Կարծիք

28.01.2010 10:39


Փոքրա–մասնությունների իրավական պաշտպանվածությունը Թուրքիայի Հանրապետությունում

Փոքրա–մասնությունների իրավական պաշտպանվածությունը Թուրքիայի Հանրապետությունում

Այսօր եվրաինտեգրման ճանապարհին Թուրքիայի կարևոր խնդիրներից մեկը  կրոնական և ազգային փոքրամասնությունների հարցն է:  Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր մեկը մյուսին հաջորդած վարչակարգերի մոտեցումներն այս խնդրին էական փոփոխություններ չեն կրել: Այսօր թուրքական պետության համար  առավել մեծ վտանգ են ներկայացնում օտարերկրացի միսիոներները: Ներկայումս այս խնդիրը  տարբեր լրատվամիջոցների, վերլուծական կենտրոնների ու ակադեմիական շրջանակների ուշադրության կենտրոնում է և ուսումնասիրվում է պետական մակարդակով: Միաժամանակ տարբեր միջազգային կառույցների ճնշման ներքո փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող տարբեր օրենքներ են հրապարակվում: Եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու համար հայտ ներկայացրած Թուրքիայի Հանրապետությունը փորձում է երկրի սահմանադրության մի շարք հոդվածների փոփոխմամբ իր իրավական համակարգը հնարավորինս համապատասխանեցնել այդ համակարգին: Սակայն մի բան է սահմանադրական փոփոխությունը, այլ բան է դրա գործնական կիրառումը: Պետք է հավելել, որ այս փոփոխություններից հետո էլ շատ հոդվածներ շարունակում են հակասել եվրաչափանիշներին: Չնայած թուրքական իշխանությունները պնդում  են, թե հավասար պայմաններ են ստեղծել երկրի բոլոր քաղաքացիների համար, այդուհանդերձ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունները փաստում են ճիշտ հակառակը: Թուրքական պետության նմանօրինակ հայտարարությունների ներքո կարևոր ենք համարում Թուրքիայի Հանրապետությունում փոքրամասնությունների իրավական վիճակի, Թուրքիայի  ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերի ուրվապատկերը

Թուրքական իշխանամետ մամուլը և որոշ վերլուծաբաններ կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես միսիոներներին ներկայացնում են որպես թուրք ազգի թշնամիներ' դրանով իսկ հակասելով սեփական պետության հայտարարություններին: Այսպես, օրինակ' Բարըշ Թընայը իր հոդվածներից մեկում կրոնական փոքրամասնություններին և միսիոներներին դիտարկում է որպես թուրքական պետությանը և թուրք ազգին սպառնացող վտանգ' համարելով, որ կրոնական փոքրամասնությունները գործունեության մեծ դաշտ են ապահովում օտարերկրյա միսիոներների համար: Հոդվածի վերջում նա հավելում է. ,Թուրքը, բացի թուրքից, այլ բարեկամ չունիե: Սա  հիշեցնում է պանթուրքիզմի գաղափարախոսությունը: Նիղդեի համալսարանի դասախոս Ռեմզի Քըլըչը հավաստիացնում է, որ կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվել են դեռևս Օսմանյան կայսրության շրջանում և այսօր էլ շարունակում են պաշտպանվել, իսկ վերլուծաբան  Ալի Ռիզա Բայզանը քննադատում է ներքին գործերի նախարարությանը փոքրամասնություններին տրված լայն իրավունքների և հնարավորությունների համար: Մինչդեռ Թուրքիայի բողոքական եկեղեցիների միության իրավաբանական խորհուրդը պարբերաբար զեկույցներ է կազմում, որտեղ ահազանգում է կրոնական փոքրամասնությունների իրավազուրկ վիճակի, ինչպես նաև աստիճանաբար սաստկացող վտանգների ու սպառնալիքների մասին:

Փոքրամասնությունների հարցը բարձրացվել է դեռևս 1923թ. Լոզանի կոնֆերանսում: Լոզանի համաձայնագրի 38-44-րդ հոդվածների համաձայն' Թուրքիան պարտավորվում էր ապահովել իր բոլոր քաղաքացիների պաշտպանությունը' հաշվի չառնելով ազգային, կրոնական, լեզվական, ռասայական պատկանելությունը: Ինչ վերաբերում է ոչ մուսուլմանական փոքրամասնություններին, ապա նրանք կարող էին  հավասարապես օգտվել բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված էին մուսուլմանների համար' իրենց հաշվին բարեգործական, կրոնական, հասարակական, կրթական  հաստատությունների  ստեղծումը և տնօրինումը, ազատորեն մայրենի լեզվի կիրառումը, երեխաների' ցածր դասարաններում մայրենի լեզվով ուսուցանումը, եկեղեցիների, սինագոգների, գերեզմանատների  և այլ հաստատությունների պաշտպանությունը:

Ի վերջո, այս բոլոր կետերը մնացին թղթի վրա: Շարունակվեցին փոքրամասնությունների հանդեպ հալածանքներն ու հետապնդումները, ինչպես նաև նրանց ձուլման քաղաքականությունը: Շուտով Թուրքիան հայտնեց այն մասին, որ Թուրքիայոմ չկան փոքրամասնություններ, որն իր արտացոլումը գտավ Թուրքիայի Հանրապետության 1924թ. ապրիլի 20-ի  առաջին սահմանադրության մեջ, որի 88-րդ հոդվածում ասվում էր. «Թուրքիայի բոլոր բնակիչները, անկախ կրոնական և ազգային պատկանելությունից, համարվում են թուրքեր' հաշվի առնելով միայն քաղաքացիությունը»: Դրան հաջորդած 10-րդ, 11-րդ, 12-րդ, 68-րդ, 87-րդ, 92-րդ հոդվածների նշանակետը մեկն էր' Թուրքիայում ապրում են միայն թուրքեր: 1925թ. մայիսին վարչապետ Իսմեթ Ինենյուն Անկարայում հայտարարեց. ,Մենք բացահայտ ազգայնականներ ենք: Ազգայնականությունը մեր գործունեության հիմնաքարն է, և մենք ամեն գնով պետք է թուրքացնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրումե: Այս քաղաքականությունն իր արդյունքներին երկար սպասել չտվեց . 1923թ. միայն Ստամբուլում ապրում էր 148 998 հայ, իսկ 1925թ. հայերի թիվը կրճատվեց  մինչև  88 919-ի:

Որոշ հետազոտողներ կարծում են, որ այս տեսանկյունից 1961թ. մայիսի 27-ի հեղաշրջումից հետո ընդունված' Թուրքիայի երկրորդ սահմանադրությունը չբարելավեց փոքրամասնությունների վիճակը, իսկ արված մի շարք փոփոխություններն էլ մնացին թղթի վրա:

1982թ. նոյեմբերի 7-ին հանրաքվեի միջոցով երկրում արտակարգ դրության պայմաններում ընդունվեց Թուրքիայի երրորդ սահմանադրությունը: Հանրաքվեն անցավ ծայր աստիճան լարված պայմաններում' վախի, բռնությունների մթնոլորտում: Նոր սահմանադրությունը ևս իշխող շրջանակների' փոքրամասնությունների հանդեպ ձուլման քաղաքականության արտահայտությունն էր: Տեսականորեն այդ փաստաթուղթը սահմանում էր երկրի բոլոր քաղաքացիների հավասարությունը: Ներածականում ասվում է. ,Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի արժանավայել կյանքի իրավունք ունի' ազգային մշակույթի, առաջընթացի, իրավական կարգի պայմաններում ապահովելով իր նյութական , հոգևոր առաջընթացըե, իսկ 10-րդ հոդվածում ասվում է. «Բոլորը հավասար են օրենքի առջև' անկախ լեզվական, կրոնական, ռասայական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, փիլիսոփայական աշխարհայացքից»: Սակայն սահմանադրության մյուս հոդվածները ցույց են տալիս, որ նույնիսկ վերը նշված տարրական իրավունքներից գործնականում փոքրամասնությունները զրկված են: Հենց ներածականում ասվում է, որ իշխանությունը բացառապես     թուրք ազգի ձեռքում  է:   

ԵԽ-ին  անդամագրվելու և ԵՄ-ին ինտեգրվելու համար Թուրքիան ստիպված եղավ վերանայել իր սահմանադրության մի շարք կետեր: Լինելով ԵԽ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ պետություն' Թուրքիան պարտավոր է ենթարկվել ՄԱԿ-ի 1948թ. ընդունած Մարդու իրավունքների հռչակագրի  և ԵԽ-ի Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին: Այս ճանապարհին կատարած բոլոր փոփոխություններից հետո էլ, այդուհանդերձ, այսօր Թուրքիայի սահմանադրության մեջ մի շարք հոդվածներ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Չնայած որ սահմանադրության 10-րդ, 24-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները ապահովում են երկրի բոլոր քաղաքացիների իրավահավասարությունն ու պաշտպանվածությունը, ողջ սահմանադրության մեջ Թուրքիայի քաղաքացի և թուրք ազգ բառակապակցությունները հաջորդում են մեկը մյուսին, որն էլ արտացոլում է այս հարցի վերաբերյալ պետական մոտեցումը: Այն է' Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք: Սրան լրացնելու են գալիս 3-րդ և 66-րդ հոդվածները, որոնցից առաջինը   պաշտպանում է Թուրքիայի պետական և ազգային ամբողջականությունը, իսկ երկրորդի համաձայն' Թուրքիայի բոլոր քաղաքացիները թուրքեր են: Եվրախորհրդարանին 2004թ. ներկայացրած Թուրքիայի վերաբերյալ զեկույցում արված հետևություններում նշվում է. «Հատկապես վերջին տարիներին Թուրքիայի Հանրապետությունը մեծ ջանքեր է գործադրել' զգալի փոփոխություններ կատարելով իր սահմանադրության մեջ և օրենսդրական համակարգում: Սակայն կան մի շարք կետեր, որոնք դեռևս անբավարար են համարվում ԵԽ-ի համար: Թուրքիան  անելիքներ ունի փոքրամասնությունների կարգավիճակի բարելավման գործում: Մարդու իրավունքների միջազգային խորհուրդը եվրոպական չափանիշների տեսանկյունից անընդունելի է համարում Թուրքիայի սահմանադրության 3-րդ հոդվածը, որը պաշտպանում է Թուրքիայի պետական և ազգային ամբողջականությունը»:

Խորհուրդը, մեկնաբանելով, որ ազգային ամբողջականություն արտահայտությունը ինքնին բացառում է որևէ ազգային կամ կրոնական փոքրամասնության առկայությունը տվյալ երկրում, նշում է, որ նախկին օսմանիզմ կամ օսմաններ հասկացությանը փոխարինելու է եկել թուրքիզմ տերմինը, որն անընդունելի է:

Այս հոդվածից կարելի է եզրակացնել, որ եթե սահմանադրությունն ընդունում է ազգի ամբողջականությունը, ապա մյուս հոդվածներում տեղ գտած  ազգ բառի տակ կարելի է ընդունել միայն թուրքերին: Հարկ ենք համարում նշել նաև, որ ԵՄ-ին անդամագրվելու համար թեկնածու պետությունների վերաբերյալ պարբերաբար զեկույցներ են կազմվում: Այս զեկույցների նպատակը տվյալ երկրում տիրող իրավիճակը ներկայացնելն է, ինչպես նաև այս զեկույցների միջոցով փորձ է արվում թեկնածու երկիրը եվրոպական արժեհամակարգին մոտեցնելու: Բացի այդ, յուրաքանչյուր զեկույցում ցույց են տրվում  նախորդ զեկույցի համեմատ տվյալ երկրում կատարված բոլոր զարգացումներն ու փոփոխությունները: 1998-2005թթ. ընթացքում ԵՄ-ի կողմից Թուրքիայի վերաբերյալ ութ զեկույց է գրվել, որտեղ  մեծ ուշադրություն է դարձվել փոքրամասնությունների կարգավիճակին: Զեկույցում հատկապես ընդգծվում է այն հանգամանքը, որ չնայած ոչ մուսուլմանական փոքրամասնություններից Թուրքիան պաշտոնապես ճանաչել է հայերին, հույներին, հրեաներին, սակայն նրանց իրավունքներն էլ ամբողջովին չեն պաշտպանվում:

Խոցելի և միևնույն ժամանակ Եվրոպայի համար անընդունելի կետերից են  ՔՕ 301-րդ և 305-րդ հոդվածները, որոնցից առաջինը Եվրոպայի ճնշման տակ փոփոխվեց, սակայն չվերացավ: 301-րդ հոդվածը, սկսած 2006թ., 8 անգամ փոփոխության է ենթարկվել: Չնայած դրան' այն շարունակում է վտանգ ներկայացնել մշակույթի գործիչների, լրագրողների և այլոց համար: Այս հոդվածով 6745 քաղաքացու նկատմամբ գործ է հարուցվել, որոնցից 745-ը դատապարտվել են: 2008թ. ապրիլի 30-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց 301-րդ հոդվածի ուղղումներին: Այժմ փոփոխությունների ենթարկված 301-րդ հոդվածի համաձայն' հանցագործություն է համարվում թուրք ազգին հասցված վիրավորանքը (նախկինում թուրքական ինքնագիտակցությանը): Առավելագույն պատիժը կրճատվեց մինչև երկու տարի, ամբողջովին փոփոխվեց այն հատվածը, ըստ որի' Թուրքիայի սահմաններից դուրս հանցագործության կատարման դեպքում նախատեսվում էր պատժաչափի 1/3-ով ավելացում: Քրդական ժողովրդավարական հասարակարգ կուսակցության ներկայացուցիչը, պահանջելով չեղյալ հայտարարել այն, ասել է. «Ես երբեք չեմ տեսել, որ այս երկրում որևիցե մեկին դատապարտած լինեն քրդերին, լազերին վիրավորելու համար: Քրեական գործեր չեն հարուցվել նաև քրդերին «սատանայի ծնունդներ», իսկ հայերին «հայկական վիժվածք» անվանողների նկատմամբ»:

Թուրքիայի սահմանադրության 42-րդ հոդվածի  համաձայն' կրոնական և ազգային փոքրամասնությունների դպրոցներում որպես մայրենի լեզու դասավանդում են թուրքերենը: Թուրքերեն են դասավանդվում նաև Թուրքիայի պատմություն, մշակույթ և աշխարհագրություն առարկաները: Մայրենի լեզվով կարող են դասավանդվել  քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և այլ առարկաներ, որոնց այդ լեզվով տիրապետող մասնագետները շատ քիչ են: Սեփական պատմության, մշակույթի աշխարհագրության և նման այլ առարկաների դասավանդումը, որոնք փոքր-ինչ կարող են երեխային կապել կամ հիշեցնել սեփական արմատների մասին, արգելված են: Բացի այդ, Թուրքիայի Հանրապետության տարբեր ժամանակաշրջաններում անցկացվել են «Հայրենակի՛ց, թուրքերեն խոսի՛ր» ակցիաները, որոնց նպատակը լեզվական ձուլումն էր: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ փոքրամասնություններին պատկանող դպրոցներում փոխտնօրենները պարտադիր մուսուլման թուրքեր են լինում, որոնք օժտված են լայն լիազորություններով:

Վերը նշված 42-րդ հոդվածի վերջում նշվում է, որ պահպանվում են միջազգային պայմանագրերի կետերը, ըստ երևույթին, նկատի ունենալով Լոզանի պայմանագիրը, որի 37-րդ հոդվածում ասվում է, որ Թուրքիան պարտավոր է պահպանել 38-44-րդ հոդվածները  և փոփոխություններ չկատարել: Ակնհայտ է, սակայն, որ այս կետը ևս խախտվում է հենց նույն հոդվածի առաջին մասով:

Այս խնդրին անդրադարձել են նաև ԵՄ և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային խմբի տարեկան զեկույցներում, որտեղ ասվում է, որ, բացի պաշտոնապես ճանաչված հայերից, հույներից և հրեաներից, որոնց իրավունքները ևս ոտնահարվում են, Թուրքիան պետք է նաև ճանաչի այլ փոքրամասնությունների, ինչպես, օրինակ, ասորիների, քրդերի, ալեվիների, եզդիների, ռումինացիների, լազերի իրավունքները: Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության միջազգային խմբի Թուրքիայի կոորդինատոր Նուրջան Քայան հայտարարել է. «Թուրքիան պետք է վերանայի փոքրամասնությունների

հանդեպ իր վարած քաղաքականությունը, մասնավորապես կրթական, մշակութային ոլորտներում, և հնարավորություն տա ոչ միայն պաշտոնապես ճանաչված, այլ նաեւ մյուս փոքրամասնություններին սեփական դպրոցներ հիմնելու  և մշակութային գործունեություն ծավալելու»:

Սահմանադրության 26-րդ և 28-րդ հոդվածներով արգելվում էին նաև, թուրքերենից բացի, այլ լեզվով հրատարակությունները: Եվրոպայի ճնշման տակ 2002թ. փոփոխությունների ենթարկվեցին տարբեր լեզուներով հրատարակումներ, հեռուստատեսային հեռարձակումներ ապահովող օրենքները: Որոշակի նախապայմաններով թույլատրվեցին քրդերենով հրատարակություններն ու հեռարձակումները: Այսպես' ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր խորհուրդը սահմանել է որոշակի նախապայմաններ, որոնց համաձայն' հեռարձակումը քրդերենով թույլատրվում է, եթե այն լեզվի ուսուցման նպատակ չի հետապնդում, ուղղված չէ պետության կամ ազգի ամբողջականության դեմ, և պարտադիր կիրառվում են  թուրքերեն ենթագրերը: Այնուհետև այս ամենին հավելվեց նաև այն, որ նման հեռարձակումներն ու հրատարակումները կարող են կատարել միայն հասարակական և հատուկ ազգային հրատարակչություններն ու հեռուստաընկերությունները: Հարկ է նշել նաև, որ 2007թ. Ժողովրդավարական հասարակարգ կուսակցության ներկայացուցիչ Մահմուդ Ալընաքը Կարսի խնդիրները վարչապետին քրդերեն ներկայացնելու համար վեց ամիս ազատազրկման ենթարկվեց: Նրան մեղադրեցին սահմանադրության 81-րդ  հոդվածը խախտելու մեջ, որի համաձայն' քաղաքական կուսակցությունները (անդամները) հավաքույթների, կոնֆերանսների ժամանակ, թուրքերենից բացի, այլ լեզու չեն կարող կիրառել: Փոքր-ինչ ավելի ուշ' 2009թ., Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորները բավական բուռն արձագանքեցին Դիարբեքիրի պատգամավոր Սելահաթթին Դեմիրթաշի և Ժողովրդավարական հասարակարգ կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքի'  Ազգային ժողովում քրդերեն ելույթներին: Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Քեմալ Անադոլը հայտարարել է, որ քրդերեն խոսելն արգելված չէ, սակայն Թուրքիայի Հանրապետության պետական լեզուն թուրքերենն է, և Ազգային ժողովում պարտավոր են խոսել թուրքերեն: Ազգային շարժում կուսակցության փոխնախագահ Օքթայ Վուրալն այդ ամենն իր ազգի հանդեպ որպես վիրավորանք որակելով' հայտարարել է, որ դրանով տվյալ պատգամավորները, լինելով փոքրամասնություն, արհամարհել են իրենց մշակույթն ու լեզուն: «Այս ազգի անունն է թուրք, և նրա պետական լեզուն է թուրքերենը: Յուրաքանչյուրը կարող է ունենալ ազգային   ինքնություն, սակայն մենք պետք է գիտակցենք, որ միևնույն ազգի ներկայացուցիչներն ենք: Սահմանադրության մեջ հստակորեն նշվում է' Թուրքիայի բոլոր քաղաքացիները համարվում են թուրք,-  ասել է նա»:

Փոփոխության ենթարկելով սահմանադրական հոդվածները , պետությունը , սակայն, ընդունել է մի շարք օրենքներ և որոշումներ, որպեսզի կարողանա հսկողության տակ պահել  փոքրամասնություններին: Նրանց հետ կապված խնդիրները ներքին գործերի նախարարության, կրոնական գործերի վարչության և Ազգային անվտանգության ուշադրության կենտրոնում են:

Կրոնական փոքրամասնություններին վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներից է եկեղեցիների, հավաքատեղերի և աղոթատեղերի հարցը: Թուրքական պետությունն ամեն կերպ փորձում է խոչընդոտել դրանց կառուցմանը և գործունեությանը: Դեռևս 17.08.2001թ. ներքին գործերի նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին մի փաստաթուղթ է ուղարկել, որի համաձայն' այդուհետ պետք է կարգավորվեին կրոնական փոքրամասնությունների աղոթատեղերի և հավաքատեղերի խնդիրները' նպատակ ունենալով մտցնել որոշակի սահմանափակումներ: Մինչդեռ սահմանադրության 24-րդ հոդվածը ապահովում է բոլոր քաղաքացիների խղճի, մտքի և հավատի ազատությունը, եթե այդ ազատությունը չի հակասում հենց նույն հոդվածի երկրորդ պարբերության և 14-րդ հոդվածի սահմանափակումներին: 24-րդ հոդվածում նաև հստակորեն թվարկվում են այն բոլոր վայրերը, որոնք չեն կարող այս նպատակներով օգտագործվել: Աղոթատեղերի հետ կապված 2596 համարի որոշ հագուստներ կրելու թույլտվության կանոնների կիրառման ձևերն ամրագրող կանոնադրության 3-րդ հոդվածում ասվում է, որ վանքերը նախատեսված են կրոնական ծիսակատարությունների և արարողությունների համար, և որ դրանք պետք է լինեն փակ վայրերում: Նախատեսված վայրերից դուրս վանքերի կառուցումը, ՔՕ 529-րդ հոդվածի համաձայն, պատժելի հանցագործություն է համարվում: Սրան է անդրադառնում նաև 3194 համարի բարեկարգման օրենքը, որի համաձայն'  վանքեր, եկեղեցիներ կարելի է կառուցել բարեկարգման նախագծերի համաձայն, մուֆթիի թույլտվությամբ, իսկ առաջին հավելման մեջ պարտադրվում է տվյալ վայրում կրոնական համայնքի առկայությունը: Համար 634 հարկաբաժնի իրավունքը արգելում է աշխատավայրերի, խանութների և նման այլ շինությունների ու վայրերի օգտագործումը որպես կրոնական հավաքատեղեր, սակայն սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն' դա թույլատրվում է հարկաբաժնի տերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում, հակառակ դեպքում օրենքը խախտողներին ՔՕ 261-րդ հոդվածով սպառնում է 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում:

Այս իրավունքները կարելի է սահմանափակել միայն բնակչության անվտանգության, խաղաղության ապահովման նկատառումներով' նահանգապետի կողմից' համաձայն 5442 նահանգների համար կառավարման օրենքի 11-րդ հոդվածի: Այս որոշումներն ամրագրված են նաև 1990թ. Փարիզում կնքված պայմանագրով, որն իր հերթին ստորագրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 10-րդ, 18-րդ և ԵԽ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 9-րդ հոդվածների հիման վրա: Այսպիսով' կարելի է ասել, որ աղոթավայրերի և հավաքատեղերի հիմնումը սահմանադրորեն թույլատրվում է, եւ Ներքին գործերի նախարարության ու կրոնական գործերով վարչության գործողություններն անօրինական են:

Բացի այդ, Թուրքիայի մզկիթների 81%-ը կառուցվում է առանց համապատասխան թույլտվությունների, սակայն մինչ օրս դեռ ոչ մի մզկիթի փակման փաստ չի արձանագրվել: 

Եթե նույնիսկ հաշվի չառնենք Թուրքիայի սահմանադրությամբ  պաշտպանվող մի շարք իրավունքներ, ապա անհնար է հաշվի չնստել այն միջազգային համաձայնագրերի, կազմակերպությունների որոշումների և կանոնադրությունների հետ, որոնց անդամ պետություն է  Թուրքիան: Թուրքիայի  ստորագրած' ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 10-րդ , 18-րդ և ԵԽ Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 9-րդ հոդվածների համաձայն' յուրաքանչյուր ոք ունի խղճի, մտքի և դավանանքի ազատության իրավունք: Այն  ներառում է հետևյալ իրավունքները. ամեն ոք կարող է ըստ ցանկության փոխել իր կրոնը, կարող է միայնակ կամ խմբով հրապարակել այն և կրթել ուրիշներին: Այս իրավունքները կարող են սահմանափակվել այն դեպքում, եթե խախտում են ուրիշների իրավունքները և վտանգ են ներկայացնում հասարակության անվտանգության համար: ԵԱՀԿ 1989թ. Վիեննայի որոշման 16-րդ հոդվածի չորրորդ պարբերության համաձայն' անդամ պետությունները պարտավորվում են ապահովել իրենց իշխանության սահմաններում գտնվող կրոնական փոքրամասնությունների ազատ ինքնարտահայտվելու, աղոթատեղեր և հավաքատեղեր կառուցելու, սեփական ավանդույթների համաձայն ապրելու և զարգանալու իրավունքները: Հարկ ենք համարում նշել նաև, որ որևէ երկրի օրենքների միջազգային փաստաթղթերում ամրագրված իրավունքների և օրենքների անհամապատասխանության դեպքում ի հայտ եկած խնդիրները լուծվում են միջազգային պայմանագրերով ամրագրված օրենքների համաձայն, Եվրոպայի միջազգային դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է փոքրամասնությունների հանդեպ  տարվող պետական քաղաքականությանը, ապա կարծում ենք' դրա լավագույն բնորոշումը տալիս են հենց իրենք' պետական գործիչները: 2005թ. նոյեմբերին Շըրնաքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ իշխանությունները երեք կարմիր գիծ ունեն, և որ դրանցից մեկն ազգային պատկանելությունն է, որն իրենք վերացնելու են մեկ Թուրքիայի քաղաքացու վերին ինքնության հովանու  ներքո, իսկ Բողազիչի համալսարանի դոկտոր  պրոֆեսոր Զաֆեր Ուսքյուլը հավելեց, որ այդ ներքին ինքնությունները քաղաքական իրավունքներ չունեն: Հաջորդ նմանատիպ հայտարարությունն արդեն արեց պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը: Նա նոյեմբերի 10-ին Բրյուսելում թուրքական դեսպանատանը կայացած'Աթաթուրքի հիշատակին նվիրված միջոցառման ելույթի ժամանակ կարծիք է հայտնել, որ ներկայիս Թուրքիայի ,ազգայինե լինելու համար իրենք պարտական են դարասկզբի մի շարք դեպքերի, այդ թվում նաև 1923թ. Թուրքիայի և Հունաստանի միջև բնակչության փոխանակմանը: 2008թ. մի շարք քրդական ցույցերից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանը հայտարարել է. «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ դրոշ»' ընդգծելով, որ թուրք ազգը  մեկ ամբողջականություն է, և որ  այդ ամբողջականությունը խախտողները պետք է պատժվեն, ինչը զարմանալի է թվացել Եվրոպային' հաշվի առնելով վերջին շրջանում Էրդողանի առաջադիմական հայտարարությունները:

Կարծում ենք' այս հայտարարությունները բավական տպավորիչ պատկերացումներ են տալիս այսօր Թուրքիայում փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականության մասին: Սա մի ամբողջ պետության քաղաքականություն է, որ իր ողջ լծակները գործի է դրել փոքրամասնությունների դեմ: Ինտերնետային կայքերից մեկում խոսվում է  դեռևս 45 տարի առաջ պետության կողմից ստեղծված' փոքրամասնությունների գծով երկրորդական հանձնաժողովի մասին, որը շարունակում է գործել նաև այսօր: Այնուհետև առաջ է քաշվում այն տարբերակը, որ միսիոներների խնդիրը ուռճացվում է հենց պետության կողմից և հասցվում այնպիսի չափերի, որ վտանգավոր է դառնում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների կյանքի համար: Կայքում գրված է. «Հենց այս քաղաքականությունն էր, որ պարարտ հող ստեղծեց մեկը մյուսին հաջորդող սպանությունների  և ահաբեկչությունների համար: Այս քաղաքականությունը և այս իրավիճակը տարիների արդյունք են: Ինքը պետությունն է հրահրում  բոլոր ազգայնական շարժումները, այնուհետև  հայտարարում, թե ցանկանում է բացահայտել դրանք: Մենք միշտ լսում ենք, որ հայտնի չէ, թե ով է կանգնած այս կամ այն սպանության հետևում: Պարզապես պետությունն ինքն է թաքցնում այդ մարդկանց, եթե ոչ հենց ինքն է այդ անհատը: Նախ հայտարարվում է, թե որոշ ոստիկաններ են մասնակից այդ գործերին, այնուհետև, կրքերը մարելուց հետո, պարզվում է' ոչ մի ոստիկան էլ չկա, և  ի հայտ է գալիս պետությունը»:

Այսպիսով, հանրագումարի բերելով այս ամենը, կարելի է ասել, որ չնայած վերջին շրջանում Թուրքիայի  կատարած բոլոր սահմանադրական փոփոխություններին, որոնք դրականորեն են գնահատվել միջազգային կազմակերպությունների կողմից, այդուհանդերձ Թուրքիայի Հանրապետության սահմանադրության մեջ շարունակում են  պահպանվել այնպիսի հոդվածներ, որոնք հակասում են իր իսկ ստորագրած միջազգային փաստաթղթերի չափանիշներին: Բացի այդ, փոփոխություններ կատարելով իրավական դաշտում, թուրքական պետությունը, սակայն, ոչ մի քայլ չի կատարում գործնականում այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար: Պետությունը խթանում է փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, շարունակում է նրանց ձուլման քաղաքականությունը: Բացի այդ, կրոնական փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականությունը տարածվում է նաև հասարակության մեջ և շատ հաճախ խրախուսվում է վարչական մարմինների կողմից առնվազն դրա դեմ չպայքարելու միջոցով: Իր առջև խնդիր դնելով Եվրոպային ներկայանալ որպես առաջադիմական և իրավական երկիր, իրականում, սակայն,  թուրքական պետությունը շարունակում է իր պանթուրքիստական վաղեմի ծրագրերի իրագործումը: Պետական քաղաքականության առանցքը շարունակում է մնալ Քեմալ Աթաթուրքի' 66-րդ հոդվածով ամրագրված' «երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» արտահայտությունը:

  Տաթևիկ Խաչիկյան 

Ըստ «www.religions.am»–ի

Այս խորագրի վերջին նյութերը