Լրահոս

08.12.2010 18:18


Սպարտակ Մելիքյանն ԱԺ–ում կրկին անդրադարձել է Վերահսկիչ պալատին

Սպարտակ Մելիքյանն ԱԺ–ում կրկին անդրադարձել է Վերահսկիչ պալատին

Այսօր կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին հարցրել է՝ ինչո՞վ է պայմանավորված թերթից մեկին ասած նրա խոսքերի ու Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարության տարբերությունը։ Ս. Մելիքյանը նկատել է՝ Արթուր Գրիգորյանն ասել է, որ Վերահսկիչ պալատում իր պաշտոնավարման տարիներին աշխատանքից չի ազատվել որևէ մեկը, հետևապես լուրջ օրինախախտումներ չեն եղել և նույնիսկ արգելված էր Վերհասկիչ պալատի կողմից ստուգող օբյեկտում ընդմիջում անելը, իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ 2008-2010թթ. 2-3 աշխատող աշխատանքի ոչ վայել պահվածքի համար հեռացվել է աշխատանքից։

-Վերահսկիչ պալատի հետ կապված ես մնում եմ նույն համոզմունքին և պետք է ասեմ, որ 2008-2009թթ. պարոն Զաքարյանի կողմից հայտարարված այն աշխատակիցները, ովքեր հեռացվել են աշխատանքից, ամեևին էլ կապ չեն ունեցել կոռուպցիայի կամ ինչ-որ այլ հարցերի հետ։ Ես ինքս այդ տարիներին աշխատել եմ ՎՊ-ում որպես վարչության պետ և գիտեմ՝ ինչի համար են հեռացվել։ Հեռացվել են վատ կատարած աշխատանքի համար,-պատասխանել է Ա. Գրիգորյանը։

Ս. Մելիքյանը Սոցապ նախարարից հետաքրքվել է նաև՝ այդ նույն հոդվածում արտահայտված համոզմունքը, որ իր և Վերահսկիչ պալատի վեճի արդյունքում ՎՊ-ն ճիշտ է դուրս գալու, բխում է Ա. Գրիգորյանի կանխակալ վստահությունի՞ց, որ ՎՊ-ն ամենազոր է և ուրեմն կարող է ազդել անգամ դատարանի վճռի վրա։

«Պատկերացնո՞ւմ եք արդյոք ձեր պատասխանատվության չափը տվյալ հայտարարության հետևանքների հետ կապված»,-հետաքրքվել է ԺԱԿ նախագահը։

-Եթե խոսքը վերաբերում է այդ պայքարի մեջ հաղթելուն կամ պարտվելուն, ես նման հայտարարություն չեմ արել, որ ես համոզված եմ՝ ՎՊ-ն ճիշտ է դուրս գալու։ Ես ասել եմ՝ քանի որ ՎՊ-ն դիմել է դատարան և դուք էլ պատրաստվում եք հավաստի տեղեկություններ ներկայացնել, դատարանն, ինձ թվում է, ձեր կողմից ներկայացված բոլոր ապացույցների ճիշտ գնահատման արդյունքում կհանգի օբյեկտիվ եզրահանգման,-պատասխանել է Ա. Գրիգորյանը։

Այդուհանդերձ, Ս. Մելիքյանը պնդել է և մեջբերել հարցազրույցի այդ հատվածը, որտեղ Սոցապ նախարարը բառացիորեն ասում է. «Համոզված եմ, որ ՎՊ-ն միանշանակ ճիշտ է դուրս գալու»։

Ի պատասխան՝ Ա. Գրիգորյանը եզրափակել է.

-Իմ համոզմունքն է, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ինքս ՎՊ-ում իմ աշխատած տարիներին համոզվել եմ, որ նման երևույթներ բացառապես գոյություն չունեն այնտեղ։ Ինչ վերաբերվում է ձեր և պարոն Զաքարյանի միջև կոնֆլիկտին, դատարանի՛ միջոցով լուծեք ձեր խնդիրները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը