Կարծիք

19.07.2016 15:02


Վ.Օսկանյան. «Այս պայմաններում արդեն երրորդ օրն է՝ երկրի նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը լռում են»

Վ.Օսկանյան. «Այս պայմաններում արդեն երրորդ օրն է՝ երկրի նախագահը, ԱԺ նախագահը և վարչապետը լռում են»

Արդեն երրորդ օրն է՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել։ Առկա է զինված առճակատում, կա արյունահեղության մեծ վտանգ, կա ողբերգական զարգացումների մեծ պոտենցիալ։

Փողոցներում և հրապարակներում մեր քաղաքացիներն իրենց մտահոգություններն ու անհանգստությունն են արտահայտում։ Իրավապահները հաճախ դիմում են անհիմն բռնաճնշումների, ինչն իր հերթին նպաստում է լարվածության մեծացմանը։ Մթնոլորտը երկրում ժամ առ ժամ շիկանում է։ Հայաստանը վատ իմաստով հայտնվել է միջազգային հանրության և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Այս պայմաններում արդեն երրորդ օրն է՝ երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը լռում են։ Աշխարհում չկա մի երկիր, մի նախադեպ, որ երկրի ղեկավարությունը ծայրահեղ լարվածության պահին օտարանա ժողովրդից և ասելիք չունենա։ Դժվար պահերին պետք է կարողանալ պատասխանատվություն վերցնել և հրապարակավ արտահայտվել։

Կոչ եմ անում, որ, որքան էլ դժվար լինի ձևակերպել ասելիքը, երկրի ղեկավարությունը տեսակետ հայտնի։ Հանրապետության նախագա՛հ, ԱԺ նախագա՛հ, վարչապե՛տ, հանդե՛ս եկեք ուղերձով, խոսե՛ք ժողովրդի հետ, ելքեր առաջարկե՛ք։ Հակառակ պարագայում ձեր լռությունը անհասկանալի է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի

ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը