Մեկնաբանություն

10.11.2010 16:00


«Բայց ո՜նց եմ ես քեզանից սատարվուուո՜ւմ...»

«Բայց ո՜նց եմ ես քեզանից սատարվուուո՜ւմ...»

Ինչ եք կարծում, սիրելի հայրենակիցներ, այն օրվանից հետո, երբ ՕԵԿ-ը հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որևէ մեկը կասկած հայտնե՞լ է, որ ՕԵԿ-ն, այնուամենայնիվ, չի պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ես նման մեկին չեմ ճանաչում եւ լրատվության մեջ էլ անգամ մի տող այդ մասին չեմ կարդացել: Հակառակը կարդացել եմ' ՕԵԿ-ը, որ ասաց, ուրեմն կպաշտպանի: Ինչո՞ւ պիտի նման հայտարարություն աներ ՕԵԿ-ը, եթե նման բան անել չէր ուզում: Դեռ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հաստատումների պատմությունն էլ չեմ ուզում հիմա հիշել, որ ավելորդ տեղը չնյարդայնացնեմ հարգարժան ՕԵԿ-ականներին:

Այսուհանդերձ, ՕԵԿ-ականները, երբ հայտնվում են մամուլի ակումբներում, անընդհատ հիշեցնում են, որ իրենք իրենց խոստումը չեն դրժի, կկատարեն, անպայման կկատարեն ու նման բաներ:

Խոստումը չմոռանալը, ինչ խոսք, դրական հատկանիշ է, կատարելը' գովելի, իսկ ճիշտ ժամանակին կատարելը' խիստ պատվաբեր մի բան: Բայց կարո՞ղ է, սակայն, մեկն ասել, թե ինչպիսի հատկանիշ է սեփական խոստումը շրջապատին ամեն օր հիշեցնելը:

Եղբայր, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես լիքը խնդիրներ ունեմ, ես շատ քիչ իրավունքներ ունեմ եւ բազում պարտավորություններ իմ երկրի հանդեպ: Ինչո՞ւ եք ինձ ամեն օր մի հիմար բան հիշեցնում, որ ոչ իմ իրավունքների, ոչ պարտականությունների եւ ոչ էլ առավել եւս իմ հոգսերի հետ կապ չունի: Ե՞րբ պիտի հասկանաք, հարգելի ՕԵԿ-ականներ, որ Արթուր Բաղդասարյանի' Սերժ Սարգսյանին սատարելը ինձ համար բացարձակապես նույնն է, ինչ որ Ֆիդել Կաստրոյի եղբայրը սատարի Ֆիդել Կաստրոյին: Երբևէ, մինչև 2013 թվականը, կընդունե՞ք գոնե, որ դա ձեր կուսակցական ակտիվում բարձրացվելիք հարց է ընդամենը եւ բոլորովին կապ չունի ՀՀ քաղաքացիների հետ: Այդ հարցը նույնիսկ ՀՀԿ-ի հետ կապ չունի: Ավելին' Սերժ Սարգսյանի հետ կապ չունի: Խոսք եք տվել' կատարեք: Վերջ:

Եվ հետո' ինչո՞ւ եք էժանացնում ձեր տված խոստումը: Դա էլ հո ՀՀ Սահմանադրության շրջանակներում ապրող սովորական քաղաքացիներին տրված խոստում չէ՞, որ հանկարծ փորձեք չկատարել: Հասկանում ենք, սովորական քաղաքացի ենք, վերջին հաշվով, հատուկ դպրոցի աշակերտ չենք:

Իսկ հիմա կասեմ, թե ինչ եմ մտածում ՕԵԿ-ական այս պահվածքի մասին:

Մեկ-մեկ, երբ ՕԵԿ-ի հերթական խոստովանությունը համընկնում է ՀԱԿ-ի հերթական հանրահավաքի հետ, նույնիսկ մտածում եմ' չլինի՞ այս կերպ ՀՀ իշխանությունները հաթաթա են տալիս Լևոն Տեր-Պետրոսյանին ' թե տես ինչ են անելու Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը հաջորդ նախագահականին: Եթե սա է ՕԵԿ-ի ռեպերտուարի կրկնության բուն պատճառը, ապա, սիրելի հայրենակիցներ, ինձ ցույց տվեք առաջին պատահած գժանոցի դուռը, որովհետև այնտեղ ավելի լավ է, քան Արթուր Բաղդասարյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև ընկած այս տարածությունում, որ կոչվում է Հայոց աշխարհ: Վախ, վախ վախ, բա էլ ո՞ւմ պետք է Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան ու տականք անվանի հաջորդ ընտրություններին: ՀԱԿ-ի բառամթերքն այ այսպես կթուլացնեն:

Իսկ գուցե ամեն օր Հայաստան այցելող եվրոպական եւ ոչ միայն եվրոպական կառույցների՞ն են ուզում մի բան հասկացնել: Օրինակ' ի՞նչ վատ կլինի, թող նրանք տեսնեն, որ Հայաստանում իշխող ուժին նախագահական ընտրություններից երկուսուկես տարի անց էլ դեռ սատարող կա: Տարբերակ է, իհարկե: Բայց վատն այն է, որ օտարները սեփական ակնոցով են նայում այս ամենին եւ մեզնից պակաս զարմանքով չեն հետևում սիրո այս անվերջ խոստովանությանը: Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքակիրթ եվրոպացին ամենաքիչը կարող է տարօրինակ հայացքով նայել այն քաղաքական ուժին, որն ամեն օր բարձրաձայնում է, թե ինչպիսին պետք լինի ինքը երեքուկես տարի հետո: Դե գիտեք, Հայաստանի ու մեր մասին նա շատ մեծ կարծիքի է ու, մեկ էլ տեսար, հարց տվեց ՕԵԿ-ին' դուք մտածում եք, որ երեքուկես տարի շարունակ ոչ երկրում, ոչ էլ ձեր շարքերում որևէ փոփոխություն չի՞ լինելու:

Իրականում' եվրոպացիներին բան ցույց տալու այս տարբերակն էլ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանին բան հասկացնելը. խիստ անհավանական է, եւ դրանց մասին խոսեցինք' այդ տարբերակներն ուղղակի չանտեսելու համար:

Ո՞րն է հետևաբար քաղաքական այս կրկնաբանության բուն պատճառը: Գուցե ճիշտ կլինի այն փնտրել զուտ կոալիցիայի ներսո՞ւմ: Այնտեղ ուժեր կան, որ խոսում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում «50+1» չափաբաժին ունենալու ցանկությունից ու հնարավորությունից, իսկ դրան հակադրելու բան չունեցող ՀՀԿ-ն, ահա, ամեն օր այսպես է պաշտպանվում, թե տեսեք' ՕԵԿ-ի նման կայտառ դաշնակից ունեմ: Տեսնում եք, չէ՞, սրանց միջև ընկած տարածությունն էլ մի բան չէ եւ դարձյալ գժանոցի տեղը հարցնելու ցանկությունն աստիճանաբար ակտուալ է դառնում:

Ինչ անենք, լավ: Ազգովի ականջներս փակե՞նք, թե՞ խնդրենք ՕԵԿ-ին' վերագրանցվել որպես ՀՀԿ-ի Օրինաց երկիր կազմակերպություն և այլևս գլուխ չտանել, թե սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Տեսեք' հանկարծ այնպես չսատարեք, որ եղած սատարողներն էլ հիասթափվեն:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը