Լրահոս

16.03.2010 13:05


Արթուր Բաղդասարյան. «Վստահ եմ, որ կանխեցինք ավելի մեծ բախումները»

Արթուր Բաղդասարյան. «Վստահ եմ, որ կանխեցինք ավելի մեծ բախումները»

-Ամեն մի ողջախոհ քաղաքացի տեսնում էր, թե ի՞նչ է տեղի ունենում այդ օրերին, և մեր որոշումից շատ բան էր կախված, թե ինչ կլինի Հայաստանում,-մամուլի ասուլիսի ժամանակ մարտի 1-ից առաջ իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին խոսելիս ասել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Նա նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենատարբեր պիտակներով վարկաբեկում էր իրեն, և այդ բարդ իրավիճակում ՕԵԿ-ը կայացրեց մի որոշում, որը նպաստում էր երկիրն առաջ տանելուն, ոչ թե քաղաքական լարվածությունն ավելի խորացնելուն և առճակատումը մեծացնելուն, ինչը կարող էր մեծաթիվ բախումների և զոհերի հանգեցնել։

-Կարծում եմ՝ մենք ունեցանք շատ կարևոր դերակատարություն, և ես դա ասում եմ հպարտությամբ՝ չնայած դրանից հետո իմ մասին ինչ ասես գրեցին, ունեցանք վարկանիշի լուրջ անկում, բայց մենք առաջնորդվեցինք նրանով, որ ավելի լավ է մի տուն սարքել, քան տասը տուն քանդել։ Երբ 2011-12թթ. գնամ Գյումրի և տեսնեմ, որ մի քանի հազար մարդ տուն է ստացել, ես ինձ կհամարեմ երջանիկ մարդ, որ իմ պայքարով, իմ ստորագրած փաստաթղթով մի քանի հազար մարդ տան տեր դառավ, այլ ոչ թե մի քանի ընտանիք քանդվեց, քայքայվեց և ավերվեց,- ասել է Ա. Բաղդասարյանը։

«7օր»-ի՝ «Մարտի 1-ից հետո Դուք հայտարարել էիք, որ եթե կոալիցիոն իշխանությանը մաս չկազմեիք, զոհերն ավելի շատ կլինեին։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, թե տեղյակ էիք, որ իշխանությունը նման քայլի է գնալու» հարցին պատասխանելիս Ա. Բաղդասարյանը նշել է, որ կոալիցիա կազմելու քայլին ինքը դիմել է իրավիճակի գնահատականից ելնելով և ոչ թե իշխանության հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն ունենալու պատճառով.

-Ինձ թվում է՝ այդ իրավիճակի գնահատումը միայն ես չեմ արել։ Վստահ եմ, որ կանխեցինք ավելի մեծ բախումները, ավելի մեծ արյունահեղությունը։ Ժողովուրդը գալիս էր մեր գրասենյակ և հարցնում, թե ի՞նչ ենք որոշել։ Ի վերջո, իմ օգտին 300 հազ մարդ է քվեարկել, նրանք սպասում էին իմ խոսքին։ Ո՞ւր էին գնալու այդ մարդիկ, միանալու էին հանրահավաքին կանգնածների՞ն։ Հետո ի՞նչ էր լինելու։ Հիմա մեկի երեխու մատը փուշ է մտնում, տնով-տեղով խառնվում են իրար։ Մարտի 1-ին 10 մարդ զոհվեց, 10 ընտանիք որբացավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը