Լրահոս

14.12.2010 16:46


Նախարարի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչները հորդորել են չվհատվել

Նախարարի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչները հորդորել են չվհատվել

30 մլն դոլար գումար է հատկացվել Գյումրիում տեխնապարկ կառուցելու համար։ Այսօր գյումրեցիներին այսպես են աչքալուսանք տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, տեխնապարկի հիմնադրամի տնօրենը և հոգաբարձուների խորհրդի անդամները: Վերջիններս  այսօր Գյումրիում քննարկել են, թե ինչպես են առաջիկայում ծախսելու հատկացված միջոցները: Որոշել են այս անգամ վերակառուցել մանկավարժական ինստիտուտի նախկին շենքը, այն դարձնել լաբորատորիա ու ստեղծել միջազգային կարգի բիզնես-միջավայր: Ծրագրի հեղինակները հավաստիացրել են, որ այս անգամ ծրագիրն ավելի քան իրական է և նկատելի ու շոշափելի կլինի գյումրեցիների համար: Ավելին, երաշխավորել են, որ գումարները չեն փոշիանա, դրանք անպայման կգան Գյումրի, և որ արդեն լաբորատոր սարքավորումները ձեռք են բերվել:

Ներսես Երիցյանը լրագրողներին ներկայացրել է, թե մինչև հիմա ինչ է արվել և առաջիկայում ինչ են պատրաստվում անել, որպեսզի գյումրեցիները տեսնեն, թե վերջապես ինչ է իրենից ներկայացնում տեխնապարկը։

-Համաշխարհային բանկի կողմից ծրագիրը հաստատվել է, որտեղ կոնկրետ շենքի վերականգնման և նախնական փուլի լաբորատոր սարքավորումների և միջավայրի ձևավորման համար միջոցներ են նախատեսված: Գումարն արդեն հաստատված է, Ազային ժողովը կվավերացնի հունվարին, հույս ունեմ, կամ փետրվարի սկզբին,-ասել է էկոնոմիկայի նախարարը:

 

Հարցին, թե մինչ այժմ ինչքա՞ն գումար է ծախսվել և ինչի՞ վրա, նախարարը պատասխանել է.

-Մեկ միլիոն դոլարից ավել գումար ենք ծախսել, լաբորատորիաներ ենք ձեռք բերել, դրանք տեղակայվելու են: Բավականին լուրջ ծրագրային աշխատանք է կատարվել, հաշվարակներ են արվել, թե ինչ բիզնես պետք է զարգանա, ինչ հաջորդականությամբ և այլն: Ծրագրի մի մասը ֆինանսավորել է ԱՄՆ-ի կառավարությունը՝ Հայաստան բերելով շատ թանկարժեք փորձագետի, որը մեզ հետ կիսվել է Շենոնի՝ Իռլանդիայի օրինակով, որտեղ ամբողջ մի տարածաշրջան զարգացրել են:

Հյուրերը Գյումրու նախկին մանկավարժական ինստիտուտի կիսաքանդ շենքում քննարկել են նաև, թե շենքի ո՞ր մասում պետք է ճաշարանը լինի, ո՞ր մասում՝ պատկերասրահը և այլն:

Սակայն մինչև հիմա գյումրեցիները դեռևս որևէ շոշափելի արդյուքն չեն տեսել կառավարության ներկայացրած «դարակազմիկ» սույն ծրագրից: Այս առումով պատվիրակության ներկայացուցիչները հորդորել են չվհատվել, քանի որ գարնանն արդեն կարելի է նաև արդյունքներ տեսնել:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը