Մեկնաբանություն

17.05.2019 18:10


Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի «քուանշը» Արթուր Դավթյանը սրել է (տեսանյութ)

Հետհեղափոխական Հայաստանում աբսուրդի ու թարս պտտված պատկերների պակաս չկա: Մեր երկիրը դարձել է ծուռ հայելիների թագավորություն:

Ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. «Մարտի 1»-ի պահով Նիկոլ Փաշինյանի պատվիրած դատավարության գլխավոր դերակատարներից մեկը ՀՀ գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանն է: Նա այն մարդն է, որ մեկ տարի առաջ ԱԺ էր մտել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու միջնորդությամբ:

Այսօր Ա. Դավթյանը դարձել է թունդ հեղափոխական և «ենիչերիական» ֆունկցիա է կատարում Նիկոլ Փաշինյանի համար:

Դավթյանը մեր ժամանակների «Վիշինսկին» է, որը ցարականից դարձավ բոլշևիկյան դատախազ ու ծառայում էր հեղափոխականներին:

Սույն ճամբարափոխ ու գունափոխ ՀՀ գլխավոր դատախազն իր կերպարով նման է նաև Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» վեպի հակահերոս դատախազ Վիլֆորին, որը ծառայում էր օրվա իշխանություններին, որոնք շատ արագ փոխվում էին:

Մի խոսքով, ճամբարափոխներ ու կամակատար դահիճներ բոլոր ժամանակներում էլ եղել են ու կլինեն: Երբ վաղը իշխանությունը փոխվի, Դավթյանը կմեղադրի արդեն քայլարածներին, եթե իհարկե հասցնի դրանից առաջ ճամբարափոխ լինել ու չհայտնվել մեղադրյալի աթոռին:

Ճակատագրի մյուս հեգնանք այն է, որ Նիկոլ Փաշինյանի համար նույն Արթուր Դավթյանն այժմ Քոչարյանի «գործով» նրա գլխավոր ներկայացուցիչն ու հույսն է դատարանում: Այն Նիկոլ Փաշինյանի, ով հաճախորդ ընդդիմադիր աշխատելու տարիներին բլոտի լեզվով ասած՝ «քուանշ» էր տալիս Արթուր Դավթյանին ու մեղադրում նրան «Մարտի 1»-ի գործը չբացահայտելու ու կողմնակալության համար:

Փաստորեն, կարող ենք ասել, որ հիմա Դավթյանը Փաշինյանի տված քուանշը նույն բլոտի լեզվով ասած սրել է՝ ընդառաջ գնալով ընդդիմադիր աշխատող Նիկոլի այն ժամանակվա հորդորներին:

Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր, օ՜ ճամբարափոխներ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը