Հարցազրույց

16.12.2009 14:10


Հրանտ Թոխատյան.

Հրանտ Թոխատյան.

-Պարոն Թոխատյան, youtube-ում տեղադրված հայտնի տեսաերիզը դարձել է լրատվամիջոցների բուռն քննարկման առարկա: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Նախևառաջ, ես կուզենայի ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր դիտել են այդ տեսաերիզը, իհարկե, առաջին հերթին՝ Երվանդ Զախարյանի ընտանիքից ու նրանից անձամբ: Երկրորդը, որ կուզենայի ասել, այն է, որ բոլոր նրանք, ովքեր այստեղ - այնտեղ գոռգոռում և գրում են, թե իբր ես ընդհատակ եմ անցել ու չեն կարողանում ինձ գտնել, բացարձակ սուտ է, որովհետև ես լինում եմ իմ աշխատանքի վայրում, ամեն երեկո խաղում եմ ներկայացման մեջ, որից հետո գնում եմ ուղիղ եթերի: Հնարավոր չէ, որ ինձ գտնելն անհնար լինի:

Ինչ վերաբերում է բուն տեսահոլովակին, ապա ինձ համար ոչ այնքան վիրավորական, որքան ցավալի է այն փաստը, որ ոչ ոք մինչև այսօր չի փորձել խորանալ, հասկանալ, թե ինչո՞ւ պաստառի վրա արված և այդպես էլ չցուցադրված նախընտրական իմ ձայնագրության ֆոնը կանաչ է: Ախր կարելի էր գոնե խորանալ դրա մեջ. որովհետև  իրար վրա դրված է երկու ձայնագրություն կամ, պարզ ասած, մոնտաժված է: Չտեսնել դա հնարավոր չէ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր արտահայտած կարծիքը:

- Սկսած 90-ականներից՝ իմ կարծիքն իմ քաղաքի մասին եղել է այդպիսին, իսկ քաղաքապետին անձնապես վիրավորելու պատճառ չունեի: Ես կարող էի անդրադառնալ նրա վատ աշխատանքին, նրա արժանիքներին՝ որպես քաղաքապետ, սակայն որպես անձ՝ ես երբեք ինձ թույլ չէի տա վիրավորել մի մարդու, որի հետ հազիվ ծանոթ եմ:

- Իսկ ո՞վ կարող էր տարածել տեսաերիզը:

- Ամենաշատը ես եմ շահագրգռված, որպեսզի գտնվի այն մարդը, որն արել է դա, քանի որ դա, այսպես թե այնպես, ինձ համար էլ խոչընդոտներ է ստեղծում իմ աշխատանքում, նաև՝ որպես ընկերության տնօրեն: Անընդհատ հարկավոր է լինում հանդիպել, բացատրություններ տալ: Կրկնում եմ՝ ամենաշատը ես եմ շահագրգռված, որ գտնվի այդ մարդը, ով արել է դա, որովհետև ինձ հետաքրքրում է, թե ինչո՞ւ է դա արվել և ո՞ւմ էր դա հարկավոր:

Նախ՝ ինչո՞ւ հատկապես ես և, մանավանդ, Ալբերտ Ազարյանը: Երկրորդ՝ եթե դա պետք է օգտագործվեր այս կամ այն նպատակներով, և եթե այդ կադրերը գոյություն ունեին դեռ մեկուկես տարի առաջ, ինչպես պնդում են, ապա այդ ժամանակ դրանք օգտագործելու ամենապատեհ ժամանակն էր՝ ընտրությունները նոր էին ավարտվել:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ այդ կադրերը երկու տարի պահվեցին և, հանկարծ, այսօր լույս աշխարհ բերվեցին, և այսքան աղմուկ-աղաղակ բարձրացավ: Ես շատ եմ ցավում, մանավանդ, Ալբերտ Ազարյանի համար, քանի որ ճանաչելով նրան՝ չեմ կարող հավատալ, որ այդ բազմավաստակ մարզիկը կարող էր ինչ-որ ձևով վիրավորել որևէ մեկին, առավել ևս՝ երկրի նախագահին:

Կրկնում եմ՝ չէի ցանկանա, որ այս ամենը ինչ-որ մեկի կողմից օգտագործվեր ինչ-որ նպատակով: Ինձ, համենայնդեպս, դա հարկավոր չէ:

Ուզում եմ ասել նաև շահարկվող այն մտքի մասին, թե կադրում ես ասում եմ մի բան, իսկ կադրից դուրս՝ մեկ այլ բան: Դա այդպես չէ: Ես իմ ընտրությունն արել եմ, ես իմ ընտրության տակ ստորագրել եմ՝ ստորագրում եմ և վաղն էլ ստորագրելու եմ: Ընդ որում, նորմալ կընթանա աշխատանքը՝ կանգնած կլինեմ իմ նախագահի կողքին, կփորձենք միասին երկիրը կառուցել:

Եթե նորմալ չընթանա աշխատանքը, կարծիքի փոփոխություն միշտ էլ կարող է տեղի ունենալ: Այսօր ես իմ ընտրության կողմնակիցն եմ, քանի որ այսօր մեր երկրում այլընտրանք չեմ տեսնում:

- Որևէ ենթադրություն ունե՞ք՝ ո՞ւմ դեմ, ինչի՞ համար տեսաերիզը հայտնվեց youtube-ում:

- Հավատացե՛ք, որքան էլ վերլուծում եմ ինքս իմ մեջ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ: Դա կարող է ուղղված լինել կա՛մ իմ, կա՛մ իմ ընկերության դեմ: Ինչո՞ւ ոչ. այսօր, ցավոք, «Շարմ» ընկերությունը շատ մարդու աչք է ծակում, որովհետև, չգիտես ինչու, Հայաստանում չեն սիրում աշխատող, նորմալ աշխատող մարդկանց:

Ինչ-որ մեկը կարող է դա օգտագործել քաղաքական նպատակներով, դա էլ չեմ կարող ասել՝ ինչու: Ինչո՞ւ նման կադրեր սարքել. չէ՞ որ իրական կյանքում օգտագործելու ավելի հարմար բաներ կան, չեմ կարող ենթադրություն անել:

- Հավանաբար Ձեր աշխատանքն այնպիսին է, որտեղ միշտ էլ հնարավոր են կադրից դուրս կադրեր գտնել և ցանկացած մարդու շանտաժի ենթարկել:

- Իհարկե, թեկուզ հենց բեմի վրա: Վերցրեք իմ յուրաքանչյուր ներկայացումը՝ «Մեա Կուլպան», «Ժանգոտ բանալին» կամ «Խաթաբալադան», որոնք քաղաքական ուղղվածություն ունեն, ավելի շուտ քաղաքական պամֆլետներ, սատիրաներ են: Դրանց մեջ այնքան արտահայտություններ կարելի է գտնել, մի քանի խոսք մեջտեղից հանել ու միացնել իրար և ստանալ այնպիսի մի բան, որը սրանից ոչ պակաս աղմուկ կարող է բարձրացնել, քանի որ ձայնը քոնն է, առոգանությունը քոնն է, դու կանգնած ես կադրի մեջ, և պետք է մասնագետ լինի, որպեսզի կարողանա այդ ամենը գտնել, հասկանալ, թե որ հատվածից ինչ է բերված և որտեղ է դրված: 

- Ալբերտ Ազարյանն ասուլիս հրավիրեց սպորտային թեմայով: Բնականաբար, լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչպես նա կմեկնաբանի տեսաերիզը, և նա հերքեց: Դուք ինչո՞ւ ասուլիս չհրավիրեցիք

- Ես այդ ճանապարհը չընտրեցի, որովհետև որևէ մեկի առաջ արդարանալու իմաստ չեմ տեսնում: Ես միայն ցանկանում էի ներողություն խնդրել, սակայն դա ոչ մեկին  չհետաքրքրեց: Հենց այդ պատճառով էլ, ծանոթ լինելով ձեր թերթին, երկար մտածելուց հետո ցանկացա, որ այս զրույցը լինի ձեզ հետ: Կարծում եմ՝ կարողացա բացատրել ասելիքս:

Հարցազրույցը՝  «Կապիտալ» բիզնես օրաթերթի

Այս խորագրի վերջին նյութերը