Խմբագրական

14.02.2018 21:30


Մարտեր առանց կանոնների

Մարտեր առանց կանոնների

Ամեն մի գաղափար կամ համակարգ հիմնվում է մեկ (կամ մի քանի) անբեկանելի ճշմարտության (կամ ճշմարտությունների)՝ կոդի (կոդերի) վրա: Եթե այդ կոդը կասկածի տակ է դրվում կամ խախտվում, ապա փլուզվում է գաղափարը կամ համակարգը:

Օրինակ՝ եթե դու չես հավատում, որ Հիսուս Քրիստոսը կարող էր մեռնելուց հետո հարություն առնել կամ հնարավոր է հղիանալ օդակաթիլային ճանապարհով, ապա չես հավատա քրիստոնեությանը: Իսկ եթե ընդունում ես, որ նման բաներ կարող են լինել, ապա Աստվածաշնչում ներկայացված մյուս պատումները ևս հավատալու են դառնում:

Նույնը կարելի է ասել քաղաքական հարաբերությունների դեպքում: Պետք է ունենաս հիմք, որի վրա կառուցես մյուս թեզերը: Եթե հիմքը թույլ է կամ խախուտ, ապա շենքը կանգուն չի մնա:

Առաջադեմ աշխարհում ընդունված է պետությունը կառավարել ժողովրդավարական սկզբունքներով: Անգամ ավտորիտար երկրները փորձում են հետ չմնալ մոդայից ու իրենց հռչակում են ժողովրդավարական:

Ժողովրդավարության հիմքում ընտրովի իշխանության սկզբունքն է: Եթե ընտրական ինստիտուտը չի գործում, ապա չի գործի նաև ժողովրդավարական համակարգը: Ու կապ չունի, թե ինչ պատճառներով է խաթարված ընտրական մեխանիզմը:

Կա ընտրովի իշխանություն՝ կա ժողովրդավարություն: Չկա ընտրովի իշխանություն՝ չկա ժողովրդավարություն: Սա, կարելի է ասել, քաղաքագիտական աքսիոմ է:

Հիմա Հայաստանում ընտրական ինստիտուտը չի գործում: Չի գործում վաղուցվանից: Թե ինչու չի գործում, մեր այս հոդվածի խնդիրը չէ: Մենք տվյալ դեպքում արձանագրում ենք փաստը:

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ռեյտինգային» ընտրակարգով վերջնականապես սպանվեց ընտրական ինստիտուտը: «Շքահանդեսի» հերոսը փողն էր:

Մեծ գրող Դոստոևսկու հերոսներից մեկը՝ Իվան Կարամազովը, հետևյալ կոդի կրող էր. «Եթե Աստված չկա, ուրեն ամեն ինչ թույլատրված է ու կարելի է անել»: Կարամազովը, «ամեն ինչ» ասելով, նկատի ուներ բարոյաէթիկական ընդունված նորմերից ու հասարակական ձևավորված «շտամպերից» դուրս գտնվող արարքները:

Տեղայնացնելով Կարամազովի կարգախոսը՝ կարող ենք ասել, որ ՀՀ իշխանությունները ներդրել են «մարտեր առանց կանոնների» մոդելը. եթե փողի միջոցով ոչնչացվել է ժողովրդավարության աստվածը՝ ընտրական ինստիտուտը, ապա, կարամազովյան տրամաբանությամբ, ամեն ինչ կարելի է ու թույլատրված: Հատկապես, որ գործող իշխանությունը չի ձևակերպում իր հանրային առաքելությունը, և մարդիկ տեսնում են, որ գործ ունեն ընդամենը նեղ անձնական շահեր հետապնդող պաշտոնյաների հետ:

Ժողովրդավարության պայմաններում կան գրված ու չգրված օրենքներ, որոնք պարտադիր են բոլորի համար: Իսկ եթե ընտրական ինստիտուտը ոչնչացված է, ապա գործում է ջունգլիների օրենքը, այսինքն՝ ամեն ինչ թույլատրված է:

Եթե քաղաքականության գլխավոր նպատակ է հայտարարվում հանրային կյանքի ապաքաղաքականացումը, ապա ստանում ենք ոչ ստանդարտ վիճակ, և արդեն հնարավոր են դառնում ոչ ստանդարտ երևույթները: «Երկիր Ծիրանիի» պահվածքը, իսկ դրանից առաջ «Սասնա ծռերի» գործողությունները հենց այդ ոչ ստանդարտ երևույթներից են:

Ոմանց կարող են դուր գալ այդ ոչ ստանդարտ երևույթները, ոմանց՝ ոչ: Բայց հարցը դուր գալ կամ չգալը չէ: Պետք է պատճառը տարբերել հետևանքից: Ոչ ստանդարտ երևույթները հետևանք են:

Հարկ է հատուկ ընդգծել, որ ժողովրդավարական ու ջունգլիական հարաբերությունների արանքում կա անցումային փուլ: Դա ռացիոնալ ու իռացիոնալ ավտորիտարիզմն է: Իռացիոնալ ավտորիտարիզմը խորացնում է բոլորի պատերազմը բոլորի դեմ: Իսկ ահա ռացիոնալ ավտորիտարիզմն անցումային փուլում կարող է հանգեցնել ժողովրդավարության:

Եթե մեզանում առկա ավտորիտար ռեժիմը գնար վերևից փոփոխությունների և ռացիոնալ քայլերի, ապա էլի մի որոշ ժամանակ հնարավոր կլիներ խուսափել ոչ ստանդարտ երևույթներից: Բայց երբ սպանվում է ժողովրդավարության աստվածը ու համ էլ ոչ մի ձևով հանրությանը ժամանակավոր փոխհատուցում վերևից եկող բարեփոխումների տեսքով չի տրվում, ապա Երևանի կենտրոնում կարող են կրակոցներ հնչել, կարող է նաև կոյուղաջուրը հայտնվել Երևանի քաղաքապետի սեղանին: Այս ամենն, ի դեպ, խորանալու միտում ունի, և ապրիլից հետո ավելի անկանխատեսելի երևույթների է հանգեցնելու: Չէ՞ որ 10.000-դրամանոց ընտրություններով տեղի է ունեցել ժողովրդավարության աստծո սպանություն և փոխարենը ոչինչ չի տրվել: Եվ ուրեմն՝ ամեն ինչ թույլատրված է ու կարելի:

Ոչ ստանդարտ երևույթները հանրային ու պետական օրգանիզմի հիվանդության ինդիկատորներ են: Եթե իրական բուժումներ չլինեն, ապա հիվանդությունը կխորանա և իր ճանապարհին կսրփի ամեն ինչ: Իսկ դրանից ոչ մեկը չի շահելու: Հետևաբար՝ Հայաստանում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այս տնտեսաքաղաքական վերնախավով հեռու չենք գնա:

Մեզ անհրաժեշտ է նոր վերնախավ, որն անցումային փուլում ռացիոնալ ու կոմպետենտ լուծումներով երկիրը կտանի դեպի ժողովրդավարական հարաբերություններ: Այդ դեպքում արդեն ոչ ստանդարտ երևույթները հանրային հետաքրքրություն չեն ներկայացնի ու պահանջված չեն լինի, իսկ եթե հանդիպեն էլ, ապա կընկալվեն որպես խիստ մարգինալ երևույթներ: Այնպես որ, Հայաստանի համար միակ ճանապարհը հնի մնացուկներից ազատվելն ու նոր վերնախավով մրցունակ երկիր դառնալն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը