Մեկնաբանություն

19.06.2016 13:15


Իշխանությունն օգտագործում է փչացած «պլաստինկան». Օսկանյանի դեմ ասելիք չունեն

Իշխանությունն օգտագործում է փչացած «պլաստինկան». Օսկանյանի դեմ ասելիք չունեն

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հիմնադիր համագումարից հետո իշխանական քարոզչամեքենան կրկին պտտեցրեց իր փչացած «պլաստինկան»: Հերթական անգամ երևաց, որ Վարդան Օսկանյանի դեմ ասելիք չունեն:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահի դեմ փորձել հակաքարոզ տանել՝ հիշելով մարտի 1-ը, պարզապես քաղաքական անգրագիտություն է: Նաև՝ «նագլիություն», որը, ինչպես հայտնի է, երկրորդ երջանկությունն է (տվյալ դեպքում երջանկությունը ստեղծված է այլոց ողբերգության վրա):

Կրկնակի «նագլիություն» է, երբ մարտի 1-ի թեման բացում են Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները կամ «անկախ» գործիչները ու փորձում Օսկանյանի դեմ աշխատել (հնչեցվող «մեղադրանքն» այն է, թե ինչու է Օսկանյանն ասուլիս տվել, մինչդեռ ասուլիսի ժամանակ նա կոչ էր անում գնալ երկխոսության, որպեսզի կանխվեն բախումները. հետագայում այդ երկխոսությունը կայացավ, բայց ոչ թե այն տարբերկով, որով առաջարկում էր Օսկանյանը, այլ «Եղիազար Այնթապցին և հնազանդ միաբանները» տարբերակով):

Եթե լրատվական դաշտի գեղամյանները մարտի 1-ի թեման շահարկելով ուզում են ցեխ շպրտել Օսկանյանի վրա սեփական նախաձեռնությամբ, ապա դրանով ծանր դրության մեջ են դնում Սերժ Սարգսյանին, այսպես ասած՝ «պոդստավկա անում» նրան:

Բանն այն է, որ այդ կեղտոտ քայլից հետո մեզ այլ բան չի մնում անել, քան հիշեցնել, որ 2008-ի մարտի 1-ի թիվ մեկ ու միակ շահառուն Սերժ Սարգսյանն է: Չլիներ մարտի 1-ը, Սերժ Սարգսյանը չէր մտնի Բաղրամյան 26 և չէր ստանա այն, ինչին ձգտել էր երկար տարիներ՝ փող և իշխանություն: Ճիշտ է՝ դրանից առաջ էլ նա փող ուներ և իշխանության մեջ էր, բայց ոչ այնպիսի մասշտաբների, ինչպիսին հիմա է: Այնպես որ, մարտի 1-ի թեմայով սերժական քարոզչամեքենան ավելի լավ է՝ լռի և անհարմար դրության մեջ չդնի իր շեֆին:

Իսկ եթե Սերժ Սարգսյանի ցուցմամբ են Օսկանյանի մասով մարտի 1 հիշեցնում, ապա դա տեխնոլոգիական սխալ է՝ քաղաքական անգրագիտություն: Թե ինչու է սխալ, նախորդ պարբերության մեջ նշեցի:

Այնպես որ, փչացած «պլաստինկան» այն կիրառողների դեմ է աշխատում: Իսկ մենք պատրաստ ենք պարբերաբար հիշեցնել, որ մարտի 1-ը ձեռնտու էր միայն Սերժ Սարգսյանին, մարտի 1-ի դեպքերի ժամանակ նա ՀՀ վարչապետն էր, այսինքն՝ գլխավորում էր Կառավարությունը, և նախագահի հրամանագրով Կառավարության վրա էր դրված արտակարգ դրության հետ կապված գործողությունների իրականացումը: Սերժ Սարգսյանն էլ իրականացրել է գործողությունները, որպեսզի հասնի իր ուզածին:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Շատ ծիծաղելի է, երբ Բ26-ի ազդեցության տակ հայտնված լրատվամիջոցները խոսքի ազատության հետ կապված հարցեր են տալիս Վարդան Օսկանյանին ու փորձում քննադատական խոսք հնչեցնել:

Ախր, ա՛յ ով իմ «անկախ» լրատվամիջոցներ, ձեզ թրաֆիքինգի են ենթարկել, ձեռքներիցդ վերցրել ձեր ընդդիմադիր «վախտվա» անձնագրերը և շահագործում են առավոտից երեկո: Գոնե խոսքի ազատության թեմայով մի՛ խոսեք: Ձեզ «երկխոսացրել» են մինչև «վարդապետի խազը», ընդ որում՝ անխնա ձևով: Ու այդքանից հետո հայտարարել, թե Օսկանյանի պաշտոնավարման տարիներին լավ չի եղել լրատվամիջոցների համար, շանտղություն է: Ի՞նչ է՝ ուզում էիք ձեզ 1998-ի՞ց թրաֆիքինգի ենթարկեին, որ լավ զգայիք: Նման մազոխիստական հակումնե՞ր ունեք:

Եթե նախկինում ձեզ բանի տեղ էին դնում և կռիվ տալիս հետներդ, ապա հիմա ձեզ պարզապես գնել են ու հանել «տռաս»: Սա՞ էր ձեր ուզածը: Սա՞ է ձեր պատկերացրած խոսքի ազատությունը: Դե ուրեմն, վայելե՛ք:

Այս խորագրի վերջին նյութերը