Մեկնաբանություն

18.05.2019 08:14


Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Սահակյանը և Ղուկասյանը չէին կարող ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել

Քչից-շատից ադեկվատ ցանկացած մեկը ադեկվատ է վերաբերվում այն փաստին, որ Արցախի գործող եւ նախկին նախագահներն իրենց գործը թողած եկան, հասան Երեւան` երաշխավորելու, որ իրենց զինակից, մարտական ընկեր եւ գործընկեր, Հայաստանի երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «փախուստի դիմող» տեսակ չէ. ազատության մեջ մնալով` չի փորձի խոչընդոտել արդարադատությանը, ինչպես ժամանակին` Նիկոլը եւ Վանոն։

Ավելին` տարօրինակ կլիներ, եթե Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ջայլամի պես գլուխը մտցնեին ավազի մեջ ու ձեւացնեին, թե ոչինչ չի կատարվում, ամեն ինչ հրաշալի է եւ այդպես էլ պիտի լինի։ Լավ կլիներ, իհարկե, որ ավելի վաղ հանդես գային նման միջնորդությամբ` նախաքննության փուլում, երբ «սաղմնային վիճակից» այդպես էլ դուրս չեկած` բացառապես կամայական մեկնաբանությունների, սուբյեկտիվ գնահատականների, մանիպուլյացիայի եւ դեմագոգիայի վրա հիմնված այդ «գործը» դեռ դատարան չէր մտել։ Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ սա այն դեպքն է, որի մասին ասում են` լավ է ուշ, քան երբեք։

Նիկոլի ֆանատների արձագանքը նախագահների «անթույլատրելի միջամտությանը» կանխատեսելի էր. սրանք կատաղորեն հարձակվել են Արցախի, Արցախի իշխանությունների եւ արցախցիների վրա, հաթաթաներ են տալիս ու հոխորտում, թե` դուք էդ քանի՞ գլուխ ունեք, որ խառնվում եք մեր գործերի մեջ, չեք թողնում`մեր «մարդասպանին» հանգիստ դատենք, քառատենք ու հում-հում ուտենք։

Կան նաեւ մարդիկ` փարիսեցիներ, որոնք, «видишь ли», անհանգստացած են Արցախի ղեկավարության «անպատասխանատու պահվածքից». դեմքի խորիմաստ, մի քիչ էլ մտահոգ արտահայտությամբ հարց են տալիս` որքանո՞վ ճիշտ է, որ «Արցախը իր էլիտայի պատճառով ներքաշվում է Հայաստանի համար այդչափ զգայուն ու չափազանց քաղաքականացված գործընթացի մեջ» (արի ու մի ասա`ո՞ր սատանան էր ստիպում ազգովի ներքաշվել «այդչափ զգայուն եւ չափազանց քաղաքականացված» մի գործընթացի մեջ, որի տակից դուրս գալը, մեղմ ասած, դժվար է)։ Եվ մի բան էլ «ցավ են ապրում» ու զարմանում`Ռոբերտ Քոչարյանն էս ի՛նչ օրն է ընկել, որ «պատրաստ է Արցախի եւ Հայաստանի հարաբերությունների հաշվին այսպիսի միջնորդություն ընդունել»։

Այսինքն` 10 տարի երկիրը ղեկավարած, Լեւոնից ժառանգած ավերակների վրա աշխատող տնտեսություն ստեղծած, 7-8 տարի անընդմեջ երկնիշ տնտեսական աճ արձանագրած, զանգվածային արտագաղթի ալիքը կասեցրած եւ երկիրը «գնացող-եկողների» դրական սալդոյով իր իրավահաջորդին «փոխանցած» նախագահին «ни за что» ճաղերի հետեւում պահելը նորմալ է, նույնիսկ անհրաժեշտ. Նիկոլը Քոչարյանից անպայման եւ ամեն գնով վրեժ լուծելու անհագուրդ ցանկությամբ չի վնասում Հայաստանի եւ Արցախի հարաբերություններին։ Իսկ ճչացող անարդարության դեմ «քայլ անելը» սխալ է։ Անգամ`դատապարտելի, որովհետեւ վնասում է այդ հարաբերությունների «բնականոն զարգացմանը»։

Ու մեղավորը էլի Ռոբերտ Քոչարյանն է, որ չի համակերպվում անարդարության հետ, հանգիստ տեղը չի նստում, դիմադրում է`կռիվ է տալիս իր ազատության համար։ Այ, եթե ոչինչ չաներ, չընդվզեր իրեն մեղսագրված մերկապարանոց մեղադրանքների դեմ, մեծահոգաբար հրաժարվեր նախագահների երաշխավորագրից, թույլ տար` ատելությամբ կուրացած ամբոխը հոշոտի իրեն, ամեն ինչ ճիշտ կլիներ։

Նույնը` Մարտի 1-ին ու դրան նախորդած օրերին. եթե այն ժամանակ էլ մատը մատին չխփեր, հանգիստ նստեր տեղը եւ սուսուփուս հետեւեր, թե Մոլոտովի կոկտեյլներով, քարերով, մետաղաձողերով, կտրող-ծակող այլ գործիքներով զինված «խաղաղ ցուցարարներն» ինչպես են ավերում Երեւանի կենտրոնը, ավտոբուսներ, մեքենաներ այրում, ծեծում ոստիկաններին, հնարավորություն տար`հասնեն Բաղրամյան 26 ու գրավեն նախագահականը, այսօր նստած չէր լինի մեղադրյալի աթոռին։

Ամփոփելով նկատենք, որ պետք է զարմանալի չթվա, որ Արցախի նախագահները հանդես են գալիս երաշխավորագրերով։ Զարմանալի կլինի, որ այդ երաշխավորագրերը հիմք չընդունվեն։ Դա նաև շատ վտանգավոր հետևանքներ կառաջացնի։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը