Հարցազրույց

27.01.2019 14:40


Հայկական կողմը Ղարաբաղի հարցում պետք է կոմպրոմիսների ցանկ ներկայացնի, ներկայումս հնարավոր չէ հասնել խաղաղության. Գրիգորի Տրոֆիմչուկ

Հայկական կողմը Ղարաբաղի հարցում պետք է կոմպրոմիսների ցանկ ներկայացնի, ներկայումս հնարավոր չէ հասնել խաղաղության. Գրիգորի Տրոֆիմչուկ

Զիջումը կոմպրոմիսն է. պաշտոնական Բաքուն հնչեցրել է իր համար ընդունելի կոմպրոմիսներ, որոնցից են Ղարաբաղի ստատուս քվոն դիտարկելն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պլատֆորմ ձևավորելը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նա հիշեցրեց, որ այս առաջարկները կարող են դուր գալ կամ չգալ, բայց նման առաջարկներ եղել են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կողմից դրանք հնչեցրել է դեռևս 2016թ.՝ ապրիլյան պատերազմից հետո: Ըստ փորձագետի՝ դեռևս պարզ չէ, թե ինչ կոմպրոմիսների է պատրաստ Հայաստանը:

-Ինչպե՞ս եք գնահատում Դավոսում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ի՞նչ նպատակ էր այն հետապնդում:

-Սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած երկրորդ, ակնթարթային, ինչ-որ տեղ փորձնական հանդիպումն էր: Առաջին հանդիպումը, հիշեցնեմ, տեղի էր ունեցել Դուշանբեում՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովի «կուլիսներում»: Բայց Դավոսում տեղի ունեցած այս վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն այլ կարգավիճակ ու լիազորություններ ուներ: Երկու հանդիպումների ժամանակ էլ չէր կարող լինել առարկայական քննարկում Ղարաբաղի մասով:

Միակ բանը, որը կարելի է նշել Դավոսում տեղի ունեցած հանդիպման մասին, Հայաստանի վարչապետի դեմքի արտահայտությունն էր, որը թողնում է այնպիսի տպավորություն, թե նրան կարծես ստիպողաբար են տարել: Բաքվում լավ հասկանում են, որ ղարաբաղյան, այսպես կոչված, «կլանից» հետո Նիկոլ Փաշինյանն ավելի կոշտ բանակցող է: Մի՛ մոռացեք, որ նա իր արշավն սկսեց Ղարաբաղից ու հայտարարեց, որ Ղարաբաղի «աթոռը» պետք է մոտեցվի բանակցային սեղանին:

Հայկական կողմի համար նաև կարևոր է, որ Ադրբեջանը մոռացել է, թե ով է Նիկոլ Փաշինյանը, իսկ Փաշինյանը «մարդ է փողոցից»:

-Այս հանդիպումից առաջ տեղի էր ունեցել արտաքին գործերի նախարարների հանդիպում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ պետք է «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»: Ի՞նչ է սա նշանակում:

-Սա ոչինչ չասող հայտարարություն է: Միշտ և բոլոր կողմերից, հատկապես միջազգային միջնորդների, դիտորդների կողմից հնչել են ու շարունակում են հնչել խաղաղության կոչեր:

ԵԱՀԿ Մինսկի խումբը բացառություն չէ: Նրանք երբևէ չեն ողջունել լարվածության աճն ու պատերազմի վերսկսման հավանականությունը: Ինչ վերաբերում է երկու ժողովուրդներին, ապա կարծում եմ, որ որևէ կոչ նրանց հանգստացնել չի կարող: Նրանք հասկանում են, որ ամեն ինչ լինելու է նույնը ու ինչ-որ տեղ ավելի վատ, քանի որ չկա և չի լինելու խաղաղ ապագայի որևէ երաշխիք: Ադրբեջանը նախկինի պես պահանջում է որքան հնարավոր է արագ հետ վերադարձնել հողերը: Եթե Ադրբեջանը նման պահանջներից հրաժարվեր, հնարավոր կլիներ խոսել խաղաղության մասին:

-Հնարավո՞ր է հասնել խաղաղության՝ առանց զիջումների: Ո՞րն է խաղաղության գինը:

-Զիջումը կոմպրոմիսն է: Պաշտոնական Բաքուն հնչեցրել է իր համար ընդունելի կոմպրոմիսներ, որոնցից են Ղարաբաղի ստատուս քվոն դիտարկելն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պլատֆորմ ձևավորելը: Այս առաջարկները կարող են դուր գալ կամ չգալ, բայց նման առաջարկներ եղել են, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կողմից դրանք հնչեցրել է դեռևս 2016թ.՝ ապրիլյան պատերազմից հետո:

Դեռևս պարզ չէ, թե ինչ է առաջարկում Հայաստանը: Կա միայն այն հանգամանքը, որ հայտնվել է «Արցախ» անվանումը, որ Հայաստանն ուզում է բանակցային սեղանին «աթոռ» առանձնացնել Ղարաբաղի համար, ինչն Ադրբեջանում դիտարկում են որպես պրովոկացիա: Կարծում եմ, որ հայկական կողմն էլ իր հերթին պետք է կոմպրոմիսների ցանկ ներկայացնի: Այն իրավիճակում, որ կա այսօր, խաղաղության ամրագրումը հնարավոր չէ:

Այս խորագրի վերջին նյութերը