Լրահոս

02.03.2010 12:22


Մարդու իրավունքների պաշտպան. «Մարդն ինքն է որոշում և տնօրինում իր մարմնի ճակատագիրը»

ՀՀ Սահմանադրական դատարանին

Դիմող՝  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Ա. Հարությունյան

ԴԻՄՈՒՄ

«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) 7-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածին և 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը (այսուհետ նաև' վիճարկվող նորմ) վերնագրված է «Դիակային դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության նախապայմանը»: Համաձայն այս հոդվածի փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ չեն կարող վերցվել միայն այն դեպքում, երբ տվյալ անձն իր կենդանության օրոք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հրաժարվել է մահից հետո հանդես գալ որպես օրգանների և հյուսվածքների դոնոր:

Գտնում ենք, որ վիճարկվող նորմը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հետևյալ հիմնավորումներով:

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից»: Իսկ Սահմանադրության 16-րդ հոդվածի առաջին նախադասությունն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք»:

Մարդու արժանապատվության պաշտպանության կարևոր նախադրյալներից է նրա իրավունքների ազատ և անարգել իրագործումը: Մարդու կամքի ազատ արտահայտումը՝ որպես նրա արժանապատվության իրավունքի անբաժանելի մաս, պետք է պաշտպանվի և հարգվի ինչպես մարդու կենդանության օրոք, այնպես էլ նրա մահից հետո: Վերոնշյալը հավասարապես վերաբերում է նաև անձնական անձեռնմխելիության իրավունքին, որն անհրաժեշտ նախապայմաններ է ստեղծում մարդու մահից հետո նրա մարմնի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի և մահացածի մարմնի իրավական պաշտպանության համար: Մարդն ինքն է որոշում և տնօրինում իր մարմնի ճակատագիրը, այդ թվում՝ որոշում վերջինիս ճակատագիրը մահից հետո:

Մինչդեռ վիճարկվող նորմը ելնում է հակառակ տրամաբանությունից՝ սահմանելով, որ մարդն իր մահից հետո հանդիսանում է դիակային դոնոր, եթե իր կենդանության օրոք չհրաժարվի որպես այդպիսին հանդես գալուց: Այսինքն՝ a priori մարդու մահից հետո նրա մարմնի ճակատագիրն արդեն իսկ որոշված է:

Բացի այդ, վիճարկվող նորմը միավորում է իր մեջ երկու տարբեր իրավական մոտեցումներ՝ «համաձայնության նախապայմանը» և «անհամաձայնության նախապայմանը», քանի որ 7-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրում նրա՝ որպես դիակային դոնոր հանդես գալու որոշման բացակայության դեպքում փոխպատվաստման նպատակով դիակից օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել նրա հարազատների (ազգականների) համաձայնությամբ»: Նման պարագայում, երբ մեկ իրավական նորմում օգտագործվում են միմյանց հակադրվող սկզբունքներ և 7-րդ հոդվածի 1-ին մասում խոսք չկա «դիակային դոնոր հանդես գալու որոշման» մասին, ակներև է իրավական անորոշությունը և խառնաշփոթը: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից բխում է, որ որևէ նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին:

Գտնում ենք, որ առկա իրավական կարգավորումը պայմաններ է ստեղծում իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմի կամայական մեկնաբանման, կիրառման և չարաշահման համար: Այնինչ դիակայի դոնորից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու հետ կապված հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումը պետք է լինի միանշանակ և հստակ՝ ելնելով միջազգային հանրաճանաչ այն սկզբունքից, որ առանձին անհատի շահերը և բարօրությունը գերակա են հասարակության կամ գիտության շահերից, և հաշվի առնի նաև բարոյականության նորմերը, հասարակության իրավական կրթվածության, զարգացածության և տեղեկացվածության մակարդակները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով և 101-րդ հոդվածի 8-րդ կետով՝ խնդրում եմ որոշել «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) 7-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին և 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը:

Կից ներկայացվում է

1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-324) վիճարկվող նորմի տեքստը:

Առդիր՝ 1 թերթ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝  Ա. Հարությունյան                        

Այս խորագրի վերջին նյութերը