Լրահոս

23.03.2010 10:17


Հ. Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կապել է պատմական հանձնաժողովի հետ

Հ. Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը չճանաչելը կապել է պատմական հանձնաժողովի հետ

Նախօրեին Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդման հյուրն էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Հաղորդման ընթացքում նրան ուղղվել է նաև Սոչիի համալսարանի ուսանող Արսեն Թևանյանի հարցը՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ։

-Ինչո՞ւ եք դուք և նախագահ Օբաման ընդդիմանում 252-րդ բանաձևին։ Իր նախընտրական արշավի ժամանակ պարոն Օբաման խոստացել է ճանաչել Ցեղասպանությունը, իսկ հիմա այդ մասին կարծես մոռացել է,- Հ. Քլինթոնին հարցրել է ուսանողը։

ԱՄՆ պետքարտուղարն այսպես է պատասխանել.

-Չեմ կարծում, թե ինչ-որ մեկն ինչ-որ բան մոռացել է, բայց շատ կարևոր է այն, ինչ տեղի է ունենում՝ Թուրքիայի և Հայաստանի համատեղ աշխատանքը։ Ի դեպ, աշնանը Ցյուրիխում Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, այլ երկրների ԱԳ նախարարների հետ ես նույնպես ներկա էի մի շարք համաձայնագրերի ստորագրմանը՝ ուղղված Հայաստանի և Թուրքայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Եվ դրանցից մեկն էլ այդ երկրների կողմից պատմական հանձանաժողովի ստեղծումն էր, որը կզբաղվեր անցյալի հետ կապված առկա խնդիրներով։ Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է, եթե երկու երկրները, երկու ժողովուրդները կենտրոնանում են այդ ամենի վրա։ Գիտե՞ք, ես բազմիցս եմ ասել՝ մենք չենք կարող փոխել մեզ ժառանգություն հասած անցյալը։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք, ավելի լավ ապագայի հասնելն է։

-Հանձնաժողովը գոյություն ո՞ւնի,-իր հերթին հարցրել է հաղորդումը վարող Վլադիմիր Պոզները։

-Այն ստեղծման փուլում է,-պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը