Մեկնաբանություն

28.12.2010 10:12


ՕԵԿ-ին ճնշելը շատ դժվար է' ասում են

ՕԵԿ-ին ճնշելը շատ դժվար է' ասում են

ՀՀ այժմ արդեն նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն իր կյանքում ոչ ոքի չէր առևանգել եւ ծեծի չէր ենթարկել: Ընդհակառակը' բարեհամբույր էր, բնավորությամբ' մարդամոտ, խոսում էր առանց ժարգոնի եւ մականունն ինչ է' չուներ: Ինչո՞ւ հանեցին գործից:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ներկայացնելով ՕԵԿ 2010-ի ձեռքբերումները, հավելել է. ««Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը, հարցը քննարկելով, հետ է կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին. նա այլեւս չի պաշտոնավարի որպես նախարար: Մենք նիստում քննարկել ենք ոլորտում տեղի ունեցած անկումը: Դա պայմանավորված է մեծապես ֆինանսատնտեսական ճգնաժամով ու բնակլիմայական պայմաններով, ու մենք կայացրել ենք քաղաքական վճիռ' հետ կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին»: Պարոն Բաղդասարյանի այս «սպառիչ» բացատրությունը, սակայն, գույներն ավելի է խտացնում: Ո՞վ է տեսել Հայաստանում գյուղնախարար հանեն գործից, ինչ է, թե Գրենլանդիայի սառույցներն սկսել են հալվել, կամ էլ' աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ է: Նույն հաջողությամբ կարելի է բազմափորձ մեղվապահին հեռացնել աշխատանքից, եթե տարին նպաստավոր չլինի եւ մեղուն շատ մեղր չտա: Ավելին' մեր գյուղնախարարներից ո՞վ է հակակարկտային կայանք տեղադրելու ավելի մեծ ծրագրեր կազմել, ո՞վ է ավելի շատ ոչխարի միս արտահանել եւ, վերջապես, ո՞ւմ մտքով է անցել տոմատի մածուկ ներկրել լոլիկի երկիր Հայաստանս: Այնպես որ, թույլ տվեք չհամաձայնել ՕԵԿ քաղաքական խորհրդի որոշման հետ: Պարոնայք եւ տիկնայք ՕԵԿ-ականներ, եթե տարին անբարենպաստ է եւ կա ֆինանսատնտեսական ճգնաժամ, ապա ոլորտի անկումը պետք է բացատրել դրանցով եւ ոչ թե համեստ գյուղնախարարով:

Արթուր Բաղդասարյանը նաև չի մանրամասնել, թե իր կուսակցության քաղխորհուրդը հատկապես երբ է կայացրել այս, մեղմ ասած, ոչ այնքան մարդասիրական որոշումը' ՀՀ նախագահի հետ խորհրդակցելուց առա՞ջ, թե՞ հետո: Եթե առաջ, ուրեմն ՕԵԿ-ն է կրում Գերասիմ Ալավերդյանին պաշտոնանկ անելու ողջ պատասխանատվությունը, իսկ եթե հետո՞... Արթուր Բաղդասարյանն այդ նուրբ հարցն այսպես է մեկնաբանում. «Մեզ վրա ճնշում գործադրելը դյուրին չէ: Մենք գտնվում ենք մեր գործընկերների հետ քաղաքական երկխոսության դաշտում: Դա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ Հայաստանի նախագահն ընդհանուր քաղաքական ղեկավարն է, այսօր, բնականաբար, այդ որոշումը ես քննարկել եմ նաեւ նախագահի հետ»: Սա ինձ հիշեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը ՀՀ ԱԺ-ում: Հիշո՞ւմ եք, թե ինչպես կոալիցիան հանկարծ որոշում կայացրեց կասեցման մասին ու դիմեց նախագահին' իրենց որոշումն ի կատար ածելու խնդրանքով: Ո~նց էին պսպղում տղերքն այդ օրերին... Հիմա էլ' Արթուր Բաղդասարյանը: Մարդն ասում է' ՕԵԿ-ը որոշում է ընդունել եւ հետո գնացել նախագահի մոտ, թե' պարոն նախագահ, եկել եմ Ձեզ հետ իմ որոշումը քննարկելու, որովհետև Դուք էլ, լավ-վատ, մեր քաղաքական պարտնյորն եք, մեր թիմի անդամ: Այս դեպքում միայն ՀՀ նախագահը, մեր կարծիքով, չէր կարող ճնշում գործադրել ՕԵԿ-ի վրա: Իսկ եթե այնուամենայնիվ ՀՀ նախագահի հետ «խորհրդակցելուց» հետո է ՕԵԿ-ը Ալավերդյանի ձեռքից պորտֆելը հետ առել, ապա ներողություն, դժվար է համաձայնել Բաղդասարյանի հետ, թե իրենց վրա ճնշում բանեցնելն այնքան էլ դյուրին չէ:

Եթե մի քաղաքական կուսակցություն այս խառը ժամանակներում խաղաթղթերը բացում ու հայտարարում է, որ երեք տարի հետո պաշտպանելու է գործող նախագահի թեկնածությունը, ապա գոնե չպետք է խոսի այն մասին, որ այդ նախագահի համար դյուրին չի կարող լինել իր վրա ճնշում գործադրելը: Մի խոսքով' Բաղդասարյանի քաղաքական գիծն ու  հայտարարությունները իրար չեն բռնում:

Մեր կարծիքով' այս հարցում առավել հստակություն կմտնի այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը (նախագահի հետ խորհրդակցելուց առաջ կամ հետո) ներկայացնի հաջորդ գյուղնախարարի թեկնածությունը: Եթե նորը լինի ճակատին ՕԵԿ գրված մեկը, դեռ կարելի կլինի մտածել, որ ՕԵԿ-ն իրոք կենսունակ ուժ է, կադրերով հարուստ, ինչպես սիրում է պարծենալ Արթուր Բաղդասարյանը, երբ խոսում է հավատավորներով ՕԵԿ-ի շարքերը համալրելու մասին: Բայց եթե դա լինի երկու գիշեր առաջ ՕԵԿ ընդունված մի մարդ, ինչպես ՕԵԿ-ի հետ պատահեց նախորդ արտակարգ իրավիճակում, ապա կմնա ծաղկեպսակ դնել այս կուսակցության վրա, ինչպես դա պատկերված է հրապարակվող լուսանկարում:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը