Աշխարհ

08.05.2019 18:50


Թուրքիայի փաստաբանական պալատները դատապարտել են ԿԸՀ-ի որոշումը

Թուրքիայի փաստաբանական պալատները դատապարտել են ԿԸՀ-ի որոշումը

Թուրքիայում գործող 49 փաստաբանական պալատներ համատեղ մամուլի հաղորդագրություն են տարածել՝ դատապարտելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։

Հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ ԿԸՀ-ի նշած հիմնավորմամբ Ստամբուլի ընտրությունների արդյունքների չեղարկումն «անհնար է ընդունել թե՛ օրենքի, թե՛ խղճի տեսակետից»։

«Այս որոշմամբ առ ոչինչ են համարվում մեր երկրի երկարատև ու փորձություններով լի ժողովրդավարության պատմության ընթացքում ձեռք բերված ողջ փորձը, իրավական կանոնակարգերը, ընտրական հանձնաժողովների գործունեությամբ ամրապնդված նախադեպային և սկզբունքային որոշումները։ Մինչդեռ այդ ամենը նրա համար էր, որպեսզի ընտրություններն անցկացվեն առողջ մթնոլորտում և թափանցիկ կերպով արտացոլեն ժողովրդի/ընտրողների կամքը։ ԿԸՀ-ի որոշմամբ մի կողմ է նետվում այս ողջ կուտակված փորձը։ Ընտրողների կասկածներն ու մտահոգությունները ընտրության արդյունքների վերաբերյալ այսուհետ կավելանան, իսկ ընտրական հանձնաժողովների նախագահներն ու անդամներն էլ կընկալվեն որպես պոտենցիալ օրինախախտներ։ Այս որոշումը, ցավոք, մեր ժողովրդավարության և իրավունքի պատմության մեջ կմնա որպես սև բիծ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայտարարությունը տարածվել է 49 քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի, Անթալիայի, Բուրսայի, Դիարբեքիրի, Գազիանթեպի, Սպարտայի, Մուշի, Սամսունի, Տրապիզոնի, Վանի փաստաբանական պալատների անունից։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունները բողոքարկել էին մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։ Արդյունքում Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 6-ին որոշել էր չեղյալ հայտարարել այդ ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուի հաղթանակը՝ պնդելով, թե ընտրական հանձնաժողովները կազմվել են օրենքի պահանջների խախտմամբ։ ԿԸՀ-ի որոշմամբ նոր ընտրությունները կանցկացվեն հունիսի 23-ին։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը