Մեկնաբանություն

28.12.2010 14:06


Արձագանքելով ԱԽՔ-ի ասուլիսին

Արձագանքելով ԱԽՔ-ի ասուլիսին

Դեկտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ԱԽՔ-ը, տարեկան ամփոփիչ ասուլիսով էր հանդես եկել և «դարակազմիկ» մտքեր հայտնել։

Բաղդասարյանին թույլ էր տրվել իր շուրթերով հայտարարելու, որ աշխատանքից ազատվում է գերպրոֆեսիոնալ նախարար Գերասիմ Ալավերդյանը, ում անուն-ազգանունը հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ միայն ասուլիսի օրը, այն էլ՝ «մահվան» կապակցությամբ (Հայաստանի իշխանավորների համար պաշտոնազրկումը մահվանը հավասար բան է)։  Բայց թողնենք Բաղդասարյանին ու Ալավերդյանին իրենց ներքին «ռազբորկաների» հետ միասին և ԱԽՔ-ի ասուլիսին անդրադառնանք այլ «ռակուրսով»։

Բանն այն է, որ Ա. Բաղդասարյանի ասուլիսին հրավիրվել էին «ազատ, բայց պատասխանատու» լրատվամիջոցները, և բնականաբար՝ «7 օրը» դրանց մեջ չկար։ Ափսոս, շատ ափսոս, քանի որ ասուլիսը բավական հետաքրքիր կլիներ մեր մասնակցությամբ, քանի որ հետաքրքիր հարցեր կհնչեին։

Ի դեպ, այս երկու տարվա մեջ մենք չենք կարողանում որոշ հարցերի պատասխաններ ստանալ ՕԵԿ ներկայացուցիչներից, ովքեր մեր հարցերը լսելուց հետո ցնցակաթվածի են հասնում, ուստի տարեվերջին հրապարակավ կրկնում ենք դրանք։

Եվ այսպես.

Հարց 1. 2008-ի նախագահական ընտրությունների թեժ փուլում նախագահի սաստիկ ընդդիմադիր թեկնածու Արթուր Բաղդասարյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե իրեն ուզում են սպանել՝ ակնարկելով իշխանություններին, որի նախագահացուն Սերժ Սարգսյանն էր։ Երբ մարտի 1-ի դեպքերից մեկ օր առաջ Բաղդասարյանը Սարգսյանի հավատարմագույն գործընկերը դարձավ, արդյոք փորձե՞լ է դրանից հետո Սերժ Սարգսյանից ճշտել, թե ինչո՞ւ էին ուզում իրեն սպանել, ինչպե՞ս պետք է դա իրականացվեր, և ինչո՞ւ իշխանություններն այնուամենայնիվ որոշեցին իրեն չսպանել։ Իսկ եթե այդպիսի բան չի եղել, այլ 2008-ին ՕԵԿ նախագահը պարզապես էժանագին PR-ով է զբաղվել՝ փորձելով հալածյալի լուսապսակ հագնել, արդյոք Սարգսյանը զրպարտության համար «հայրաբար» կշտամբե՞լ է Բաղդասարյանին։

Հարց 2. ՕԵԿ խիստ ընդդիմադիր անդամներից մեկը 2008-ին հայտարարում էր, թե այս իշխանությունները, պատկերավոր ասած, ոչ միայն մեղրը կերան, այլ նաև  մեղրի «բոչկայի օբրուջներն» էլ կերան։ Հիմա, երբ ՕԵԿ-ը նույն այդ իշխանության հետ է, կոալիցիոն սկզբունքով իրենք միայն մեղրի տակառի պարունակության մի մա՞սն են ուտում, թե՞ «օբրուջներն» էլ հետը։

Հարց 3. 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվեց մի գաղտնի խոսակցություն, որին մասնակցում էին Արթուր Բաղդասարյանը և Անգլիայի դեսապանատան մի աշխատակից։ Իր խոսքում ՕԵԿ նախագահն ահագին բամբասում էր Սերժ Սարգսյանից ու փիս-փիս բաներ ասում վերջինիս հասցեին։ Այդ խոսակցության հրապարակումից հետո իշխանությունները հայտարարեցին, թե Բաղդասարյանը պետական դավաճան է։ Այժմ, երբ Բաղդասարյանը հայտարարել է, թե հավերժ Սերժ Սարգսյանի երկրպագուն է, փորձե՞լ է արդյոք ճշտել, թե ինչպե՞ս հաջողվեց «ժուչոկ» դնել իր ու Անգլիայի դեսպանատան աշխատակցի գրպանը, և ինչո՞ւ էին իշխանություններն իրեն դավաճան համարում, եթե հետո պետք է նշանակեին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Մենք, իհարկե, էլի հարցեր ունենք տալու, բայց բավարարվենք այսքանով ու գալիք տարվա համար ՕԵԿ-ին մաղթենք պահպանել բացառապես իրենց հատուկ սկզբունքայնությունը և լավին լավ, իսկ վատին վատ ասելու «մունդառ խասիաթը»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը