Կարծիք

15.01.2010 17:18


Հակաբայղուշական

Հակաբայղուշական

Նոր տարուց հետո առաջին հոդվածը միշտ էլ դժվար է լինում գրել: Նախ' բնական է, որ տոնական օրերի տրամաբանությունը հունից հանում է, և ընդամենը մի քանի օրվա մեջ գրողը նույնիսկ կարող է մոռանալ, որ ինքը գրելու ունակություն ունի (որքան էլ նախատոնական օրերին ինքդ քեզ չհամոզես, որ այս տարի Նոր տարի համարյա չես անելու): Երկրորդ' Նոր տարուն անմիջապես նախորդող շրջանում որոշակի փորձ ունեցող գրողը «չալաղաջ» թեմաները պահում է հետոյի, որպեսզի դրանք չկորչեն նախատոնական տրամադրությունների մեջ, բայց երբ գալիս է «հետո»-ն, պարզվում է, որ նույնիսկ սևագրած «չալաղաջները» հեշտ չէ վերարտադրել. սևագրած մտքերի կապը մոռացվում է ու մշուշոտ դառնում հեղինակի համար: Երրորդ' ուզում ես, որ առաջին հոդվածը լավը լինի, և բացի այդ ուզում ես, որ այս տարի վերջապես պլանով գրվի՝ ավելի մտածված, ու մեկը մյուսին փոխլրացնող ու շարունակող: Բայց գրելու օրը գալիս է, իսկ երկարատև պլան դու, ինչպես և կանխատեսելի էր, այդպես էլ չունեցար: Չորրորդ և ոչ պակաս կարևոր' Նոր տարվա ազատությունից, հին ու նոր ընկերների հետ հանդիպելուց, ապա նաև ինտերնետով ազատ դեգերումներից հետո ամենահաճելի բանը չէ վերադառնալ հայկական իրականություն, մանավանդ քաղաքական առօրյա: Հինգերորդ' երբ արդեն պարաստվում էի անցնել գործի և կենտրոնանալ, մեր տուն անսպասելի այցելությամբ եկավ բասկետբոլային Հատիս թիմի մարզիչը (պարզվեց՝ իմ Թիֆլիսի դասարանցին է) և Բոյանա Վուլիչը հանդերձ նորա: Եթե թիֆլիսեցի ընկեր ունեք, կարող եք պատկերացնել՝ ինչքան խմիչք օգտագործվեց այդ օրը (մանավանդ որ ժամանակին խմել ինձ սովորեցրել է հենց Գիան), որը սահուն անցավ ուշ գիշերվա, և ավարտվեց վաղ առավոտվա շեմին: Էնպես որ մի երկու օր էլ դրանից հետո ուշքի եկա: Դե հիմա արի ու հոդված գրի, Հրա՛նտ ախպեր: Մտքերս շատ են (անցած օրերին, բացի խմելուց ու ինտերնետով ճամփորդելուց, հասցրել եմ նաև մտածել որոշ հարցերի շուրջ, որոնց մասին սովորաբար չես հասցնում մտածել տարվա ամենօրյա գործնական ռիթմի մեջ), բայց դրանց համակարգի բերելը ժամանակ է պահանջում: Որոշեցի դրա համար նյութս գրել ցանկությունների տեսքով: Այսինքն, ներկայացնել այն ցանկությունները, որոնք կուզենայի՝ իրականություն դառնային, և այն մքտերը, որոնք կուզենայի զարգացնել գալիք տարվա ընթացքում:

Հայաստանին բնորոշ հասարակական և քաղաքական դաշտի բազմաթիվ բացասական երևույթներ իրենց հիմքում ունեն հոգեբանական երևույթներ, որոնք այս կամ այն չափով բնորոշ են բոլորիս: Թվեմ դրանցից մի քանիսը' ցանկանալով դրանց վերացումը և փոխարենը նոր որակների տարածումը:

Հայաստանը լիքն է ամենագետներով, որոնք գիտեն ամեն ինչ' եղածը և լինելիքը: Նրանց մեջ կան փոքր ու մեծ, կրթված ու անկիրթ կին ու տղամարդ: Նրանցից քչերի մտքով է անցնում, սակայն, որ որքան էլ շատ մարդ իմանա, այսօրվա աշխարհում ցանկացած գիտելիք հնանում է լույսի արագությամբ: Ամենագետները մեզ մոտ շատ են, բայց քիչ են մարդիկ, որոնք փորձում են ամեն օր թարմացնել իրենց գիտելիքը կյանքի փորձով և ինքնակրթության միջոցով: Երբ քարացած ամենագիտությունը և ճոռոմ իմաստակությունը նվազեն մեր երկրում, մենք առաջ գնալու շատ ավելի մեծ շանսեր կունենանք: Երբ վերամբարձ քրմերի ու մտքի տիտանների փոխարեն կունենանք մտքի համեստ մշակներ, որոնք մուսային սպասելու փոխարեն ամենօրյա սև աշխատանք կանեն, Հայաստանը ժամանակակից երկրի վերածվելու շանս կունենա:

Մեր երկիրը լի է գլուխ հարթուկողներով, շարունակական մենախոսության մեջ գտնվող շեքսպիրյան ծաղրահերոսներով, որոնք փոքր իսկ ունակություն չունեն լսելու ուրիշին, երկխոսության մեջ մտնելու: Ահա նա արտասանում է մեկ-երկու նախադասություն, և դու գիտես մնացածը. մնում է միայն հարմար պահը բռնացնես ու փախչես, այլապես ստիպված ես լինելու անվերջ շարունակվող դասախոսություն լսել բոլորին հայտնի և ինքնին պարզ ճշմարտությունների մասին: Նրանց մեջ կան արժանի և անարժան մարդիկ: Բայց երկու տիպից էլ տպավորությունը մեկն է' արտահայտվելու սուր կարիք ունեն, բայց ընկալելու համար ականջները փակ են: Գլուխ հարթուկողի տիպն ամենագետի և իմաստակի բնական ծնունդն է: Ներհայաստանյան միջավայրի նեղլիկության պատճառով նա լիովին փակ համակարգի է վերածվել, իսկ դա նշանակում է, որ իզուր է կորչում և՛ նրա գիտելիքը, և՛ փորձը, և՛ բանականությունը: Յուրաքանչյուրս գտնվում ենք գլուխ հարթուկողի վերածվելու վտանգի տակ: Եթե ամեն մեկն իր մեջ հսկի և ոչնչացնի գլուխհարթուկման սաղմերը, մեծ օգուտ կբերի հասարակությանը:

Գլուխ հարթուկողի հարազատ եղբայրն է պոռոտախոս անբանը: Խոսք' որքան ասես, բայց մի ստից գործը պատվից ցածր է: Բողոք՝ որքան ուզես, բայց մի փոքր ջանքը, թեկուզ անմիջապես իրեն շրջապատող իրականությունը փոխելու համար, զրո է: Հարց չկա, ապե՛ր, վաբշե խնդիր չի, հարյուր տոկոս....: Այդ խոսքերը դեպքերի 90 տոկոսում ոչ մի արժեք չունեն: Եթե յուրաքանչյուրս կյանք պատմելու վրա օրական ծախսվող ժամանակի գոնե կեսը ծախսեինք փոքր, բայց շոշափելի գործի վրա, և ենթադրեինք, որ «սպիտակ մարդու երկիր» ունենալու համար կարելի է նախ մի քիչ «նեգրի պես» աշխատել, գուցե մասնակի փոփոխությունների հասած լինեինք արդեն:

Անբանի հարազատ զարմիկն է բայղուշը: Բայղուշությունն առողջ քննադատողականությունից տարբերվում է տոտալ ժխտողականությամբ և որևէ բան փոխելու կամքի բացակայությամբ: Ցավոք, քանի որ քննադատելի երևույթները Հայաստանում անթիվ են, բայղուշությունը հաճախ շփոթվում է քննադատողականության հետ: Բայղուշը հայի պարտված, դիլխոր տիպն է, որը չի հավատում, որ հայերն առանց արտաքին կառավարման կարող են մի արժեք ստեղծել: Չնայած արտաքուստ հաճախ ընդդիմադիր՝ իրականում բայղուշը երբեք դիմադրող չէ, և չի ուզում տեսնել որևէ դրական բան իր շուրջը: Տոտալ ժխտողականությունն էլ շատ հաճախ միայն արդարացնում է հարմարվողականությունը: Ընդվզող ու պայքարող մարդն անում է դա հանուն որևէ դրական արժեքի, հանուն մի բանի, որ տեսնում է անցյալում, ներկայում կամ ապագայում: Բայղուշը, ինքը լինելով ներքուստ ձախողված կերպար, ձախողված է ուզում տեսնել բոլորին և ամեն ինչ իր շուրջ, որով էլ բռնակալության լավագույն ու հավատարիմ հենարաններից է:

Բայղուշի քեռին բիձեն է: Բիձեն Հայաստանի տարածված մարդահոգեբանական տիպն է, որը տարիք չի ճանաչում, և 18, 28, 38 և այլ տարիքի բիձեքը քիչ չեն: Բիձեն միավորում է բոլոր նշված տիպերի առանձնահատկությունները' «իմաստուն է», ասես Իմամալի Ռահմոնովը, գլուխ հարթուկող է, ինչպես սովետահայ մտավորականը, պոռոտախոս է ու անբան, ինչպես Քաջ Նազարը, բայղուշ է դիլխոր ծտի պես:

Ցանկացած առաջընթացի հիմքում ադեկվատությունն է: Ադեկվատությունը պահանջում է մեզանից ո՛չ մեծամտանալով հոխորտալ, ո՛չ նվաստանալ թե՛ ազգային, թե՛ անձնական մակարդակներում: Դեռևս 5-րդ դարում այդ սկզբունքը ձևակերպվել է Խորենացու կողմից, երբ նա ասում էր, որ թեև փոքր ածու ենք, բայց մեզ մոտ էլ հիշատակելու արժանի բազում սխրանքներ են կատարվել: Նոր տասնամյակում Հայաստանը կարիք ունի ապագայի հետ խոսացող և ապագայի անունից խոսացող ուրախ հայերի, որոնք կթաղեն հայրերի ու պապերի դիլխոր իմաստակությունը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը