Քաղաքական

07.05.2019 14:00


«Վճռաբեկ դատարանի նոյեմբերի որոշումը, ըստ ՍԴ որոշման, հանդիսացել է ոչ սահմանադրական». Արամ Վարդևանյան

«Վճռաբեկ դատարանի նոյեմբերի որոշումը, ըստ ՍԴ որոշման, հանդիսացել է ոչ սահմանադրական». Արամ Վարդևանյան

«Վճռաբեկ դատարանի նոյեմբերի որոշումը, ըստ ՍԴ որոշման, հանդիսացել է ոչ սահմանադրական որոշում, եւ ենթակա է վերանայման»,-այս մասին Սահմանադրական դատարանի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի տվյալ դիմումով բարձրաձայնվել էր Վճռաբեկ դատարանի նոյեմբերի այն որոշումը, որով գործն ուղարկվել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության. «Այդ որոշման մեջ Վճռաբեկն ասել էր, որ Քոչարյանը ոչ թե անձեռնմխելի չէ, այլ որոշակի ստանդարտ էր ներկայացրել անձեռնմխելիության վերաբերյալ՝ այն պարագայում, երբ դա կարող է անել միայն Սահմանադրկան դատարանը, այսինքն՝ որոշակիորեն փորձել էր լուծում տալ Սահմանադրական նորմի վերաբերյալ, այն է՝ վերաքննության ուղարկել»։ Մինչդեռ պաշտպանական կողմը, վիճարկելով Քրդատօրենսգրքի 419-րդ հոդվածը, ընդգծել էր, որ այն հստակ սահմանում է, որ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում, ինչպես, օրինակ կալանավորումն է, Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի վերջնական դատական ակտ. «Ստացվում է՝ կալանավորման վերաբերյալ որոշումը կայացվել էր հունիս-հուլիս ամսին, այնուհետեւ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ազարյանի նախագահությամբ, որոշել էր, որ 2-րդ նախագահը անձեռնմխելի է եւ չի կարող կալանավորվել, այնուհետեւ՝ նոյեմբեր ամսին, Վճռաբեկը գործը կրկին ուղարկել էր Վերաքննիչ՝ դարձյալ կալանավորման հարցով, եւ մեր կողմից վիճարկվող հոդվածի էությունը հենց այն էր, որ այդ պրոցեսը չի կարող այդքան երկար տեւել, եւ Վճռաբեկ դատարանը պետք է կայացնի վերջնական որոշում»։

Արամ Վարդեւանյանը պնդում է՝ Վճռաբեկ դատարանը ինքը պետք է կայացներ վերջնական դատական ակտ. «Իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում Վճռաբեկը այն ուղարկեց Վերաքննիչ, ինչը չէր կարող անել, եւ ՍԴ-ի որոշման էությունը հենց այս էր, այսինքն՝ խախտվել է արդար դատաքննության իրավունքը»։

Արամ Վարդեւանյան նշում է, որ սա հանդիսանում է նոր հանգամանք, ուստի որոշումը ենթակա է վերանայման. «Ըստ էության, ստացվում է, որ նոյեմբեր ամսից մի շարք որոշումներ են կայացվել, որոնք բխում էին Վճռաբեկ դատարանի նոյեմբերի այդ որոշումից, որը, փաստորեն, պետք է վերանայվի, եւ կալանավորման հարցը նորից պետք է դառնա քննարկման առարկա դատական ատյաններում, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանում»։

«Փաստինֆո»-ի այն հարցին, թե իրավական առումով դա կարո՞ղ է ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս կալանավորման վրա, Արամ Վարդեւանյանը նշեց, որ սա որոշ առումով աննախադեպ իրավիճակ է, եւ դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա. «ՀՀ քրեական դատավարության եւ արդարադատության մեջ նման իրավիճակ չի եղել, եւ թե ինչ է սա իրենից ենթադրում, ես ինքս դժվարանում եմ կանխատեսել, բայց պետք է փաստենք, որ Բարձր դատարարանը արձանագրել է, որ Վճռաբեկի նոյեմբերին կայացված որոշումը Սահմանադրության համապատասխանության խնդիր է ունեցել, այլ կերպ ասած՝ Սահմանադրությանը ոչ համապատասխանղ մեկնաբանությամբ է կայացվել»։

Փաստաբանի կարծիքով ՍԴ այս որոշումը մի շարք գործերով էական նշանակություն է ունենալու եւ այս առումով մի շարք այլ աձինք էլ են շահելու. «ՍԴ որոշումները իրավունք են զարգացնում, եւ այն իրավիճակը, որ Առաջին ատյանը քննում է, Վերաքննիչը քննում է, Վճռաբեկը քննում է ու նորից ուղարկում Վերաքննիչ՝ վերաքննության, այլեւս չենք ունենալու՝ ի շահ արդար դատաքննության եւ անձի ազատության իրավունքների»։

Լրագրողի այն հարցին, թե ինչու ՍԴ չեն դիմում նաեւ այդքան վիճարկվող անձեռնմխելիության հարցով, Վարդեւանյանն ասաց. «Պրոցեսը ցույց կտա»։ Նա ընդգծեց, որ իրենք, հանդիսանալով պաշտպանական կողմ, ապացուցման պարտավորություն չունեն. «Մեղադրող կողմը պարտավոր է իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն, հետեւաբար՝ քրեական հետապնդման մարմինը պետք է ապացուցի, որ չկա անձեռմխելիության խնդիր, իսկ պաշտպանական կողմը որեւէ ապացուցման պարտավորություն չունի, եւ ինձ համար առնվազն տարակուսելի է, թե Գլխավոր դատախազը, ունենալով լիազորություն ՍԴ դիմելու, ինչու չի դիմել այդ հարցով, ընդ որում՝ նա կարող է դիմել շատ ավելի պարզ ճանապարհով՝ առանց սպառելու ներպետական ատյանները, միայն գործն իր վարույթում ունենալով, իսկ այս դեպքում իր վարույթում իհարկե ունի»,-կարծում է Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ պաշտպանական կողմը բարձրաձայնել էր նաեւ ողջամիտ ժամկետների հետ կապված խնդիրը, նաեւ այն, որ անձը նախնական շրջանում լինում է կալանավորման տակ, ապա ազատ է արձակվում, այնուհետեւ՝ նորից կալանավորվում. «Այլ կերպ ասած՝ այն, ինչ տեղի ունեցավ Քոչարյանի դեպքում, եւ թե ինչ հանգամանք է նշել ՍԴ-ն սրա վերաբերյալ, կկարողանանք ասել միայն ՍԴ-ի որոշմանը ծանոթանալուց հետո»,-նշեց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը