Լրահոս

08.11.2010 14:54


ՀԱ՞Կ–ը չի հաղթահարի 10–15%–ի շեմը, թե՞ ՀՀԿ–ն

ՀԱ՞Կ–ը չի հաղթահարի 10–15%–ի շեմը, թե՞ ՀՀԿ–ն

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ ասել է, թե իրենց մոտ նախընտրական տրամադրություններ չկան, բայց այն քաղաքական ուժերը, որոնք այս ամբողջ ընթացքում՝  խորհրդարանական ընտրություններից առաջ եղած մեկուկես տարում, ոչինչ չեն արել, պետք է  այսօր սկսեն աշխուժանալ, որպեսզի որոշակի ձայներ ստանան։

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն էլ հայտարարել է, թե լավ է, որ ՀՀԿ-ն ինքնաքննադատությամբ է զբաղվում, որովհետև հենց ՀՀԿ-ն է այն ուժը, որը նախորդ խորհրդարանական ընտրություններից այս կողմ ոչինչ չի արել, իսկ ՀԱԿ-ը ջանքեր է գործադրում, որպեսզի հասնի արտահերթ ընտրությունների, նախ և առաջ՝ արտահերթ նախագահական ընտրությունների, և չի շեղվել իր ծրագրային դրույթներից։

-Այս անգամ էլ ձեզ մոտ չհաջողվեց արտահերթ ընտրությունների հասնել,-արձագանքել է Հովհաննես Սահակյանը։

Վալդիմիր Կարապետյանն էլ հայտարարել է, թե այսօրվա դրությամբ, չկեղծված ընտրությունների պարագայում, նույնիսկ վարչական ռեսուրսներն օգտագործելով, ՀՀԿ-ն լավագույն դեպքում 10-15% ձայն կարող է հավաքել։

Իսկ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հայտարարել է, թե եթե ՀԱԿ-ը շարունակի իր այսօրվա ոճով գործել, ապա չի կարող անգամ 10-15 %-ի շեմը հաղթահարել։

- Բնական է, որ ընդդիմությունը ձայներ հավաքելու համար պետք է ավելի ու ավելի շատ քննադատի իշխանությանը։ Ես ուզում եմ ասել, որ պետք  է ուղղակի հետևել Գալուստ Սահակյանի խորհուրդներին ու ակտիվացնել գործունեությունը, առավել շատ շփվել մարդկանց հետ, գնալ հեռավոր գյուղեր, տեսնել, խոսել մարդկանց հետ,-ասել է նա՝ ընդգծելով, որ ինքը Լոռվա մարզի ՀՀԿ մասնաճյուղի պատասխանատուն է ու ՀԱԿ-ի և  ոչ մի կառույց մարզերում չի տեսել։

Վլադիմիր Կարապետյանն էլ մատնանշել է   մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀԿ-ի թույլ տված բացթողումները։

-Ազատության հրապարակը շարունակում է պաշարված մնալ, երկրում կան քաղբանտարկյալներ, ԵԽԽՎ-ի ոչ մի բանաձև լիարժեքորեն չի իրականացվում, մարդու իրավունքների հարցով իրավիճակը բարվոք չէ, և դրա հիմնական մեղավորը ՀՀԿ-ն է,-հայտարարել է նա:

Իսկ Հովհաննես Սահակյանն էլ պատասխանել է, թե մեր երկրում քաղբատարկյալներ չկան, և մարդիկ քրեական հանցանքի համար են պատժվել, այլ ոչ թե քաղաքական հայացքների։ Ազատության հրապարակ ՀԱԿ-ի մուտքն արգելելու վերաբերյալ խոսքին էլ անդրադառնալով՝ նա նշել է, թե  եթե ընդդիմությունն ասելիք ունի, ապա նրա համար միևնույնը պետք է լինի՝ Ազատության հրապարակո՞ւմ է դա ասվում, թե՞ մի քանի մետր այն կողմ:

-Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր երկրում իրավիճակը, համեմատած հետխորհրդարանական (երևի նկատի ունի հետխորհրդային-« 7օր») երկրների,  բարվոք է,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը