Լրահոս

01.03.2010 18:58


«Մարտի 1»–ի հետևանքով զոհված Սամվել Հարությունյանի հայրը չի կարողանում ապացուցել իր աչքի տեսածը

Հարցազրույց 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցածի զոհ Սամվել Հարությունյանի հայր Էդիկ Հարությունյանի հետ.

-Ո՞ր փուլում է սպանության բացահայտման գործը։

-Այսօրվա իշխանությունները չեն ցանկանում բացահայտել այդ սպանությունները։ Այդ 10 զոհերից և ոչ մեկի մահվան հանգամանքը չի բացահայտվել։ Այդ մեղադրանքով որևէ մեկը չի դատապարտվել։ Մեզ տարել են դատախազություն, մեզ ճանաչել են տուժվածի իրավահաջորդներ, բայց դրանից ավելի ոչինչ չի ձեռնարկվել։ Իսկ այս վերջին մի տարում ընդհանրապես լռում են։

-Իսկ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ, այնուամենայնիվ, բացահայտվեն մահվան հանգամանքները։

-Ակցիաների ենք մասնակցում, բողոքում ենք։ Դիմել ենք դատարաններին, որ բացահայտվի, արդար քննություն իրականացվի, սակայն որևէ ակնկալիք չունենք։

-Մարտի 1-ին Դուք է՞լ եք եղել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

-Ո՛չ, միայն որդիս է եղել։

-Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել։

-Մարտի 2-ին ես հեռուստատեսությամբ տեսա իմ որդուն այն 6 հոգու մեջ, որոնց ֆրանսիական դեսպանատան մոտ էին բռնել։ Հետո անհետացան այդ կադրերը, ու ես իմ որդու անունը լսեցի այն 15 վիրավորների անունների ցուցակի մեջ, որ հայտարարեցին։ Իմ տղան մահացել է ապրիլի 11-ին հիվանդանոցում՝  դեպքից 41 օր հետո։

-Դուք այդ 41 օրերի ընթացքում տեսե՞լ եք Ձեր որդուն։

-Այո՛, նրան ես էի պահում։ Ես շատ բաներ եմ տեսել։ Ինձ հավատացնում էին, որ բութ գործիքի հարված է եղել գանգուղեղի ձախ մասում, այնինչ դա իրականությանը չէր համապատասխանում։ Որդիս օրեցօր դեպի լավն էր գնում, բայց..... Ինքն իր ձեռքով  վիրակապը բացել էր, ու կինս տեսել էր, որ գլխի վրա անցք կա։ Կադրերի մեջ մի հատված կա, որ կրակոցից հետո որդիս ընկած է. նա հրազենի հարված էր ստացել։ Իսկ այսօր շատ ավելի վատ եմ զգում, ավելի եմ տառապում, որ տեսել եմ ու չեմ կարողանում ապացուցել։ Դա ավելի ահավոր է։ Սկզբում ես իմ որդուն չէի ճանաչել, հետո վրայի դաջվածքներից ճանաչեցի։ Որդուս մեջքի ներքևի հատվածում էլ կարմրած տեղեր կային ու ցավում էին։ Ինձ ուզում էին ապացուցել, որ դա հարվածի տեղ չի, այլ պառկելախոց է, բայց անհնար է՝ պառկելախոցը մի քանի օրվա ընթացքում առաջանա։ Դա հարվածի հետևանք էր։ Ես դա տեսել եմ ու չեմ կարողանում ապացուցել։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը