Լրահոս

10.11.2010 18:07


Մրցակցային իրավիճակի բարելավման Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը

Հայաստանյան մրցակցային իրավիճակը ներկայացվել է Շվեյցարիայում անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին, որին մասնակցել են ավելի քան 100 երկների մրցակցային մարմինների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Համաժողովի աշխատանքային մեկ ամբողջ օր նվիրվել է Հայաստանի մրցակցային իրավիճակի, այդ ոլորտում ձեռնարկված բարեփոխումների ներկայացմանն ու քննարկմանը: ՄԱԿ-ի փորձագետների պատրաստած զեկույցի հրապարակումից հետո ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր ելույթում ներկայացրել է մեր երկրում մրցակցային իրավիճակի բարելավման ուղղված քայլերը, որոնք կատարվում են միջազգային կառույցներից ստացված առաջարկությունների եւ խորհուրդների հիման վրա:

 Մասնավորապես, ներկայացվել է մրցակության բարելավմանն ուղղված եռամյա ռազմավարության ծրագիրը և մրցակցային օրենսդրության մեջ կատարվող բոլոր փոփոխությունները, որոնք հիմնականում իրականացվում են հաշվի առնելով ՄԱԿ-ի փորձագիտական խմբի և այլ միջազգային կազմակեպությունների առաջարկությունները:

 Փորձագիտական առաջարկներին արագ եւ արդյունավետ արձագանքելու Հայաստանի օրինակը ճանաչվել է լավագույնը: Համաժողովի շրջանակներում Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդի հետ, որը ևս բարձր է գնահատել բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը եւ դրա արդյունքում առաջարկել է  մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի հերթական համաժողովը հաջորդ տարի անցկացնել Հայաստանում:

 Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որեւէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը:

Այս խորագրի վերջին նյութերը