Մեկնաբանություն

04.05.2019 11:45


Ի՞նչ ընտրություն կկատարի Փաշինյանը Սանասարյանի գործում (տեսանյութ)

Ի՞նչ ընտրություն կկատարի Փաշինյանը Սանասարյանի գործում (տեսանյութ)

Արտառոց իրավիճակ է ստեղծվել իշխանական թիմում։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՊՎԾ կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանն իրար հետ խոսում են մամուլի միջոցով։

Վանեցյանը պայմանականորեն ներկայացնում է իշխանության պրոֆեսիոնալ թևն ու ռուսամետ վեկտորը, իսկ Սանասարյանը՝ դիլետանտ թևն ու «սորոսամետ» վեկտորը, որը ոչ այնքան արևմտյան, որքան թուրք–ադրբեջանական կարելի է համարել։

Թեև Վանեցյանն ու Սանասարյանը ասուլիսներով, ճեպազրույցներով ու այլ ձևերով իրար անուն են տալիս ու իրար պատասխանում, բայց նրանց խոսքերի իրական հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, որը հայտնվել է երկու քարի արանքում։

«ԱԱԾ պետին կոչ եմ անում չխոսել այս գործի մասին։ ... Չեմ կասկածում, որ էս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը: Եթե այլ կերպ գնաց, բավականին լուրջ ու նոր պայքար է սկսվելու նոր Հայաստանում՝ իրավական դաշտը մաքրելու»,– հայտարարել է Դավիթ Սանասարյանը։

Սա «թարգմանաբար» նշանակում է «Նիկո՛լ, գործս կարճես, ձայնս կկտրեմ, չկարճես՝ աղմուկ կբարձրացնեմ» գործարք–սպառնալիք։

«Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, ամբողջությամբ հիմնավորված է։ ... Ինչո՞վ է տարբերվում Սանասարյանը ՀՀ մյուս քաղաքացիներից։ Եթե կապացուցվի, որ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակներում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություն և այլ բաներ, ապա ես պատասխան կտամ»,– իր հերթին հայտարարել է Վանեցյանը։

Վանեցյանի խոսքն էլ է ուղղված Փաշինյանին։ Նա պահանջում է վարչապետից, որպեսզի սաստի Սանասարյանին ու պաշտպանի մեղադրանքը, քանզի դրանք հիմնավոր են, այլապես ինքը հրաժարական կտա՝ այդտեղից բխող բոլոր քաղաքական հետևանքներով։

Փաշինյանը մինչև այս պահը ցույց է տվել, որ Վանեցյանի տեսակետն է պաշտպանում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի Հայաստանում ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը և գլխավոր դատախազը փաստացի Նիկոլ Փաշինյանն է։

Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը չխախտելով հանդերձ՝ նշենք, որ եթե նրա գործով հիմնավոր ապացույցներ չլինեին, ապա Փաշինյանը թույլ չէր տա մեղադրանք առաջադրել։ Իսկ այն հարցում, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Փաշինյանի ցուցմամբ, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Նիկոլ Փաշինյանն այժմ ծանր ընտրության առաջ է կանգնած։ Եթե Սանասարյանի ասածներն անի ու կարճի գործը, ապա «ժողովրդի վարչապետը» «կփչանա», ու կստացվի, որ նա կա՛մ Սանասարյանի շանտաժից վախենալով կոծկում է գործը, կամ էլ Սանասարյանը ճիշտ է ասում, որ իր դեմ գործը կարված է։

«Գործը կարված է» տարբերակի դեպքում կհիմնավորվի, որ «նոր Հայաստան» կոչվածում գործ կարելը խաղի կանոն է, ու, առավել ևս, այդ գործերը կարվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդների դեմ։

Իսկ եթե Փաշինյանը Սանասարյանի գործով գնա մինչև վերջ, ապա այդպիսով կավարտվի հեղափոխականների՝ կոռումպացված չլինելու մասին հեքիաթը, ինչպես նաև ներիշխանական գզվռտոցը դուրս կգա հրապարակային դաշտ։ Այս սցենարի դեպքում Փաշինյանը «սորոսականների» կողմից կարող է մեղադրվել օլիգարխների հետ գործարքի գնալու և ֆեյք հեղափոխական լինելու մեջ՝ «Նախորդ ռեժիմի կարկառուն դեմքերին թողած՝ մեր Դավոյի՞ն ես բռնում» ծրագրի շրջանակներում։

Ինչ ընտրություն էլ կատարի Փաշինյանը, միևնույն է, դատապարտված է վարկանշային լուրջ կորուստներ ունենալուն։ Բայց դրա համար ինքն իրեն պետք է մեղադրի։ Ատելություն ցանողը չի կարող սեր ու հանդուրժողականություն ստանալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը