Լրահոս

11.11.2010 12:10


Ավստրիական կուսակցությունը պահանջել է դադարեցնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Թուրքական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ավստրիայի ազատություն կուսակցությունը պահանջել է անհապաղ դադարեցնել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ավստրայում Թուրքիայի դեսպան Քադրի Էջվեթ Թեզջանը Վիեննային մեղադրել է ավստրիաբնակ թուրքերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։

Քադրի Էջվեթ Թեզջանն ավստրիական Die Presse պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ավստրիայում թուրքերին վերաբերվում են որպես «վարակների» և մեղադրել էր Վիեննային, որ վերջինս պատշաճորեն չի իրականացնում ինտեգրացիայի քաղաքականությունը։ Նա նաև քննադատել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Մարիա Ֆեկտերին և պահանջել է, որ նա չմիջամտի այլազգիների հարցերին:

Հարցազրույցից հետո թուրք դեսպանը կանչվել է Ավստրիայի արտգործնախարարություն։ Այլ մանրամասներ, սակայն, չեն  հաղորդվում:

Թուրք դեսպանի հայտարարություններին հակազդեցություն են ցույց տվել Ավստրիայի թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունները:

Մասնավորապես, Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանը հայտարարել է, որ թուրք դեսպանի խոսքերը հեռու են պրոֆեսիոնալիզմից և դա ունենալու է իր հետևանքները:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Մարի Ֆեկտերն էլ անընդունելի է համարել, երբ մի երկրի դեսպան փորձում է նման ձևով միջամտել մեկ այլ երկրի ներքին գործերին:

Ավստրիայի արտգործնախարարը Միխայիլ Շպինդելեգերը զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուին և բացատրություն պահանջել տեղի ունեցածի համար: Շպինդելեգերի խոսքերով,  Դավութօղլուն ասել է, թե ինքն անտեղյակ է դեպքի մասին և նշել է, որ դեսպան Թեզջանն այդ հայտարարությունն արել է առանց Անկարայի հավանությունը ստանալու:

Այս խորագրի վերջին նյութերը