Խմբագրական

28.09.2018 12:54


Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիա

Քաղաքական մանիպուլյացիայի տեխնոլոգիաները մարդկության պատմության պես հին են: Փոխվում են ժամանակները, փոխվում են մանիպուլյացիայի ձևերը, սակայն չեն փոխվում բովանդակությունը և նպատակը:

Քաղաքական մանիպուլյացիայի նպատակը ստիպելն է մյուսներին կատարել այն, ինչ ձեռնտու է քաղաքական սուբյեկտին, բայց այնպես ստիպել, որ քաղաքական օբյեկտին թվա, թե որոշում կայացնողն ինքն է («ժողովուրդը ոնց որոշի, այդպես էլ կանենք»):

Քաղաքական մանիպուլյացիայի գործիքները բազմազան են՝ անմիջական խոսքից մինչև լրատվական միջոցների կիրառում:

Քաղաքական տեսաբանների համընդհանուր կարծիքով՝ ամենահեշտ մանիպուլացվող օբյեկտն ամբոխն է, քանզի այն «ես» չունի և առաջնորդվում է «մենք»-ով: Այն անորոշ դեմք ունի, անպատասխանատու է և ենթակա է անխնա օգտագործման:

Առանձին անհատի շատ ավելի դժվար է օգտագործելը կամ մանիպուլացնելը, քանզի անձ-անձ երկխոսության ժամանակ երկուսի մոտ էլ գիտակցությունն է աշխատում և համոզելու համար ռացիոնալ փաստարկների կարիք ավելի շատ կա մանիպուլյացիա անողի մոտ: Այլ է պատկերը ամբոխի պարագայում, քանի որ գիտակցությունն իր տեղը զիջում է ենթագիտակցությանը: Ամբոխը առաջնորդվում է ոչ թե բանականությամբ, այլ հույզերով: Ամբոխն ինքն է պահանջում մանիպուլյատոր, քանզի առանց առաջնորդի չի պատկերացնում իր անելիքը:

Ամբոխի մեջ ակադեմիկոսն ու չոբանը հավասարվում են և գրեթե հավասարապես ընկնում մանիպուլյացիայի ազդեցության տակ:

Մանիպուլյատորը գիտի, որ ամբոխը սիրտը գերադասում է ուղեղից:

Ամբոխի աչքերն ու ականջները այլ բաներ են տեսնում և լսում: Ամբոխին պետք են պարզունակ կարգախոսներ, մեկ քայլանոց կոմբինացիաներ, աշխարհի սև-սպիտակային բաժանումներ, գործողության հրահանգ և ատելության թիրախ: Առանց ատելության թիրախի քաղաքական մանիպուլյատորը չի կարող հասնել իր նպատակին, քանզի ատելությունն ամբոխի շարժիչ ուժն է: Եթե չկա այդ թիրախը կամ այն աստիճանի վտանգ չի ներկայացնում, ապա միևնույն է պետք է թիրախը հորինել կամ թիրախի վտանգավորության աստիճանը ուռճացնել:

Ամբոխը արյուն է պահանջում և նրան անընդհատ թռչող գլուխներ են պետք: Ամբոխի սերը էպիզոդիկ է ու վտանգավոր: Որքան շատ է սիրում ամբոխը մանիպուլյատորին, այնքան դաժան ձևով է տապալելու նրան ու նոր կուռք փնտրի:

Ամբոխն անշնորհակալ է, դավաճան և մոռացկոտ. մանիպուլյատորը պետք է շատ լավ իմանա այդ մասին:

Ամբոխն ունի բացառապես ավերիչ բնույթ: Ստեղծարար բաղադրիչը բացակայում է նրա մոտ: Ամբոխը կառուցողական է դառնում, երբ ատոմիզացվում է և կրկին հավաքվում որպես հասարակություն:

Քաղաքական մանիպուլյացիաները առավել կիրառելի են դառնում լարված իրավիճակներում քաղաքական կատակլիզմների փուլում: Մանիպուլացվող օբյեկտին ներշնչում են, որ եթե ինքը «այսպես» չանի, ապա «այնպիսի» վատ արդյունք կլինի, ուստի պետք է «այսպես» անել:

Մանիպուլյացիայի ժամանակ խզում է առաջանում պատճառահետևանքային կապի միջև: Ներկայացվող բացատրությունները ճշմարտանման են, բայց ոչ ավելին: Մանիպուլյացիան հնարավորություն է տալիս «1+1»-ի արդյունք ներկայացնել 3-ը, 5-ը կամ զրոն. նայած, թե ինչ է պետք մանիպուլյատորին:

Մանիպուլացվող օբյեկտը շատ է սիրում լսել հրահանգներ իրեն որպես զոհ կամ հերոս ներկայացնող մանիպուլյատորից («Ինքը մի բան գիտի ...»): Երգերը, բանաստեղծությունները, լուսաձայնային էֆեկտները գալիս են լրացնելու «հեքիաթային» պատմությանը և «կինոյի մեջի տղա» սարքելու մանիպուլյատորին:

Որքան շատ է հանրությունը ենթարկվում քաղաքական մանիպուլյացիային, այնքան զարգացման ցածր մակարդակի վրա է գտնվում:

Քաղաքական մանիպուլյացիաներից խուսափելու փորձված ճանապարհը քաղաքական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության կայացումն է: Նման դեպքերում էլ են լինում մանիպուլյացիաներ, բայց դրանց ազդեցությունը զգալիորեն նվազում է: Մարդկանց հիմարի տեղ դնելն ու օգտագործելը տվյալ դեպքում համեմատաբար դժվարանում է:

Ամեն դեպքում հանրության ամբոխացման փոխարեն նախընտրելին հանրության քաղաքացիականացումն է: Դա փորձված բան է և հեծանիվ պետք չէ հորինել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը