պատմական նախադեպերից։ Նա էլ է մեր հանրության մեջ թշնամություն սերմանում, պառակտում քաղաքացիներին, ժողովրդին բաժանում սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, լավերի ու վատերի։ Մի խոսքով, «ժողովրդի վարչապետը» իշխանական լծակներն օգտագործում է մեծ ցնցումներ ապահովելու համար։ Թե ինչի է սա հանգեցնելու, դժվար չէ կռահել։ Հետո չասեք, թե չէինք զգուշացրել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը