Լրահոս

29.03.2010 14:26


Արցախի երիտասարդությունը բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Արցախի երիտասարդությունը բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Մարտի 26-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում կայացավ երիտասարդական խորհրդակցություն' ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի կողմից  Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հնչեցված հայտարարության առիթով: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը սիրիական «AL Watan» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է. «...Ի հակառակ Ադրբեջանի պնդումների' այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում է, ոչ էլ' շահագործվում: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքը..»: Նմանօրինակ հայտարարության վերաբերյալ խիստ  անհամաձայնություն ցուցաբերելով' ՀՅԴ ԱԵՄ և «Արամ Մանուկյան» ուսանողական միությունները  հրավիրեցին Արցախի բոլոր երիտասարդական կազմակերպություններին՝ կլոր սեղանի շուրջ կարծիքների ու առաջարկների փոխանակման, ընդհանուր վերլուծության ու համատեղ ձայնով միասնաբար հանդես գալու: Քննարկման արդյունքում երիտասարդներն իրենց  մտահոգությունն են արտահայտել,  որտեղ նշվել է, որ  ՀՀ նախագահն առանց ԼՂՀ  քաղաքացիների իմացության իրավունք չունի նման հայտարարություն անել: Ըստ նրանց  ժամանակն է եկել ՀՀ և ԼՂՀ միջև հստակեցում մտցնելու. ի վերջո՝ ո՞վ իրավունք ունի այդպիսի բան հայտարարելու, եթե Ղարաբաղի տեսակետն այն է, որ նախ և առաջ ԼՂՀ-ն ամեն գնով դառնա բանակցային կողմ:

Եթե այսօր Ղարաբաղը  բանակցություններում ներկա չէ, ապա ոչ ոք իրավունք չունի Արցախի անունից ազատագրված տարածքների  մասին որևէ տեղ որևէ արտահայտություն թույլ տալ, այդ թվում և ՀՀ նախագահը: Այս առնչությամբ երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, որը ներկայացնում ենք կից.

ԼՂՀ մեծարգո նախագահ

Դուք բազմիցս հայտարարել եք, որ Ղարաբաղյան հարցի շուրջ ընթացող բանակցություններն ընթանում են խեղաթյուրված ձևաչափով, քանի որ այդ բանակցություններին ուղղակիորեն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը: Բացի դրանից, Դուք բազմիցս ողջունել և իրականացրել եք վերաբնակեցման քաղաքականությունը, վստահեցրել այդ տարածքներում ապրող մեր հայրենակիցներին, որ այդ տարածքները մեր երկրի անբաժան մասն են՝ ամրագրված ԼՂՀ Սահմանադրությամբ: Այդ առիթով՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր երախտագիտությունը և պաշտոնապես Ձեր կողմից հնչեցված քաղաքականությանը զորավիգ լինելու մեր պատրաստակամությունը: Վստահ ենք, որ Ձեր կողմից վերոհիշյալ ուղղությամբ վարվող քաղաքականությունը կմնա անփոփոխ: Արդարև, ԼՂՀ իրավազորության տակ գտնվող տարածքների տերն են հանդիսանում ԼՂՀ քաղաքացիները, ուստի՝ ԼՂՀ տարածքի ցանկացած փոփոխություն պետք է կատարվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

Հաշվի առնելով վերոնշյալը' մեր կարծիքով, ՀՀ նախագահը կարող է արտահայտել իր անձնական կարծիքը տարածքների վերաբերյալ, բայց իրավունք չունի որպես ՀՀ նախագահ, առաջարկել ԼՂՀ այդ տարածքների ճակատագրի վերաբերյալ   ցանկացած տարբերակ' առանց համաձայնեցնելու ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի հետ: Սիրիայում ՀՀ նախագահի ելույթը կասկածի տակ է դնում ինչպես ԼՂՀ Սահմանադրությունը, այնպես էլ ԼՂՀ օրինական իշխանությունների ընտրած քաղաքական կուրսը: Մենք ժխտողական վերաբերմունք ունենք ՀՀ նախագահի վերոնշյալ կեցվածքին և գտնում ենք, որ ժամանակն է համաձայնագիր ստորագրվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև, որում հստակեցվի երկու պետությունների իրավունքներն ու պարտականությունները ԼՂՀ ճանաչման գործընթացում:

Մենք՝ ներքո ստորագրյալներս, քաջ գիտակցելով մեր՝ այս երկրի ապագայի տերն ու ժառանգորդը լինելու անժխտելի իրավունքը, հավաստիացնում ենք, որ թույլ չենք տա մեր անկախ ու անվտանգ ապրելու գրավական հանդիսացող  մեր երկրի տարածքային ամբողջականության հարցը  որևէ քաղաքական շահարկման և սակարկման առարկա  դարձնել: Վերոհիշյալ մոտեցումը հստակ ամրագրվել է 22.11.08թ և 18.03.09թ. Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների միացյալ հայտարարությամբ:

Հավաստիացնում ենք Ձեզ, որ մենք՝ Արցախի երիտասարդներս, անկոտրում ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու մեր նպատակներում, քանզի քաջ գիտակցում ենք, որ ԼՂՀ  տարածքային ամբողջականության խախտումը ծնելու է նոր պատերազմ, նոր ավեր, նոր զոհեր»:

«Արցախի ԵՄՔԸ»

«Հայկի սերունդ» ԵՀԿ

 ԱԺԿ երիտասարդական թև

«Ապառաժ» երիտասարդական միություն

«Երիտասարդ քաղաքագետների ակումբ»

Արցախի թեմի երիտասարդաց միություն

ՀՅԴ Արցախի Երիտասարդական միություն

ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միություն

«Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թև

Այս խորագրի վերջին նյութերը