Մեկնաբանություն

22.06.2016 14:55


16 միլիոն եվրո տոկոս «խփելու» համա՞ր

16 միլիոն եվրո տոկոս «խփելու» համա՞ր

Երբ իշխող ուժը, «անսալով» ԱԺ չորս խմբակցությունների եւ քաղհասարակության ձայնին, պատրաստակամություն է հայտնում կես ամիս առաջ ընդունած նոր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարել, ուրեմն, հայերեն ասած, էստեղ մի «մուխանաթ» բան կա:

Այդ նոր ԸՕ-ով անցկացվող ընտրությունների համար նախատեսվում է ծախսել, ուշադրությո՛ւն, 16 միլիոն եվրո:

Հայտնի է, որ քաղհասարակությունն այս համաձայնագիրը չի ստորագրել, քանզի համարում է, որ նոր ԸՕ-ն (վերոնշյալ «նոու-հաուներով» հանդերձ) շատ ավելի վատն է, քան գործող օրենսգիրքը:

Դիտորդների, լրատվամիջոցների թվի սահմանափակումը, ռեյտինգային քվեարկության ամրագրումը, ըստ քաղհասարակության, կեղծիքների, ընտրակաշառքի լայն հնարավորություններ է տալիս:

Սակայն դառնանք 16 միլիոն եվրոյին: Ստացվում է, որ երկրում մնացած մի բուռ ժողովրդի վրա շատ թանկ են նստում ընտրությունները: Մանավանդ որ ընտրությունները կազմակերպում են ոչ թե լուսնից իջած մարդիկ, այլ ընտրական գործընթացներում թրծված, տոկոս «խփելու» հարցում ոչ մի բարդույթ չունեցող իշխող ուժն ու նրա առաջնորդը: Եթե գործող իշխանությունն է կազմակերպողն ու անցկացնողը, ապա ուզում ես աշխարհի լավագույն, անթերի եւ «սողանցքները» բացառող օրենսգիրքը ընդունիր, միեւնույն է, այդ փաստաթուղթը նրանք կիրառելու են աճպարարի վարպետությամբ կամ խաղաքարտեր նայողի հմտությամբ:

Ուրեմն, 16 միլիոնը վատնելու իմաստը ո՞րն է: Մանավանդ երբ կասկած չկա, որ «մեռելները գերանդիներով» արտագաղթածների «ներկայությամբ» քվեարկության կամ ընտրակաշառքների բաժանման «բարձր տեխնոլոգիաներով» իշխանությունը գործը «լըմընցնելու» է եւ վերջ:

16 միլիոնի գոյությունը ազատ ու արդար ընտրության երաշխիք չէ, երբ այդ գործընթացի գլխին նստած է տոկոս «խփելու» մաստերը:

Ի դեպ, անցյալ տարի հենց այս օրերին Շարմազանովը հայտարարեց, թե գործող նախագահը կորոշի՝ ով պիտի լինի ՀՀ հաջորդ նախագահը: Իսկ ավելի վաղ դարձյալ նույն Շարմազանովը զգուշացրեց բոլորին, թե որ փողոցով պետք է անցնել, եթե ուզում են իշխանություն ունենալ («Ով իշխանություն է ուզում՝ պետք է անցնի Մելիք-Ադամյան փողոցով»): Ուրեմն, ի՜նչ նոր ԸՕ, ի՜նչ փոփոխություններ, ի՜նչ 16 միլիոն:

Մեր երկրում լեգիտիմ ընտրությունների անցկացման համար պետք է քաղաքական ու հանրային մթնոլորտը փոխել մինչև բուն քվեարկության օրը։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը