Կարծիք

13.07.2016 14:00


Պաշտոնը թերևս ամենաարդյունավետ միջոցն է բիզնեսը պաշտպանելու և ինչ-որ կերպ զարգացնելու

Պաշտոնը թերևս ամենաարդյունավետ միջոցն է բիզնեսը պաշտպանելու և ինչ-որ կերպ զարգացնելու

Հայաստանի խնդիրն այն չէ, որ պաշտոնյաները բիզնեսով են զբաղվում. խնդիրն այն է, որ պետական պաշտոնը թերևս ամենաարդյունավետ միջոցն է բիզնեսը պաշտպանելու և այն ինչ-որ կերպ զարգացնելու: Պետական պաշտոնյաներից շատերն այլ պայմաններում կարող էին հաջողակ գործարարներ լինել: Սակայն քանի դեռ պահպանվում է ադմինիստրատիվ ռենտան, և պաշտոնը միջոց է սեփական շահերն իրականացնելու և լրացուցիչ եկամուտ ստանալու համար, ազատ շուկայական հարաբերությունների հաստատումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Գործարարը փոխանակ մտածի՝ ինչպես նվազեցնի իր ծախսերը, արտադրանքի և ծառայությունների որակը բարձրացնելով՝ շուկայի իր չափաբաժինը մեծացնի, զբաղված է դեպի իշխանություն մուտքեր փնտրելով կամ դրանց հետ պայմանավորվելով:

Շատերը խոսում են այն մասին, թե ինչ վատ է, որ պաշտոնյաները բիզնեսով են զբաղվում, իսկ ես կասեմ՝ վատ է, որ գործարարները ստիպված են քաղաքականությամբ զբաղվել: Եվ է՛լ ավելի վատ է, որ Սերժ Սարգսյանը գործարար չէ: Իսկապես, ինքը վերացող այն վատ օպորտունիստ բյուրոկրատ տեսակից է, որ հետխորհրդային երկրներում խոչընդոտում է տնտեսության և քաղաքացիական ինստիտուտների զարգացումը, իրական ժողովրդավարացումը: Ինքը և իր երիտհանրապետականները (ուսխորհուրդների նախկին ղեկավարները, որոնք այսօր այդքան էլ երիտասարդ չեն, սակայն ներկայացնում են սարգսյանյուգենտի սերունդը), մարմնավորում են այն ծանր բեռը, որ ստացել էինք որպես ժառանգություն Խորհրդային Միությունից:

Այս խումբը հենց պաշտոնական դիրքն է դիտարկում որպես բիզնես և միակ եկամտի աղբյուր: Նրանք իրականում ունակ էլ չեն գործարարությամբ զբաղվելու, բարիք ստեղծելու. դա տեսակի խնդիր է: Իրենց փոքր հասակից սովորեցրել են, որ պետք է ոչնչի առաջ կանգ չառնելով հասնեն հնարավորինս բարձր պաշտոնի, որ լավ ապրեն: Սերժ Սարգսյանն էլ փայլուն իրականացրել է այդ մանկական պատգամը: Եվ հենց դրանով են նրանք վտանգավոր: Պաշտոնն իրենց համար կենսական նշանակություն ունի, նրանք առանց պաշտոնի գոյատևել չեն կարող. աթոռն իրենցն է, իրենք՝ աթոռինը:
Իշխանափոխությունը Հայաստանում ժամանակի հրամայական է, այն այլընտրանք չունի: Կարևոր է, որ մենք մեր մեջ ուժ գտնենք՝ մեր մտածողությունը ժամանակին համապատասխանեցնելու, կարևոր է կամք դրսևորել՝ քաղաքական և անձնական՝ խորհրդային այդ բեռից ազատվելու և առաջ շարժվելու համար:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը