Լրահոս

12.11.2010 15:47


ՀԱԿ–ը խորհրդարանական մանդատներից չի՞ հրաժարվի

ՀԱԿ–ը խորհրդարանական մանդատներից չի՞ հրաժարվի

Լրագրողի՝ «Արտահերթ կամ ոչ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն անցնի խորհրդարան, բայց փոքրամասնություն լինի, հնարավո՞ր է, Երևանի ավագանու նման, չմասնակցի խորհրդարանի աշխատանքներին» հարցին ի պատասխան՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե պայքարը բնականաբար հեշտ չի լինելու, և ավագանու ընտրություններից հետո իրենք կանգնած էին երկընտրանքի առաջ. մի կողմից ժողովուրդը քվե էր տվել, մյուս կողմից բռնաբարվել էր ժողովրդի քաղաքական կամքը, և դրանք ընդունելը հավասարազոր էր դրանք օրինականացնելուն։

Նա նշել է, որ անգամ այդ ամենից հետո կարելի էր գնալ և աշխատել ավագանիում, եթե այդ մի քանի մանդատը հնարավոր լիներ օգտագործել որպես իրենց պայքարն ուժեղացնող զենք, մի կարևոր ամբիոն.

-Բայց, ցավոք սրտի, ի տարբերություն խորհրդարանի, ավագանին նման քաղաքական ամբիոն չէ։ Նա նման հնարավորություն չի տալիս։ Ավելին, շատ մեծ ռիսկ կար, որ ընդգրկվելով ավագանու աշխատանքների մեջ՝ մենք համազգային օրակարգ ունեցող ուժի կարգավիճակից կարող էինք նվազեցնել այն մինչև ինչ-որ տեղային խնդիրներով զբաղվող ուժ։

Այնինչ խորհրդարանը, ըստ Լ. Զուրաբյանի, լրիվ այլ բան է։ Նա մեջբերել է Լենինի այն մոտեցումը, թե խորհրդարանը ամբիոն է, որը պետք է օգտագործվի վերջնական հաղթանակի համար։

-Խորհրդարանն իսկապես մի ամբիոն է... անկախ ամեն ինչից։ Ես պատկերացնում եմ՝ եթե մենք գոնե մեկ պատգամավոր ունենայինք խորհրդարանում։ Պատկերացնում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր լիներ խորհրդարանում,-ընդգծել է նա և հավելել, թե դա կլիներ միանգամայն այլ խորհրդարան, և այսօրվա պայքարի որակն ամբողջությամբ այլ կլիներ։-Խորհրդարանում ամբիոն ունենալը լրիվ այլ բան է, և նման ամբիոնից ոչ ոք երբեք չի հրաժարվի։

Այդուհանդերձ վերոնշյալ սցենարը ՀԱԿ-ը դիտարկում է որպես վատագույն սցենար, և հարցը շատ հստակ են դնում՝ արտահերթ նախագահական ընտրություններ։ Դա է ՀԱԿ-ի հիմնական նպատակը։

-Համարելով դա ամենաանհավանական սցենարը, ասում եմ՝ այո՛, ամբիոնը խորհրդարանում այնպիսի մի բան է, որը որևէ անկեղծ քաղաքական ուժ իրեն թույլ չի կարող տալ հրաժարվել,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը