Մեկնաբանություն

17.08.2016 00:05


Բակոն ու Բաքուն

Բակոն ու Բաքուն

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հարցում որևէ բան չի խոսում փոխզիջումների մասին: Այնտեղ ուզում են ամբողջը և միանգամից:

Բաքուն «փոխզիջումների» մասին լռում է, իսկ ահա ԼՂՀ նախագահ աշխատող Բակո Սահակյանը լրացնում է Ահարոն Ադիբեկյանի ու մյուսների շարքը՝ հայտարարելով զիջումների պատրաստակամության և անհրաժեշտության մասին:

Այլ բան չէր էլ սպասվում: Բ. Սահակյանը Սերժ Սարգսյանի դրածոն է: Նա Շարմազանովից կամ Ադիբեկյանից շատ բանով չի տարբերվում. ինչ թելադրեն, այն էլ կասի: Բոլորն էլ հանձնվողական քարոզ են տանում:

Որքան էլ Բակո Սահակյանի ոչ ադեկվատ մամլո խոսնակը փորձի սրբագրել ու խմբագրել դրսի մամուլին տված հարցազրույցը, միևնույն է, բան չի փոխվում:

Սահակյանին, ինչպես Սարգսյանին, մտահոգում է սեփական աթոռի հարցը: Ղարաբաղի հարցը գլխացավանք է նրանց համար:

Հիմա ամեն ինչ թողնված է Բաքվի քմահաճույքին: Յոթ շրջանը սրանք պատրաստ են հանձնել, ավելի ճիշտ՝ վաղուց են հանձնել, բայց հարցը յոթ շրջանը չէ: Հարցն այն է, որ նախկին ԼՂԻՄ տարածքն էլ են Սերժն ու Բակոն համաձայնել տալ, քանզի կարգավիճակի հարցը մնացել է անորոշ ապագային, ու հիմա սրանք ուզում են կառչել Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակից, որպեսզի հանրությանը դա մատուցեն որպես հաղթանակ և փայլուն լուծում:

ՀՀ և ԼՂՀ նախագահ աշխատող մարդկանց ԼՂՀ անորոշ ապագան քիչ է մտահոգում: Նրանք մտահոգված են միայն իրենց աթոռային որոշակի ապագայով: Դրա համար էլ ՀՀ-ում ու ԼՂՀ-ում Սահմանադրություն են փոխել ու փոխում, որպեսզի աթոռի ապագայի հարցը լուծվի: Բաքվում դա մի քիչ շուտ է եղել. Ալիևը սահմանադրական ուժով ինքնանշանակվել է Ադրբեջանի ցմահ նախագահ: Բակոն Բաքվից հետ չի ուզում մնալ:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը