Կարծիք

07.10.2018 22:01


Սա փակ աչքերով ընտրություն է լինելու

Սա փակ աչքերով ընտրություն է լինելու

Ինչ համար են խորհրդարանական ընտրությունները ու ինչ համակարգ է ենթադրում համամասնական ընտրություններով ձևավորված կառավարման համակարգը:

Դա նշանակում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է կուսակցություններին, որոնք ներկայացնում են զարգացման ճանապարհներ, իսկ ժողովուրդը նրաց ասում է այո կամ՝ ոչ: Նրանցից ով ամենաշատը ԱՅՈ է ստանում, նա էլ մոտակա 5 տարվա ընթացքում կառավարում է երկիրը, իսկ մնացածները քննադատում են:

Հիմա այս պարզ սխեման մտքում պահելով փորձենք հասկանալ, թե Հայաստանում ինչ վիճակ է տիրում:

Նախկինները ուզուրպացրել էին իշխանությունը և երկրի ռեսուրսները օգտագործում էին իրենց նեղ խմբակային շահերի համար: Դա ավազակապետության բովանդակությունն էր: 2016-ի ապրիլյան պատերազմի պատճառով նրանք կորցրեցին իրենց լեգիտիմության վերջին փշրանքները, այսինքն՝ անգամ անվտանգությունը չէին կարող ապահովել: Դա վերջի սկիզբն էր: Վերջը այս տարվա ապրիլն էր:

Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, թե ինչ ենք անելու ու ոնց ենք ապրելու:

Իշխանությունը պատկանում է կուսակցություններին ու չկա համապետական ընտրություններով ընտրվող նախագահ, որը կարողանար թեկուզ մեկ անձի շնորհիվ որոշակի կայունություն ապահովեր:

Կուսակցական համակարգը փլուզված է, դա լրջագույն քաղաքական ու պետական ճգնաժամ է ենթադրում: Չկան վստահություն ունեցեղ կուսակցություններ, չկա և ապագայի նախագիծ:

Ցիկլը փակվել է մեկ անձի վրա, որը շուրջը համախմբվել են տարբեր անձեր՝ տարբեր նպատակներով: ՔՊ-ն գնալու է ՀՀՇ-ի և ՀՀԿ-ի ճանապարհով, որովհետև նրանց նման կառուցվել է իշխանության շուրջը և հանուն իշխանության: Դա մեղադրանք չէ, ուղղակի փաստ է:

Քաղաքական ճգնաժամի պայմաններում մենք զարգացման քաղաքական նախագիծ չենք ընտրելու, այլ ընտրելու ենք անձի, որն իր նախագիծը հանրությանը չի առաջարկել և, բնականաբար, նրա շուրջը հավաքված մարդիկ այդ չեղած գաղափարի ու նախագծի համար չեն նրա շուրջը համախմբվել: Սա փակ աչքերով ընտրություն է լինելու` այսինքն ընտրելու ենք ընտրության բացակայության պայմաններում:

Հիմա սկսելու են հարցնել, թե բա սա ինչի համար ես գրում ու ինչ ես առաջարկում: Ոչինչ էլ չեմ առաջարկում, իրավիճակն եմ նկարագրում:

2017-ի ընտրություններից հետո ասել եմ և այդ ասածը կարելի է գտնել կայքերում, որ այս խորհրդարանը ժամանակավոր է և որ իշխանությունը ընտրություններով չի փոխվելու: Այդպես էլ եղավ: Հիմա էլ եմ ասում, այն խորհրդարանը, որը շուտով ընտրելու ենք, նույնպես ժամանակավոր է:

Հանրային վստահություն ունեցող կուսակցություններ երբ ձևավորվեն, մենք խորհրդարանական ճգնաժամում կհայտնվենք, որովհետև նրանք խորհրդարանից դուրս են լինելու: Դա կենթադրի նոր ընտրություններ, իսկ ժամանակը սկսել է արագ պտտվել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը