Քաղաքական

03.12.2018 18:10


Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում  (տեսանյութ, լրացված)

Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքի ներկայացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Շարունակեցինք պաշտպանների բողոքի ներկայացման գործընթացը: Կարելի է ասել՝ ավարտվեց պաշտպանների բողոքի ներկայացումը: Հիմա կանցնենք հաջորդ փուլին: Դեռևս դատախազության դիրքորոշումը և այլ գործընթացներ չեն իրականացվել: Դիրքորոշումների ներկայացումից հետո կքննվեն և առարկությունների ներկայացումից հետո կանցնենք միջնորդությունների քննությանը»,-ասաց Օրբելյանը:

Նրա խոսքով` նախորդ դատական նիստերին դատավորի ինքնաբացարկի միջնորդության հարցն էր քննարկվել, հետո ներկայացվել պաշտպանների բողոքը:

Օրբելյանը չի կարծում, որ ֆիզիկապես հնարավոր կլինի այսօր կայացնել որոշումը:

Վերաքննիչ դատարանը շարունակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

***

Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը ներկայացնում է իր առարկություններ պաշտպանական թիմի բողոքի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նրա խոսքով` առարկությունները հիմնականում ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Առարկությունները հիմնականում ներկայացնում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա մեր բոլոր փաստարկներին փորձում էր անդրադառնալ: Չէի ասի, որ համոզիչ էին նրա հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել է` փորձել է դետալ առ դետալ իր հակափաստարկները ներկայացնել, հատկապես՝ անձեռնմխելիության հետ կապված»,-ասաց Ալումյանը:

Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը ընդմիջումից հետո շարունակելու է իր առարկությունները ներկայացնել:

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ելույթ է ունեցել Վերաքննիչ դատարանում ընթացող դռնփակ դատական նիստում։ Այս մասին լրագրողներին հայտնել է դատարանի դահլիճից դուրս եկած փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ելույթ ունեցել է, բայց թե ինչ է խոսել, հայտնել չեմ կարող,–ասել է Օրբելյանը,-Դատավարական այս փուլը, երբ բողոքներ ու առարկություններ են ներկայցվում, շատ պասիվ գործընթաց է։ Դիրքորոշումներ, քննարկումներ, ակտիվ դեբատներ այս փուլը չի ենթադրում»։

Նիստն ընդմիջվել է և կշարունակվի վաղը ժամը 11։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը