Լրահոս

23.03.2010 08:44


Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն

Նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ' Ռիտա Սարգսյանի հետ:

ՍԱՀ Ժողովրդական պալատում այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի առանձնազրույցը:

Ողջունելով ՀՀ Նախագահին' Բաշար ալ-Ասադը վստահություն է հայտնել, որ Նախագահների մակարդակով փոխայցելությունները նոր խթան  կհանդիսանան Հայաստանի եւ Սիրիայի միջեւ առկա հարաբերությունների խորացման համար:

Երկու պետությունների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Հայաստանի ու Սիրիայի Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկոսության առկա մակարդակը:

Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրիայի Նախագահին' մեր ժողովրդի համար պատմության օրհասական պահերին ցուցաբերած անգնահատելի աջակցության համար' նշելով, որ սիրիահայ համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու ժողովուրդների ու պետությունների միջև:

Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի' Երևան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին, կարևորել գործարար շրջանակների շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա ընդլայնել երկու բարեկամ երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ծավալը:

Բանակցությունների ավարտից հետո Հայաստանի եւ Սիրիայի ղեկավարները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել լրագրողների հարցերին:  

Պաշտոնական այցելության առաջին օրվա ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանը Դամասկոսի օպերայի թատրոնում ներկա կգտնվեն Արամ Խաչատրյանի "Սպարտակ" բալետի ներկայացմանը: Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից' ի պատիվ Սերժ և Ռիտա Սարգսյանների, ուշ երեկոյան կտրվի պաշոնական ընթրիք:

Այս խորագրի վերջին նյութերը